Խելքից պատուհաս (ազգակործան)

Պետության վախճանի, իշխանությունների տոտալ անկարողության, պետականության գահավիժման մասին քաղաքական հռետորաբանության մեջ հատկապես վերջին շրջանում ավելի հաճախակի դարձած հայտարարությունները շատերի կողմից ընկալվում են՝ որպես քաղաքական պայքարի հնարքներ, իշխանությանն ուղղված խտացված գնահատականներ։ Իշխանությունն՝ ինքը, այդպիսի մեղադրանքներին պատասխանում է կամ իրական դեմքերի անհեթեթ փաստարկումներով, կամ ֆեյքային հայհոյանքներով։ Բայց բացի այդ պատասխանները, իշխանությունն ի պաշտոնե հրապարակում է նաև ցուցանիշներ, որոնք ավելի խոսուն են ապացուցում այդ գնահատականները, քան անգամ ամենաճարտասան հռետորները։

Օրինակ, «Լույս» հիմնադրամը հրապարակել է 2023թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերլուծություն, որը պարզորոշ կերպով ցույց է տալիս գործող իշխանության կոմպետենտությունը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը՝ թվերով։

Ըստ այդ վերլուծության՝ 2023թ. առաջին եռամսյակում ծրագրվածի համեմատ արձանագրվել է բյուջեի ծախսերի էական թերակատարում՝ 23.5%-ով կամ 130.1 մլրդ դրամով։ Ընդ որում, թերակատարվել են՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ կապիտալ ծախսերը՝ համապատասխանաբար 13.4 և 69.2 տոկոսով։

Առաջին եռամսյակի ճշտված ծրագրի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի թերակատարման ընդհանուր գումարի 46.8%-ը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, 53.2%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին։

Կարդացեք նաև

Այս ցուցանիշները, որոնք «Լույսի» վերլուծության մեջ ներկայացված են ավելի հանգամանորեն, գլոբալ առումով ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալում է պետական քաղաքականությունը՝ ոչ միայն արտաքին քաղաքական, անվտանգային հարցերում, այլ նաև՝ տնտեսության կառավարման, հանրային միջոցների ծախսման արդյունավետության հարցում։ Կապիտալ ծախսերի մոտ 70 տոկոսանոց թերակատարումը, ի թիվս այլ երևույթների, վկայում է նաև այն մասին, որ կառավարությունը չունի երկրի, տնտեսության զարգացման հեռանկարային, երկարաժամկետ, ռազմավարական տեսլական, որի իրականացմանը պետք է ուղղվեն կապիտալ ծախսերը։ Այսինքն՝ Հայաստանն ապրում է «փող կա, ծրագիր չկա» ռեժիմում, որն առաջին հերթին՝ մտավոր, ինտելեկտուալ անկարողության արտահայտություն է հենց ենթակառուցվածքային, համակարգաստեղծ նախագծերի կարիք ունեցող երկրում։

Բայց բյուջետային ծախսերի թերակատարման հարցում կա մի նրբերանգ, որը բացահայտում է կառավարության ոչ միայն մտավոր սնանկությունը, այլ հնարավոր է՝ միտումնավոր վնասակարությունը։ Բանն այն է, որ կապիտալ ծախսերի՝ ծրագրից նման մեծ շեղումը և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման ծախսերի թերակատարմամբ։ Դրանք 2023թ. առաջին եռամսյակում կազմել են 19.5 մլրդ դրամ և 67.9%-ով զիջել են ծրագրային ցուցանիշին։ Ավելին, դրանք 28.9%-ով փոքր են նույնիսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Բայց խնդիրը միայն ՊՆ-ի շենքային պայմանների բարելավման ծախսերի թերակատարումը չէ, որը կառավարությունը կարող է արդարացնել տարբեր «տեխնիկական» հիմնավորումներով։

Բանն այն է, որ 2023թ. առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է նաև 2023թ. պետական բյուջեով նշված ժամանակահատվածի համար նախատեսված ծրագրերի իրականացումը։ Նախատեսված 164 ծրագրերից առաջին եռամսյակում փաստացի միջոցներ են օգտագործվել թվով 154 ծրագրերի գծով, իսկ ծախսերի կատարողականի ընդհանուր շեղումը կազմել է շուրջ 130 մլրդ դրամ։ Եվ ամենազարմանալին ու զարհուրելին՝  ծրագրային դասակարգմամբ բյուջետային ծախսերի կատարողականից շեղման  հարցում առաջին տեղում պաշտպանական համակարգն է՝ պլանից ամենից ավելի էական շեղում՝ 46.8%-ով կամ 52.6 մլրդ դրամով, արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով (2023թ. առաջին եռամսյակի ճշտված պլանով նախատեսված 112.3 մլրդ դրամի ծախսերի փոխարեն)։ Բացի այն, որ արձանագրվել է ՊՆ պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի իրականացման խիստ ցածր կատարողական, փաստացի ծախսերը նույնիսկ 12.8%-ով պակաս են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ընդ որում, խոսքը մի կառավարության մասին է, որը 2023 թվականի պետական բյուջեն ներկայացնելիս շեշտում էր պաշտպանական ծախսերի՝ բյուջեով նախատեսվող աննախադեպ աճը։

Հատկապես պաշտպանական ոլորտում ծախսերի թերակատարումը կարող է ունենալ ամենատարբեր պատճառներ, այդ թվում՝ պայմանավորված լինել Նիկոլ Փաշինյանի կողմից որդեգրված «խաղաղության դարաշրջանով» և դրա շրջանակներում ստանձնած՝ ՀՀ զինված ուժերին ուղղվող ծախսերը չավելացնելու պարտավորություններով։

Իսկ լայն իմաստով, ոչ միայն պաշտպանության բնագավառում, այլ ընդհանուր ծախսերի ու հատկապես կապիտալ ծախսերի թերակատարման ցուցանիշները Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության անկարողության, ոչ կոմպետենտության հերթական խոսուն վկայությունն են։ Հինգ տարվա ընթացքում նրա կառավարությունն այդպես էլ չկարողացավ ասֆալտից բացի՝ որևէ լուրջ, համակարգային ու համակարգաստեղծ ծրագիր իրականացնել։ Այն պատճառով, որ դրա համար, փողից բացի, անհրաժեշտ է նաև խելք, որը որևէ վարկատու կազմակերպություն կամ որևէ ազգի վերաբնակների՝ չնախատեսված հոսք ապահովել չի կարող։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս