Բաժիններ՝

ԱՄՆ սենատը հաստատել է պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու մասին օրինագիծը

ԱՄՆ սենատը 63 կողմ և 36 դեմ ձայնով հաստատել է պետական պարտքի վերին շեմը մինչև 2025 թ.-ի հունվարի 1-ը բարձրացնելու մասին օրինագիծը՝ հունիսի 5-ի վերջնաժամկետից առաջ կանխելով ԱՄՆ-ի պատմության ընթացքում առաջին հնարավոր դեֆոլտը: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Ավելի վաղ օրինագիծը հաստատել էր Ներկայացուցիչների պալատը: Այժմ օրինագիծը կուղարկվի երկրի նախագահ Ջո Բայդենի ստորագրությանը, որից հետո այն օրենքի ուժ կստանա: Բայդենը Սենատի կողմից օրինագծի հաստատումից րոպեներ անց գոհունակություն է հայտնել Կոնգրեսի որոշման առնչությամբ և հայտարարել, որ հնարավորինս շուտ կստորագրի այն:

Մինչև 2025 թ.-ը պարտքի վերին շեմի բարձրացումը թույլ է տալիս խուսափել դեֆոլտից մինչև հաջորդ նախագահական ընտրությունների ավարտը: Բացի պարտքի առավելագույն սահմանը բարձրացնելուց, օրինագծով նաև սահմանափակվում են ոչ պաշտպանական ծախսերը, ընդլայնվում են աշխատանքի պահանջները պարենի տեսքով նպաստ ստացողներին, հետ են կանչվում կորոնավիրուսի դեմ պայքարին տրամադրվող ֆինանսական որոշ միջոցներ և այլն:

Սպիտակ տան և Ներկայացուցիչների պալատը վերահսկող հանրապետականների միջև օրինագծի շուրջ համաձայնագիր էր ձեռք բերվել անցյալ հանգստյան օրերին՝ մի քանի օր տևած բուռն բանակցություններից հետո:

Դաշնային կառավարության պետական պարտքի առավելագույն սահմանը 31.47 տրիլիոն դոլար է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս