«Կդիմանանք, դեռ կդիմանանք». Ճարտարի քաղաքապետ

172-րդ օրն է՝ Արցախն Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման մեջ է։ Որքան էլ Ադրբեջանի նախագահը միջազգային տարբեր հարթակներում աղաղակի, որ Արցախը շրջափակված չէ, այդուհանդերձ, փաստերը հակառակն են վկայում՝ 120 հազար խաղաղ բնակչի ազատ տեղաշարժի իրավունքն ավելի քան 6 ամիս խախտված է։

Դրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը, ինչին հաջորդում է Ադրբեջանի նախագահի հերթական ռազմատենչ ու սպառնալիքներով լի հայտարարությունը՝ արցախահայությանն էթնիկ զտման ենթարկելու վերաբերյալ։

Չնայած այս ամենին՝ արցախահայությունը շարունակում է պնդել իր բազմիցս հնչեցրած դիրքորոշումը՝ ոչ մի պարագայում չի լինելու Ադրբեջանի կազմում և պայքարելու է ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի  Ճարտարի քաղաքապետ Վլադիկ Հովհաննիսյանը նշեց, որ չնայած սթրեսային իրավիճակ է, միևնույն է, դա էլ կհաղթահարեն։

Կարդացեք նաև

«Ընդհանուր շրջափակման պայմաններում մեր կառավարության հետ կարողանում ենք առաջ եկող խնդիրները լուծել։ Այնպես չէ, որ մեր հնարավորությունները շատ մեծ են հիմա, պայմաններ, ճանապարհներ գտնում ենք, պետությունն օգնում է իր քաղաքացիներին։

Սթրեսային է վիճակը, տեսնում ենք՝ ինչ-որ մեկն ինչ-որ հայտարարություններ է անում, բայց դե պետք է շարունակենք ապրել, կյանքն ինչպես գնում էր, պետք է այդպես շարունակվի, սա մեզ համար արտառոց իրավիճակ չէ։

Կդիմանանք, դեռ կդիմանանք, բայց չեմ կարող ասել՝ մինչև երբ»,- շեշտեց Ճարտարի քաղաքապետը։

Վլադիկ Հովհաննիսյանի փոխանցմամբ, այնպես չէ, որ Հայաստանից հնչող հայտարարությունները չեն ընկճում արցախցիներին, սակայն մտածում են, որ յուրաքանչյուրն անում է իր հնարավորությունների սահմանում։

«Ինչ վերաբերում է ադրբեջանական անցակետին, ապա որևէ ճարտարցի այնտեղով չի անցել»,- եզրափակեց  Վլադիկ Հովհաննիսյանը։

Նշենք, որ ապրիլի 23-ից ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, փակել ու հսկիչ անցակետեր է տեղադրել։ Արդյունքում՝ Արցախի Հանրապետության Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերն առ այսօր գտնվում են տոտալ շրջափակման մեջ և կապ չունեն ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ Արցախի հետ։

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել էր Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Սակայն Հակարիի կամրջի մոտ անցակետը տեղադրելուց հետո, այսպես կոչված, բնապահպանները ժամանակավորապես դադարեցրին ակցիան: 

Տեսանյութեր

Լրահոս