«Գյուղում շարժ չկա, այս երկու օրերի ընթացքում որևէ մարդ չի կարողացել գյուղ  մտնել». Հին Շենի գյուղապետ

Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, փակել է և իրականացնում է հսկիչ անցակետեր տեղադրելու աշխատանքներ։ Արդյունքում՝ Արցախի Հանրապետության Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը գտնվում են տոտալ շրջափակման մեջ, նրանք կապ չունեն ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի հետ։

168.am-ի հետ զրույցում Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանն ասաց, որ իրավիճակը նույնն է, ինչ մյուս գյուղերում, որևէ փոփոխություն չկա։

«Գյուղում այս պահին որևէ շարժ չկա, այս երկու օրերի ընթացքում որևէ մարդ գյուղ չի կարողացել մտնել։ Պահը բաց ենք թողել, ո՛չ մեր ձեռքին բան կա, ո՛չ ձեր։ Այն ժամանակ որ խոսում էինք, մեղադրում էին, ասում էին՝ ընդդիմադիր են, խոսում են։ Ինչ ասում, ճիշտ էինք ասում,  բայց մեր ասածները հաշվի չէին առնում։ Կարծում եմ՝ արդեն ուշ է, իրավիճակը փոխելու համար զոհեր են պետք, բայց մենք այդքան տղաներ զոհեցինք, նրանք զոհվեցին, որ լավ լինի, բայց ոչ մի բանն էլ լավ չէ։ Այդքանից հետո էլ ինչքա՞ն զոհ կարող ենք տալ։

Շատ բան չունեմ ասելու, այս պահին դեռ նորմալ է, սպասենք»,- եզրափակեց Սամվել Սարգսյանը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօր արդեն 135-րդ օրն է՝ ինչ Արցախը գտնվում է տոտալ շրջափակման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս