Հայտնի է Քիշնևում կայանալիք Փաշինյան-Մակրոն-Միշել-Շոլց-Ալիև բանակցությունների ժամը
Առավոտյան Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովը։ Այսպես կոչված` Եվրոպական քաղաքական համայնքը (ԵՔՀ), որը նոր կոլեկտիվ է և ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Ուկրաինայում պատերազմից հետո, կոչված է իբրև թե միավորելու եվրոպական առաջնորդներին ԵՄ-ից դուրս:
«Բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու գործընթացը կտևի մի քանի տարի, իսկ իրականում, միգուցե, մի քանի տասնամյակ»,- ասել էր Մակրոնը դեռևս 2022 թվականի մայիսի 9-ին։
«Եվրամիությունը, հաշվի առնելով ինտեգրման մակարդակը և ձգտումները, կարճաժամկետ հեռանկարում չի կարող եվրոպական մայրցամաքի կառուցվածքայնացնելու միակ միջոցը լինել: Մենք պետք է ճանապարհ գտնենք մտածելու մեր Եվրոպայի, մեր միասնության, կայունության մասին՝ չթուլացնելով ԵՄ ներսում կառուցված մտերմությունը»,- ասել էր Մակրոնը։
Այս անգամ եվրոպական այս միջոցառմանը մասնակցելու հրավեր են ստացել 47 երկրների ղեկավարներ ու կառավարություններ, որոնցից 27-ը, բնականաբար, ԵՄ երկրներն են, իսկ մյուսները ԵՄ հետ առավել սերտ հարաբերություններ ունեցող երկրները, այդ թվում` Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Ալբանիան, Շվեյցարիան, Կոսովոն և այլն։
Եվրոպական աղբյուրների համաձայն, այս տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է մասնակցել այս համայնքի միջոցառմանը նախորդ գագաթնաժողովի ավարտին նվիրված ընթրիքի ժամանակ իր հույն գործընկեր Կիրիակոս Միցոտակիսի հետ կոնֆլիկտի պատճառով։ Հիշեցնենք նաև, որ նախորդ գագաթնաժողովի շրջանակում առաջին անգամ պաշտոնական շփում էր տեղի ունեցել Փաշինյանի ու Էրդողանի միջև` ինչպես գագաթնաժողովի կուլիսներում, այնպես էլ նախապես ծրագրված հանդիպման տեսքով։
Ինչպես նախորդ՝ ԵՔՀ առաջին գագաթնաժողովի շրջանակում՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում, այս անգամ ևս արևմտյան առաջնորդները օգտագործելու են այս հարթակը Փաշինյան-Ալիև բանակցային հերթական ռաունդը կազմակերպելու համար․ այս անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։
Գագաթնաժողովի հիմնական օրակարգին՝ ժամանումներին, բացման արարողությանը, թեմատիկ կլոր սեղաններին հաջորդելու են հնգակողմ բանակցությունները, որոնք նախատեսված են այսօր` Երևանի ժամանակով 16:30-ին։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովը Պրահայում և այդ շրջանակում կայացած Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև հանդիպումը վճռորոշ դարձավ Հայաստան-Ադրբեջան բանակցային հետագա գործընթացի տեսանկյունից։ Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած բանակցությունների ընթացքում «կողմերը հաստատել էին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:
Ըստ էության այս պայմանավորվածություններից հետո տապալվեցին ռուսական առաջարկները և այս պայմանավորվածությունների հիման վրա մայիսի 14-ին Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև բանակցությունների ընթացքում Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում` Արցախը։