«Հույզերը պարտակելով, բայց սառը հաշվարկներով…». Սերժ Սարգսյանի դիվանագիտական լռությունը և Փաշինյանի «տաք» արձագանքն Ալիևին
Մայիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ ՌԴ նախագահի հրավերով հյուրի կարգավիճակով մասնակցում էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։
Ալիևի և Պուտինի արձագանքների տողատակերը
Ադրբեջանի նախագահը ելույթի ժամանակ, մի քանի այլ հարցերի հետ, շոշափեց նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման:
«Ադրբեջանը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի կարևոր մասնակից է: Մենք նախաձեռնեցինք նաև «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, որը ոչ միայն կկապի երկրի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև կդառնա միջազգային երկաթուղային երթուղիների մաս»,- նշել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահի խոսքից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ռեպլիկի իրավունք խնդրեց՝ արձագանքելու Ալիևին.
«Ադրբեջանի նախագահն իր ելույթում օգտագործեց մի արտահայտություն, որը վերջին տարիներին ծառայում է որպես խորագիր՝ Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Ցանկանում եմ նշել, որ դա արվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի շրջանակում։ Ընդգծեմ, որ այդ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, դա Լաչինի միջանցքն է, որը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց, ցավոք, Ադրբեջանի կողմից անօրինական շրջափակման մեջ է»:
Այս արձագանքից հետո սկսվեց և ավելի քան 10 րոպե շարունակվեց Փաշինյան-Ալիև բանավեճը:
Նիկոլ Փաշինյանի արձագանքն անպատասխան չթողեց Ալիևը՝ պնդելով, թե Ադրբեջանը, իբր, տարածքային պահանջներ ունի Հայաստանից:
«Պետք է շատ մեծ ջանք գործադրել և շատ վառ երևակայություն ունենալ, որ իմ խոսքերում տարածքային պահանջներ տեսնել։ Ինչ վերաբերում է «միջանցք» բառին, որը ես օգտագործում էի, ապա ես այն օգտագործեցի նաև «Հյուսիս-Հարավի» մասին խոսելիս: «Միջանցք» բառը կիրառելի է նաև «Արևելք-Արևմուտք» նախագծի դեպքում: «Միջանցք» բառի կիրառումը որևէ ձևով ինչ-որ մեկի տարածքի հանդեպ ոտնձգություն չէ: Դա միջազգային տերմին է, կարծում եմ, մարդիկ, որոնք ծանոթ են միջազգային տերմինաբանությանը, չէին տա այդ բառին այն նշանակությունը, որ տալիս է Հայաստանի վարչապետը»,- հակադարձեց Ադրբեջանի նախագահը:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանավեճի ավարտին ի վերջո միջամտեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ներկայացնելով բանավեճի առարկայի շուրջ իր տեսակետը:
«Ինձ թվում է, որ տերմինոլոգիան, որի մասին մենք երեքով շատ լավ գիտենք, այլ կերպ կոչվում է իրավական տեխնիկա՝ միջանցք, ճանապարհ և այլն: Դա կարևոր է, և այստեղ կան ընդգծված հակասութուններ, բայց ավելի կարևոր է այն, ինչի մասին դուք հիմա ասացիք։ Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը՝ որ տարածքային ամբողջականության սկզբունքային հարցով ունեն համաձայնություն։ Եվ իսկապես սա հիմք է երկրորդական բնույթի հարցերում պայմանավորվելու համար։ Չնայած որ դրանք էլ ունեն էական նշանակություն»,- շեշտեց Պուտինը:
Միտումնավոր, թե պատահաբար՝ Ալիևը Փաշինյանի ռեպլիկին արձագանքելիս նշեց, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցում ունեն նաև ՌԴ-ի աջակցությունը:
«Մեր իրավունքն է՝ նախաձեռնել ցանկացած բան, ինչը մենք համարում ենք ճիշտ, լեգիտիմ, ողջամիտ, և ինչը, ի դեպ, աջակցություն է գտել, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված այլ կողմերի կողմից»,- հայտարարեց Ալիևը։
Ալիևի այս հայտարարությանը ակնհայտ զարմանքով արձագանքեց Փաշինյանը. «Շատ հետաքրքիր էր իմանալ, որ Ռուսաստանն աջակցում է այն նախագիծը, որի մասին դուք խոսում էիք: Անկեղծ ասած, առաջին անգամ եմ այդ մասին լսում։ Ես գիտեմ, որ Ռուսաստանն աջակցում է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացմանը․․․»:
Այն, որ Փաշինյանն ասում է, թե առաջին անգամ է լսում, որ ՌԴ-ն աջակցում է կամ առնվազն չի խանգարում «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչմանը, բնավ, չի նշանակում, որ նման ակնարկ Պուտինն առաջին անգամ է անում: Փաշինյանը 2021 թվականի նոյեմբերի 23-ին կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ ասել էր.
«Ինչ է նշանակում, օրինակ, «Զանգեզուրի միջանք», ինչ է նշանակում՝ Արևելյան Զանգեզուր, այդ ովքեր են այդ տերմինները հորինում, և ինչ է դա նշանակում, ինչ է նշանակում՝ «միջանցքային» տրամաբանություն։ Մենք հայտարարել ենք և հիմա էլ հայտարարում ենք, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու, ինչը չի նշանակում, որ մենք որևէ կերպ հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից։ Կներեք, ես չեմ կարող թաքցնել և ուղիղ պետք է ասեմ, որ ընդհակառակը, գուցե Հայաստանն է ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն։ Կարծում եմ՝ «միջանցքային» տրամաբանությունը հենց Ադրբեջանն է զարգացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ադրբեջանին չհաջողվի կոմունիկացիաների բացման թեման հանել օրակարգից»:
Այս հայտարարությունից մոտ 10 օր առաջ էլ՝ 2021 թվականի նոյեմբերի 11-ին, կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Գորիս-Կապանում մաքսային հսկողություն չիրականացնելու գինը միջանցքային տրամաբանությունն էր լինելու:
«Կարող է հարց առաջանալ՝ հնարավո՞ր չէր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ սահմանային հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»,- ասել էր Փաշինյանը։
Այսինքն՝ միջանցքին վերաբերող քննարկում, այդուամենյանիվ, եղել է, և Փաշինյանն էլ ըստ իր հայտարարության՝ դեմ է եղել:
Բայց 2021 թվականի նոյեմբերի 26-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ղեկավարների մակարդակով եռակողմ բանակցությունների արդյունքներն ամփոփելով՝ մասնավորապես, հայտարարել էր.
«Մենք բավականին մանրակրկիտ խոսել ենք տնտեսական հարցերի վերաբերյալ, տնտեսական կապերի զարգացման մասին և, առաջին հերթին, որպես առաջին քայլ՝ խոսել ենք տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին: Դա վերաբերում է և´ երկաթուղուն, և´ ավտոմեքենաների հաղորդակցությանը: Կարծում եմ, որ այստեղ պետք է շնորհակալություն հայտնենք մեր փոխվարչապետներին, որոնք աշխատում են դրա շուրջ արդեն բավականին երկար ժամանակ: Մյուս շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում, որպեսզի մի քանի ամփոփումներ անեն և հայտարարեն ընդունված որոշումների մասին, որոնք այսօր համաձայնեցրել ենք»:
Դրանից հետո 168.am-ը գրել էր, որ Պուտինն, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, լեզվական սայթաքումներ թույլ չի տալիս, բայց ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է:
Ի դեպ, 2021 թվականի նոյեմբերի 27-ին Փաշինյանի ընտանեկան թերթը նույնիսկ «Ալիևի հրաժարումը իր իսկ կողմից հորինած «Զանգեզուրի միջանցք»-ից» վերտառությամբ հոդված էր հրապարակել.
«Հանդիպման արդյունքներով վերջնականապես հօդս ցնդեց ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ավելի քան մեկ տարի շրջանառվող «Զանգեզուրի միջանցք» կոչվող երազանքը։ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման անհնարինությունը, ըստ էության, ընդունեց նաև Իլհամ Ալիևը՝ իր խոսքում չկիրառելով «Զանգեզուր» կամ էլ «միջանցք» եզրույթները։ Ստորագրված փաստաթղթում ևս բացակայում էր միջանցքային տրամաբանությամբ լուծումների կիրառումը»,- գրել էր «Հայկական ժամանակը»:
Իսկ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն անդրադառնալով Պուտինի՝ «տրանսպորտային միջանցքներ» ձևակերպմանը, մեկնաբանել էր.
«Այն, որ հաղորդակցությունների ապաշրջափակման մասին խոսվում է տրանսպորտային միջանցքների համատեքստում, դրական փաստ է, որովհետև հայկական կողմը ցանկանում է «Զանգեզուրի նախագիծը» դիտարկել միայն որպես ճանապարհ կամ միայն ճանապարհային, իսկ, այսպես ասած, Լաչինի ճանապարհը շարունակի մնալ միջանցքի կարգավիճակում, ինչն առավել լայն հասկացություն է: Այսպիսով, կարելի է փաստել, որ «Զանգեզուրի միջանցքը» կունենա Մոսկվայի աջակցությունը»:
Սակայն անգամ այս ամենից հետո Փաշինյանը և իր թիմը շարունակում էին չտեսնելու տալ ակնհայտը և կամա թե ակամա մոլորեցնել հանրությանը, և երեկ հանկարծ Փաշինյանի «աչքերը բացվեցի՞ն» և նա սկսեց տեսնել իր համար անտեսանելին:
Ինչ վերաբերում է Ալիևի հիմնավորմանը, թե «միջանցք» բառը կիրառում է նաև «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» պրոյեկտների դեպքում, և Պուտինի՝ «իրավական տեխնիկայի խնդիր է» ձևակերպմանը, ապա դրանով, ըստ էության, նրանք Փաշինյանին հասկացրեցին, որ եթե 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ապաշրջափակման մասին կետում հենց «միջանցք» բառը չի կիրառվել, դա դեռ ոչինչ չի նշանակում, որ այդ բառի տրամաբանությունը չկա:
Օրերս մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունից իր ջանքերով ՀՀ տարածքով միջանցքի մասին դրույթը հանվել է: Բայց համաձայնել է ապաշրջափակման մասին կետը խմբագրելուն, ինչի մասին 168.am-ը գրել էր դեռ 2021 թվականի օգոստոսին:
Այն է՝ եռակողմ հայտարարության նախնական տարբերակի 9-րդ կետում եղած «Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը…» վերջնական տարբերակում դարձել է «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը…»:
Առաջին հայացքից գուցե որոշ դեպքերում երաշխավորելն ու ապահովելը կարելի է հոմանիշներ համարել, բայց տողատակում դրանք նաև այլ գործողություններ են ենթադրում, այսինքն՝ կիրառվել է իրավական տեխնիկա կամ դիվանագիտական հնարք, արդյունքում՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունում ունենք հայտնի ձևակերպումը: Հայտնի չէ՝ ժամանակի սղությո՞ւնն է եղել պատճառը, թե՞ անփորձությունը, բայց հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը ստորագրելուց առաջ Փաշինյանը, բոլոր դեպքերում, պետք է խորհրդակցեր իրավաբանների, միջազգային իրավունքի մասնագետների հետ: Արդյունքում՝ մենք կունենայինք ավելի հստակ հայտարարություն, Ալիևն էլ մանևրելու այսքան հնարավորություն չէր ունենա:
Իսկ Մոսկվայի բանավեճային պայքարում Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն մենակ էր մնացել:
Իհարկե, իշխանության շրջանակները, եթե ոչ՝ այսօր, վաղը կմեղադրեն բացառապես ՌԴ-ի ղեկավարին: Մինչդեռ, երբ 2014-ի մայիսին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարդացել էր Ալիևի նամակը, այսօրվա իշխանությունը, իսկ տվյալ ժամանակվա ընդդիմությունը բոլոր սլաքներն ուղղեցին միայն նախագահ Սերժ Սարգսյանին, թե ինչու լռեց :
Հիշեցնենք, որ Աստանայի գագաթնաժողովում Նազարբաևը հայտարարել էր, թե նամակ են ստացել Ադրբեջանի նախագահից, որի համաձայն` Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակցի իր միջազգայնորեն ընդունված սահմաններով: Այսինքն՝ առանց Արցախի:
Մի պաշտպանեք Արցախը ինձնից, դա անհեթեթ է:
2014 թվականի հունիսի 17-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի շրջանակում Սերժ Սարգսյանն անդրադարձել էր Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ մտահոգություններին և Աստանայում Ղազախստանի նախագահի ընթերցած նամակին:
«Ինձ համար այս հարցը սպառված է: Ես զարմանում եմ, որ մենք դեռ շարունակում ենք քննարկել այն: Բովանդակային առումով, իրոք, ամեն ինչ վերջացած է և շատ պարզ է: Այո, Հայաստանի Հանրապետությունն անդամակցելու է Մաքսային միությանը, այո, Հայաստանի Հանրապետությունն անդամակցելու է Մաքսային միությանն իր իսկ կողմից ճանաչած սահմաններով, այնպես, ինչպես այն այս 20, 22, 23 տարվա ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին: Որևէ մեկը կա՞, որ ասի` այս մոտեցումը սխալ է: Վստահ եմ` ոչ: Ճշմարտություն է նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունն առանձնահատուկ հարաբերություններ ունի հայկական երկրորդ հանրապետության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Եվ կասկածի տակ առնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է, սխալ է: Այո, որոշակի նկատառումից ելնելով, չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այո´, ուրիշները ևս չեն ճանաչել` ելնելով այլ նկատառումներից: Սա իրականությունն է, հարցի էությունը, հարցերի այսօրվա վիճակը: Կարծում եմ` ամեն ինչ բոլորի համար հասկանալի է»,- նշել էր Սերժ Սարգսյանը և հավելել.
«Դիվանագետի, քաղաքական գործչի նպատակը խնդիրը լուծելն է, և մենք մեր խնդիրը լուծելու համար ցուցաբերելու ենք հաստատակամություն` հույզերը պարտակելով մեր մեջ, բայց սառը հաշվարկներով ու տրամաբանությամբ գնալով դեպի խնդրի լուծում: Ես իրոք զարմանում եմ, որ շատերը զարմացած են, թե ինչու Աստանայում այդպիսի կարծիք հնչեց: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Ադրբեջանը ոչ միայն լարվածություն է ստեղծում սահմանին, խախտում է հրադադարը տասնյակ հարյուրավոր անգամներ օրական և, իհարկե, դիվանագիտական ճակատում է պատերազմ մղում: Անհասկանալի կլիներ, եթե Ադրբեջանի նախագահը նամակ չուղղեր և՛ Ղազախստանի նախագահին, և՛ Ռուսաստանի նախագահին, և՛ Բելառուսի նախագահին: Երբ ասում են` անակնկալ էր, ես չեմ կիսում այդ հանգամանքը, ո՞նց կարող էր անակնկալ լիներ: Մեր պատվիրակության մեջ տասից ավելի մարդ կար, և նախորդ երեկոյան մենք խորհրդակցություն էինք անցկացրել և գիտեինք, որ Ադրբեջանի նախագահը նամակ է հղել երեք նախագահներին: Բացի այդ` մենք ունեինք անցյալի փորձը: Մինսկում Ղազախստանի նախագահն այդ հարցերը բարձրացրեց:
Հարցը նպատակահարմարության մասին է` որտեղ ինչ կարելի է ասել: Այնտեղ տարօրինակ ոչինչ չի հնչել: Երբ ես ասում էի` տհաճ էր, տհաճությունը ոչ թե բովանդակային առումով էր, այլ տհաճ էր, որ Մաքսային միության անդամ երկրներից մեկի նախագահը հղում էր կատարում Ադրբեջանի նախագահի նամակին: Կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետությունն ունի իր հստակ սահմանները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի իր հստակ սահմանները, այստեղ կասկածելու ոչինչ չկա: Եվ բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք փորձում են մինչև վերջ չհասկանալ Լեռնային Ղարաբաղի անկախ լինելու հանգամանքը, և փորձում են այս թեման դարձնել քննարկման առարկա, ոչնչով չեն օժանդակում, հակառակը՝ խոչընդոտում են խնդրի լուծմանը և հավելյալ վտանգներ են առաջացնում ՀՀ-ի համար: Դիմելով իմ քննադատներին, մի բան պիտի ասեմ՝ խնդրում եմ, մի պաշտպանեք Արցախն ինձնից, սա ոչ միայն վիրավորական է, այլև` անհեթեթ»:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դեմ էր Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալուն, իսկ այդ ժամանակվա իշխանությունը դրան գնաց ՀՀ-ի անվտանգության խնդիրների և Արցախի անվտանգության երաշխավորը լինելու տրամաբանությամբ և Սահմանադրության պահանջով: Եվ մինչև 2018-ը կարողացավ պահպանել ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը, տարածքներն ու սահմանները:
Ավելին, 2017-ի ապրիլին, ՀՀ այդ ժամանակվա ղեկավարությունը կարողացավ հասնել նրան, որ ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք լավ հարաբերություններ ունեին և այսօր էլ ունեն Ադրբեջանի հետ, համաձայնեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցիչ՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի թեկնածությանը: Իսկ ինչ արեց Նիկոլ Փաշինյանը 2018-ի իշխանափոխությունից հետո, նա քաղաքական վրեժխնդրությունից ելնելով՝ «հրահանգեց» «Մարտի 1»-ի գործով Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրել Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու համար և հետ կանչել նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Սա բարդ իրավիճակ ստեղծեց ՀԱՊԿ-ի ներսում, որի մասին մինչ օրս չեն մոռանում անդամ երկրները:
Վերը շարադրված փաստերն ու հանգամանքները վերլուծելուց և ամփոփելուց հետո եզրահանգում ենք. Նիկոլ Փաշինյանին թվում է, թե երկրի ներսում իր լրագրողական և քաղաքական «շուստրիությունը» կարող է բանեցնել միջազգային հարթակներում և դիվանագիտական ճակատում՝ չտիրապետելով, ինչպես ինքն է սիրում ասել, անհրաժեշտ նրբություներին: Արդյունքում՝ թանկ ենք վճարում մենք՝ Հայաստանը, որը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը: