«Այդ ո՞ր հայն է համաձայն, որ հանձնեն. Եթե ասեն՝ ոտքի կանգնեք, կկանգնենք ու կպայքարենք». Ոսկեպարի գյուղապետ

Մայիսի 14-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց մայիսի 22-ի ասուլիսում հնչեցրած հայտարարությունը՝ «անկլավների» մասին։ Իսկ նա ասել էր, որ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քկմ տարածքով, դրա մեջ մտնում են նաև, այսպես կոչված, «անկլավները», այդ թվում՝ հայկական Տիգրանաշենը։

Երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե շահարկումները թեմայի վերաբերյալ շարունակվելու են, հետևաբար՝ ինչպե՞ս են անելու հանրային իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար։

Նիկոլ Փաշինյանը, հարցին ի պատասխան, պատմեց 2021 թվականին արտահերթ ընտրությունների քարոզարշավից մի դրվագ, որ տեղի է ունեցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար գյուղում։

«Այնտեղի մարդիկ ինձ հարց տվեցին, ես էլ պատասխանեցի, որ՝ ժողովուրդ, եթե այդ թեմայով ինչ-որ կոնկրետ բան կլինի, ես անձամբ կգամ և ձեզ հետ կխոսեմ։ Վերջերս, երբ գնացել էի Նոյեմբերյան, մեր ծրագրում Ոսկեպարը չկար, բայց ճանապարհին ասացի՝ մտեք Ոսկեպար գյուղ, ու ասացի՝ գնացեք գյուղամեջ, ոնց էլ չլինի, մարդիկ կլինեն։ Ես իջա ու այդ մարդկանց հետ զրույց ունեցա։ Բնականաբար, հարցերից մեկը դա էր, ես այդ մարդկանց ասացի՝ հիշում եմ, որ ձեզ բան եմ խոստացել, հիմա եկել եմ ասեմ, որ այդ թեմայով շատ կոնկրետություն չկա, բայց տարբերակները սրանք են։ Ասել եմ, որ խոստումը, որ տվել եմ, չեմ մոռացել, և դա ուժի մեջ է, որովհետև Ոսկեպարն ամենաշահառու համայնքներից մեկն է այդ խնդրի՝ և՛ ճանապարհի մասով, և՛ անկլավներից մեկը գտնվում է իր հարևանությամբ»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

168.amը Ոսկեպարի գյուղապետ Իշխան Աղբալյանից հետաքրքրվեց, թե Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեն բնակիչները, և ինքն անձամբ ինչպե՞ս կմեկնաբանի այս քայլը։

«Այս թեմային բազմիցս ենք անդրադարձել, բնակիչների կարծիքն էլ բոլորին արդեն հայտնի է։ Այդ ո՞ր հայ մարդն է համաձայն, որ հանձնեն, իհարկե համաձայն չենք, բայց եթե կատարվի՝ ցավալի է։ Եթե փոխանակում են անում, թող անեն, վերջանար-գնար։

Ես չեմ կարող Ալիևի փոխարեն ասեմ՝ Ադրբեջանը կփոխանակի՞, թե՞ չէ, մենք ցանկանում ենք, որ փոխանակեն։ Թե հետագայում ինչ կլինի, սա արդեն մեր որոշելիքը չէ։ Եթե մեզ ասեն՝ ոտքի կանգնեք, կկանգնենք ու կպայքարենք»,- եզրափակեց Իշխան Աղբալյանը։

Ոսկեպարից զատ, Նիկոլ Փաշինյանը  մարտի 14-ին իր ասուլիսում այս թեմայի վերաբերյալ կրկին ասել էր, որ 1994 թվականից ի վեր Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ բազմաթիվ տարածքներ։

«1994 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունն ունի օկուպացված տարածքներ, մենք օկուպացված տարածքներ ունենք 1994 թվականից՝ Արծվաշենը, Տավուշի մարզի Պառավաքար գյուղի վարելահողերի 70 տոկոսը, Բերքաբերի ջրամբարի ձախ ափը մինչև Օդնդաղ լեռ, որը Հայաստանի ինքնիշխան տարածքն է, Այգեհովիտ գյուղի տարածքները, Վազաշեն գյուղի տարածքները, և այդպես շարունակ»,- նշել էր նա։

168.am Բերքաբերի գյուղապետ Տիգրան Հարությունյանից հետաքրքրվեց՝ եթե Ադրբեջանին են հանձնվում «անկլավները», արդյո՞ք պահանջ դրվելու է, որ վերադարձվեն Բերքաբերի օկուպացված հողերը։

«Բերքաբերը ոչ մի կետում սահմանակից չէ ոչ մի «անկլավ» կոչվածի հետ։ Բերքաբերն ունի վարչական տարածք, որն այս պահին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Կարծում եմ՝ այդ տարածքները վերադարձնելու պահանջ պետք է դրվի, և իմ կարծիքով՝ դրվում է»,- կարճ մեկնաբանեց Բերքաբերի գյուղապետը։

Տեսանյութեր

Լրահոս