«Եթե Նիկոլը չի կարողանում Արցախի հարցը լուծել, չի նշանակում, որ հարցը լուծում չունի». Անաստաս Իսրայելյանն Արցախում անժամկետ նստացույց է անում

Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի՝ 86.600 քկմ տարածքի ճանաչումը նշանակում է, որ այդ տարածքում ներառված է նաև Լեռնային Ղարաբաղը։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող Անաստաս Իսրայելյանն անժամկետ նստացույց է սկսել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հակահայ հայտարարության։

168.am-ի հետ զրույցում Անաստաս Իսրայելյանն ասաց, որ ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լսելուց հետո չի ընդունել նրան որպես հայ ազգի ներկայացուցիչ, այդ հայտարարություններն անող անձը հայի թշնամին է։

«Մարդը պարզ ու հստակ ասաց, որ գնում է դավաճանական հաջորդ քայլին, նա ստորագրում է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ ցեղասպանության պայմանագիր։ Նրա կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, դանակը տալիս է Ալիևի ձեռքը՝ արցախահայությանը կոտորելու լայն հնարավորություն տալով նրան։ Բացի այդ, նա զրոյացնում է Արցախի պետականությունը, մեզ բացահայտ տալիս է Ադրբեջանին, որպեսզի Ալիևը մեզ հետ վարվի այնպես, ինչպես ցանկանում է։ Կարող եմ ասել, որ Փաշինյանն օրինականացնում է Ալիևի կողմից արցախահայության ցեղասպանությունը։

Կարդացեք նաև

Այս ամենից հետո էլ հայտարարում է, թե Ստեփանակերտը կարող է երկխոսել Բաքվի հետ, հարց՝ ինչո՞ւ ես ստորագրում թուղթը, նոր այդպես ասում, թուղթը ստորագրի այն ժամանակ, երբ Արցախի ժողովրդի կամքը հաշվի առնեն։ Անկախությունը ոչ թե Ադրբեջանն է տվել Արցախին, այլ Հայաստանը, սփյուռքը Արցախը միասին կանգնել են ու ձեռք բերել անկախություն։ Եթե Նիկոլը չի կարողանում Արցախի հարցը լուծել, դա չի նշանակում, որ այդ հարցը լուծում չունի»,- նշեց Անաստաս Իսրայելյանը։

Նրա մեկնաբանությամբ, հայ ժողովուրդը Նիկոլին չի պարտադրում գնալ ու իր անունից թուղթ ստորագրել: Փաշինյանն իր կամքով է ստորագրում, որը կարող է չանել, կարող է հրաժարական տալ ու հեռանալ՝ թողնելով, որ այդ հարցերը լուծեն հայամետ մարդիկ։

«Կրկնում եմ՝ Նիկոլն իրավունք չունի Արցախի ժողովրդի անունից գնալ նման քայլի։ Ես նստացույց եմ հայտարարել, որպես արցախցի՝ ցույց տալով, որ արցախցին դեմ է Նիկոլի որոշումներին։ Մեր նախնիները հազարամյակներով պայքարել են, որ այս հողը մեզ տան, մենք այլ տարբերակ չունենք, պետք է շարունակենք մեր նախնիների պայքարը, եթե պետք է նորից կռվենք՝ կռվենք, բայց Ադրբեջանի ստրուկը չենք դառնա։ Արցախի ժողովուրդը պայքարում է, ու այդ պայքարն ամբողջ աշխարհի աչքի առջև է՝ տոտալ շրջափակման պայմաններում։ Նիկոլը կա՛մ թող գա մեզ հետ պայքարի, կա՛մ նրա կողմից նման որոշումներն անընդունելի ենք համարում։ Մենք այդ սրիկա անձնավորությանը պետք է խանգարենք, որպեսզի նման կերպ չորոշի մեր ճակատագիրը։ Ստորագրելով պայմանագիր ու Արցախը տալով Ադրբեջանին՝ Նիկոլը վտանգի տակ է դնում նաև Հայաստանը, այսինքն՝ համահայկական դավաճանական քայլ է իրականացնում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ իրենց մեղավորությունն այն է, որ այսօր անտարբեր են, և այդ անտարբերությամբ Նիկոլ Փաշինյանին հնարավորություն են տալիս անել քայլեր, որոնք կհանգեցնեն հայկական պետականության կործանմանը։

«Ես իմ այս քայլով ուզում եմ բոլորին ասեմ, որ գան համախմբվեն, պայքարեն, հայ ազգը հզոր ազգ է, նրան վախկոտ ղեկավար պետք չէ, նման ղեկավարով մենք չենք կարող հաջողությունների հասնել։ Նիկոլը սովորություններ ունի՝ խաղերով ամեն ինչ հանձնել, մենք չպետք է թույլ տանք, որ նա Արցախի անունից որևէ թուղթ ստորագրի։ Ո՞ւմ հետ է պայմանագիր ստորագրում, իմ հարազատներին, ազգակիցներին սպանողի հետ ի՞նչ պայմանագիր է ստորագրում։ Արցախցին պայմանագիր է ստորագրում միայն այն ժամանակ, երբ հաղթող կողմ է լինում։ Ինչո՞ւ նախկինում պատերազմ չի եղել, ինչո՞ւ նախկինում չեն պահանաջել Հայաստանից՝ հրաժարվել Արցախից, բայց այն ժամանակ ունեինք հզոր ղեկավարներ, պայքարող մարդիկ էին, պատասխանատվություն ունեին։

Եթե նա ստորագրի, վաղը մենք պատմության մեջ բոլորս ենք մնալու՝ որպես դավաճաններ։

Ես կոչ եմ անում հանրությանն արձագանքել, ոտքի կանգնել, կոչս ամբողջ հայ ժողովրդին է ուղղված, միասին պետք է այս մարդու դեմն առնենք, նրա կառավարությունը մինչև չգլխատվի, նա կանգ չի առնի»,- եզրափակեց Անաստաս Իսրայելյանը։

Տեսանյութեր

Լրահոս