Բաժիններ՝

Դեսանտիսի նախագահական ընտրարշավի պաշտոնական մեկնարկը Twitter-ում բախվել է լուրջ տեխնիկական խնդիրների

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը Դաշնային ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր թեկնածությունը 2024 թ.-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Հանրապետական կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար նա պետք է պայքարի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Դեսանտիսն իր առաջադրման մասին պաշտոնապես հայտարարել է Twitter-ի իր էջում, ինչպես նաև Twitter Spaces հարթակում սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկի և ձեռնարկատեր, ներդրող Դեյվիդ Սաքսի հետ զրույցում: Սակայն միջոցառման ընթացքում մասնակիցների մեծ թվի պատճառով լուրջ տեխնիկական խնդիրներ են առաջացել:

CNN-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը միացել են Twitter-ի ավելի քան 500 հազար օգտատերեր, և սերվերները չեն դիմացել գերծանրաբեռնվածությանը: Ընտրարշավի մեկնարկի մասին Դեսանտիսի հայտարարությունը գրեթե կես ժամով հետաձգվել է: Երբ միջոցառումը վերսկսվել է Սաքսի օգտահաշվով, դրան միացել են միայն 250 հազար օգտատերեր:

Ավելի վաղ Wall Street Journal-ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Իլոն Մասկը հայտարարել էր, որ առաջին անգամ նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին հայտարարությունը կարվի սոցիալական ցանցերով:

Իր հերթին BBC-ն նշում է, որ որոշ ժամանակ Ռոն Դեսանտիսը հարցումների արդյունքներով առաջ էր անցնում Դոնալդ Թրամփից և համարվում էր ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի ավելի հեռանկարային հակառակորդ: Այնուամենայնիվ, վերջին շաբաթներին հանրապետականների շրջանում նրա ժողովրդականությունը նվազել է, և նա սկսել է զիջել Թրամփին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս