Ստրուկների գարշապետություն

Հայաստանն ապրում է գարշելի ժամանակներում, որի գարշահոտությունը հորդում է բոլոր հնարավոր վայրերից՝ եթերներից ու կայքերից, սոցցանցերում ու փողոցներում։

Խոսում է գարշանքը, իշխում է գարշանքը և հանձնում է գարշանքը։

Անհատական գարշանքակիրներից կազմված հավաքական գարշազանգվածը։

Բուրգի գագաթին Հայաստանը հանրապետությունից գարշապետության վերածածն է՝ իր տասնյակ, հարյուրավոր ստրուկներով, որոնցից մի մասին բարեկրթորեն պատգամավոր են կոչում, մյուսներին՝ նախարար, երրորդներին՝ գործարար կամ պետծառայող։

Կարդացեք նաև

Գարշապետության գլխավոր առանձնահատկություններից մեկը տալու, հանձնելու պատրաստակամությունն է, վերցնելու՝ իրենց չպատկանողը, ու հանձնելու ուրիշներին՝ իրենց կյանքը երկարաձգելու համար։ Տալու, հանձնելու հիերարխիան գարշելի է նույնքան, որքան դրա մասնակիցները։

Վերջիններս գարշապետին են հանձնում իրենց արժանապատվության, անհատականության, մարդ լինելու վերջին փշրանքները, որոնցով գլխավոր հանձնողը փաթեթավորում է իրեն չպատկանող Արցախն ու հանձնում գարշելիների համար հարևան դարձած թշնամուն։

Հանձնումի այս շքահանդեսում կարելի է տեսնել գլխի ու ուղեղի տարբեր փայլ ու հարթություններ ունեցողների, թանկարժեք կամ էժանագին կոստյում կրողների, տղամարդկությունը հանձնած տղամարդ ձևացողների ու անսեռության մարմնավորողների…  Նրանք տարբեր են ձևով, բայց ունեն մի կարևոր ընդհանրություն՝ գարշանքի ստրուկներին միավորում է ստրկական գարշանքը, որն արտահայտվում է սեփական մտքի ու կամքի բացակայությամբ ու գարշապետին ծառայաբար տրվելու անվերապահությամբ։

Իրավիճակը գրոտեսկային է, որովհետև ծառաների մեջ կան հարյուրավոր ծառաներ ունեցող միլիոնատերեր, ծառա ունենալ ցանկացող նախկին ընչաքաղցներ ու հարստությունից ավելի ընչաքաղց դարձածներ…

Ծառայության ու ծառայամտության հիերարխիան ունի ներքին և արտաքին բաղադրիչներ, և այնպես չէ, որ բոլորի ծառայությունն ընդունողը տեր է, որովհետև ներքին տեր լինելով՝ ինքն էլ արտաքին ստրուկ է՝ գուցե մի քանի տերերի։ Բայց քանի որ ներքինիներին մտահոգում է սեփական ծառաների վրա իրենց տեր լինելու իրավունքը, մյուսներին էլ՝ այդպիսի հեռանկարը, նրանք թքած ունեն, որ ծառայում են այլ տիրոջ ծառային։ Որովհետև ստրկությունը, իսկ մտավոր ստրկությունը՝ հատկապես, սահմաններ ու ազգություն չի ճանաչում։ Ինչպես որ այս բոլորին միավորող մյուս տերը՝ փողը, որը ստրուկին դարձնում է հարուստ ստրուկ, հարուստ ստրուկին՝ ադամանդյա ստրուկ, վերջիններիս էլ՝ էլիտար․․․

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս