Փաշինյանի հետ չաթերը մի՛ ջնջեք, տղաներ և աղջիկներ, նստեք ու սպասեք ձեր հերթին
Երեկ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ քաղաքական պայքարի մեջ մտած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին, նրա ազատմանը և դրան նախորդած իրադարձություններին:
«Այդ ընթացքում եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ՝ եղել են 2021-ի մայիսի իրադարձությունները, հետո եղել է Պաշտպանության նախարար՝ եղել են 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները։ Ես նրան որոշում եմ կայացրել հանել աշխատանքից, որովհետև 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան նա ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանդարտ է, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել մեր տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել: Եվ Արշակ Կարապետյանը, լինելով Պաշտպանության նախարար, կամ դրա մասին տեղյակ չի եղել, կամ տեղյակ լինելով՝ չի զեկուցել։ Նման իրավիճակներում ես որևէ մեկին կես ժամ նույնիսկ չեմ հանդուրժի այդ պաշտոնում»,- ասել էր Փաշինյանը:
Ժամեր անց Արշակ Կարապետյանը տեսանյութ հրապարակեց, որում ասաց՝ Նիկոլ Փաշինյանը ստել է:
Օրվա վերջում «Հրայր Թովմասյանի գրիչ» օպերացիան կրկին ակտուալ դարձավ Նիկոլ Փաշինյանի համար, ու վերջինս որպես իր խոսքերի հավաստիության ապացույց՝ TikTok-ի իր էջում հրապարակեց պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ իր նամակագրության սքրինն ու ձայնագրությունը, որը, ի դեպ, տեղի էր ունեցել WhatsApp հավելվածում:
Երեկ շատերը քննարկեցին թե՛ Փաշինյանի հրապարակած «ապացույցի» բովանդակությունը, թե՛ Արշակ-Կարապետյան-Նիկոլ Փաշինյան շփման միջակայքը այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժն արդեն իսկ ներխուժել էր ՀՀ ինքնիշխան տարածք, և թե՛ այն, որ ՀՀ ղեկավարն ու ՊՆ նախարարը միմյանց հետ այդ իրավիճակում շփվում են սոցիալական հավելվածով:
Իհարկե, աղետ է, երբ երկրի ղեկավարն այնքան անլուրջ է ու չի պատկերացնում իր զբաղեցրած պաշտոնի ծանությունն ու դրանից բխող պատասխանատվության չափը, որ երկրի համար կենսական հարցերը քննարկում է նման ձևաչափով, և, որ նրա համար էականը ոչ թե ՀՀ տարածքում ադրբեջանական զորքերի գոյության փաստն է, այլ դրա համար հերթական մեղավորի փնտրտուքն ու հրապարակային, հանրային բացատրությունը:
Աղետ է նաև այն, որ երկրի ղեկավար կոչված անձը հարցերը պարզելու համար կիրառում է անձամբ կոմպրոմատ հրապարակելու եղանակը:
Բայց այստեղ մի կարևոր արձանագրում էլ պիտի արվեր, ու դա անողը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունը, կառավարության անդամները ու մերձփաշինյանական այն շրջանակները պիտի լինեն, ովքեր վերջինիս հետ գեթ մեկ անգամ խնդրահարույց չաթ են ունեցել:
Արդյո՞ք «ՔՊ» ֆրակցիայից որևէ մեկը երեկ մտածեց, որ հաջորդը կարող է ինքը լինել, և Փաշինյանը ցանկացած անհամաձայնության դեպքում կհրապարակի նաև իր հետ ունեցած ձայնագրություններն ու գրագրությունը, դժվար է ասել, թեպետ հավանաբար այդպիսիք կլինեն: Սարսափելի է այն անձայն ստրկությունը, անասնական վախը, որը տիրում է այդ կուսակցության շրջանում:
Փաշինյանը գիտի իր ենթականերին հնազանդության մեջ պահելու ձևը, շատ լավ գիտի նաև, որ դրա համար նրանց նախ պետք էր թույլ տալ կշտանալ, ինչը և արեց՝ իր ձեռքում սակայն պահելով նրանց աննախադեպ ու կարճ ժամանակում հարստացման բոլոր դրվագների վերաբերյալ կոմպրոմատները: Իսկ որ պահին որևէ մեկը փորձի ինքնուրույնության նշաններ ցույց տալ, անմիջապես կհանդարտեցվի տարբեր եղանակներով:
Այնպես որ, տղանե՛ր ու աղջիկնե՛ր, եթե երեկ փորձել եք ափալ-թափալ ջնջել Փաշինյանի հետ ունեցած ձեր չաթերը, զուր մի՛ ջանացեք. Դրանք վաղուց ձեր առաջնորդը պահել է, նստե՛ք ու սպասե՛ք ձեր հերթին կամ ցմահ ապրեք ստորացուցիչ, բայց կուշտ ստրկության պայմաններում: