«Չեմ մեկնաբանի Փաշինյանի ասածները. Մենք Արցախում ենք՝ պահում ենք այս հողը». Շրջափակված Եղցահողի համայնքապետ

Մայիսի 22-ին, երբ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով, ներառված է նաև Արցախը, այս միտքը շատերի համար նորություն չէր, քանի որ այդ մարդկանց կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի վերջին երեք տարիների քաղաքականությունն ակնհայտ դրա մասին էր վկայում, որ նա Արցախը հայկական չի ճանաչում։  Միայն թե այս անգամ հստակ ձևակերպմամբ հրապարակեց իր մտադրությունը, ինչից հետո ՔՊ-ական պատգամավորները մեկը մյուսի հետևից Փաշինյանին ու նրա սկսած գործին իրենց աջակցությունը հայտնելով, պնդեցին, որ Հայաստանի իշխանությունը ներկայացնում է Հայաստանի դիրքորոշումը և  ոչ թե՝ Արցախի։

Տոտալ շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը չցանկացավ մեկնաբանել ոչ Նիկոլ Փաշինյանի, և ոչ էլ նրա թիմակիցների հայտարարությունները՝ ընդգծելով, որ հասկացող մարդկանց համար ամեն ինչ պարզ է։

«Այդ քննարկումների մեջ չեմ ուզում մտնել, չեմ մեկնաբանի ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ էլ այլ պաշտոնյայի ասածները, մենք Արցախում ենք, մենք դիմակայում ենք ու պահում ենք այս հողը։ Ինձ տվեք համայնքին վերաբերող հարցեր»,- 168.am հետ զրույցում նշեց Արտակ Հակոբյանը։

Համայնքի ղեկավարի համար այս պահին կարևոր է լուծել բնակիչների առջև ծառացած այն խնդիրները, որոնք առաջացել են ադրբեջանական շրջափակման հետևանքով։

Կարդացեք նաև

«Այս պահին վիճակը նորմալ է, սննդի խնդիրը լուծվել է Արցախի պետնախարարի, վարչակազմի ղեկավարի միջոցով։ Հավատացեք, գրեթե ամեն հարց կարողանում ենք լուծել։ Հիմա էլ կարմիր խաչն է այցելություն կատարում, այսինքն՝ կարողանում ենք առաջացող խնդիրները լուծել»,- շեշտեց Արտակ Հակոբյանը։

Թեպետ վերջին շրջանում Ադրբեջանի զինված ներկայացուցիչների կողմից Արցախի որոշ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներն ավելի ինտենսիվ են դարձել, սակայն Եղցահողի համայնքապետն ասաց, որ իրենց մոտ կրակոցներ չեն եղել։

«Հիմա Կարմիր խաչի մեքենաներով հնարավոր է հիվանդներին տեղափոխել Երևան, թե հետագայում ինչ կլինի, դժվարանում եմ ասել։

Այս ամբողջ ընթացքում մեր գյուղից մի մարդ չի գնացել Ստեփանակերտ, որպեսզի ադրբեջանական այդ անցակետով չանցնի»,- եզրափակեց Արտակ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը զավթելով Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, տեղադրեց անցակետ՝ հսկողություն սահմանելով ճանապարհով երթևեկողների նկատմամբ։ Բերձորի ճանապարհը նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից փակած ադրբեջանական կեղծ «բնապահպանները» անցակետը տեղադրելուց հետո հայտարարեցին, որ ժամանակավոր բացում են ճանապարհը, քանի որ իրենց պահանջների մի մասը կատարվել է: Այսինքն, կարելի է կարծել, որ նրանց պահանջների կատարված մասը վերաբերում էր անցակետ տեղադրելուն: Այդուհանդերձ, ակտիվիստների դուրս գալուց հետո այդ ճանապարհը փակեցին և՛ ադրբեջանական ոստիկանության, և՛ ուժային այլ կառույցների ներկայացուցիչները։ Այս ամենի արդյունքում վեց գյուղ՝ Լիսագորը, Մեծ Շենը, Հին Շենը և Եղցահող համայնքը՝ իր գյուղերով, գտնվում են տոտալ շրջափակման մեջ՝ չեն կարողանում հասնել՝ ինչպես Հայաստան, այնպես էլ՝ Արցախ։

Տեսանյութեր

Լրահոս