Փաշինյանը երկիրը տանում է քաղաքացիական պատերազմի. Արտաշես Գեղամյան
«Փաշինյանի` մայիսի 22-ի ասուլիսում արտահայտած թեզերն իրական ռիսկեր են պարունակում, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի և Արցախի համար»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։
Նա ստեղծված իրավիճակը մեկնաբանել է աշխարհաքաղաքական տեսանկյունից: Արտաշես Գեղամյանը շեշտեց ներկայիս իշխանությունների ցանկությունը՝ մեր տարածքից, իսկ ընդհանրապես՝ Հարավային Կովկասից հեռացնել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին։
Խոսքը, մասնավորապես, Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի, Արցախի բնակչության անվտանգությունն ապահովող ռուսական խաղաղապահ զորախմբի մասին է։
«Ժողովրդի մեջ ռուսաֆոբական տրամադրություններ հրահրելով՝ նրանք փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, թե իբր Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ են գործում Հայաստանի շահերի դեմ։ Նման սադրանքները ծայրահեղ վտանգավոր են և վտանգում են մեր երկրի գոյությունը»,- համարում է Արտաշես Գեղամյանը։
Անդրադառնալով երեսուն տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին, զուգահեռներ անցկացնելով այսօրվա հետ՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահը շեշտեց, որ Հայաստանին մեկ քայլ է բաժանում քաղաքացիական պատերազմից, դեպի ուր երկիրը տանում է Նիկոլ Փաշինյանը։
«2018 թվականի գարնանը Սերժ Սարգսյանին իր հրաժարականով հաջողվեց կանխել քաղաքացիական պատերազմը, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է այն սանձազերծելու համար»,- կարծում է Արտաշես Գեղամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
ԼԱՆԱ ՄՇԵՑՅԱՆ