Ո՞նց՝ վեր ընկի տեղդ. դու ո՞վ ես, որ ինձ ասես՝ վեր ընկի տեղդ, այ բիձա. Արթուր Սարգսյանը՝ Աղազարյանին

Այսօր խորհրդարանում քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում ՔՊ-ի առաջադրած,  այս պահին դեռևս Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի թեկնածության հարցը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ  2021 թվականին նույն դատավոր Արմեն Դանիելյանը իրեն կալանավորելու որոշում էր կայացրել՝ առանց իր խոսքը լսելու։ Ավարտելով ելույթը՝ պատգամավորը դիմեց Արմեն Դանիելյանին՝  հարցնելով՝ կարո՞ղ է նայել իր աչքերի մեջ: Դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը տեղից, խոսքն ուղղելով Արթուր Սարգսյանին ասաց՝ «վեր ընկիր տեղդ»։ Եվ ԱԺ  նիստերի դահլիճում տարածվեց պատգամավորների գոռգոռոցն ու սկսվեց  քաշքշուկ։

«Տո դու ո՞վ ես, որ ինձ ասես՝ վեր ընկիր տեղդ, ո՞նց՝ վեր ընկիր տեղդ, դու ո՞նց կարող ես ինձ հետ այդպես խոսել»,- ասաց Արթուր Սարգսյանը՝ խոսքն ուղղելով Հովիկ Աղազարյանին։

ԱԺ նախագահն անմիջապես նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին: Մեկ տասնյակից ավելի  աշխատակիցները փորձեցին Արթուր Սարգսյանին դուրս հանել դահլիճից, իրար հրմշտող պատգամավորներին փորձեցին հանդարտեցնել ընդդիմադիր խմբակցության պատգամավորները։

Կարդացեք նաև

Մինչ անվտանգության աշխատակիցներն ընդդիմադիր պատգամավորին էին դուրս հանում, դահլիճ մտան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անվտանգության աշխատակիցները՝ կանգնելով ու շրջափակելով այն ամբիոնը, որտեղ ԱԺ նախագահն է նստում։ Նստած տեղից Ալեն Սիմոնյանը դիմեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ հորդորելով կարգի հրավիրել իր պատգամավորներին։

Ալեն Սիմոնյանի ասածին արձագանքեց Իշխան Սաղաթելյանը, թե՝ նախ ինքը պետք է կարգի հրավիրի իր պատգամավորներին։ Դահլիճի կենտրոնում գտնվող իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ իր հերթին՝ Իշխան Սաղաթելյանի ասածին արձագանքեց.

«Դուք կարգի հրավիրեք, այ ուլ»։

Այդ ամենից հետո Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս