Քննչական կոմիտեն Հրաչյա Հակոբյանի մասով որոշում է կայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն 2021թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով հարուցված քրեական գործով որոշել է ՔՊ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։
«Ի դեպ, նաեւ ՀՀ քննչական կոմիտեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում էր կայացրել: Ինչպես հայտնի է, այդ օրը խորհրդարանում վիճաբանություն էր տեղի ունեցել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորների եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջեւ:
ԱԱԾ-ն գնացել էր Ազգային ժողով՝ հարցաքննելու ՔՊ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանին եւ Արմեն Խաչատրյանին:
Հավելենք, որ այդ քրեական գործով ԱԱԾ-ն նաեւ հարցաքննել է Ազգային ժողովի աշխատակազմի՝ տասնյակից ավելի աշխատակիցների, որի արդյունքում որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել։ Ստացվում է, որ նախաքննական մարմինը խուլիգանության հատկանիշներով հարուցել էր քրեական վարույթ, սակայն, նախաքննական մարմնի որոշմամբ, մասնակիցներից որեւէ մեկը խուլիգան չէ, չնայած որ հայհոյել են հանրային վայրում, անպարկեշտ պահել իրենց։ Ամեն դեպքում, հարցը փակվեց»: