Փաշինյանի պրիմիտիվիզն ու մանիպուլյացիաները
Հինգ տարի է, Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, բայց շարունակում է երկիրը ղեկավարել խմբագրի իր սահմանափակ իմացություններով, պարզունակ դատողություններով ու մակերեսային մոտեցումներով։ Ոչնչի առաջ կանգ չի առնում նույնքան ջանասիրությամբ մոլորեցնել հասարակությանը, ինչպես անում էր մինչև վարչապետ դառնալը։
Ու որքան էլ դաժան լինի խոստովանել, դա նրան հաջողվում է։ Հաջողվում է, որովհետև շատերը չեն ուզում հասկանալ պարզ ճշմարտությունները։
Ասում է՝ մեկ ամսվա ընթացքում բյուջեի ավելի շատ եկամուտ ենք հավաքել, որքան նախկինում հավաքում էին ամբողջ տարվա ընթացքում՝ «Ապրիլի մեր հավաքագրած մեկ ամսվա ցուցանիշն ավելին է, քան 2000թ. ամբողջ տարեկան պետական բյուջեն, 2001, 2002, 2003, 2004 թվականների տարեկան բյուջեները։
Չորս ամսում ավելի շատ գումար ենք հավաքել, քան 2000-2010 թվականների տարեկան բյուջեները»։
Զավեշտ է, երբ երկրի վարչապետն այսպիսի մակերեսային մոտեցում է ցուցաբերում բյուջեի եկամուտների վերաբերյալ, այսօրվա եկամուտները համեմատում է 15-20, նույնիսկ 23 տարի առաջվա հետ։ Պարզ չէ, որ 15-20 կամ 23 տարի առաջ բոլորովին այլ պատկեր պիտի լիներ։ Երկրի տնտեսությունն այլ ծավալներ ուներ և այլ վիճակում էր գտնվում, բյուջեի եկամուտներն էլ դրան համապատասխան էին։ Դրանք, անշուշտ, էապես ավելի քիչ էին, քան հիմա, բայց անգամներով ավելի բարձր գնողունակություն ունեին, քան այսօրվա հայտարարվող եկամուտները։
15-20 կամ 23 տարի առաջ դրամի գնողունակությունն անգամներով ավելի բարձր էր, քան այսօր։ Եթե կուզեք իմանալ՝ 50 կամ 100 հազար դրամով մարդիկ ավելի լավ էին ապրում, քան այսօր ապրում են 500 հազարով։
Տարիների ընթացքում փողի արժեքն ընկնում է։ Ու այսօրվա հազար դրամի արժեքը ոչ մի աղերս չունի 20 տարի առաջվա հազար դրամի հետ։ Ծիծաղելի է, երբ երկրի վարչապետը դրանք դնում է նույն հարթության մեջ ու համեմատում բյուջեի այն ժամանակվա եկամուտներն այսօրվա հետ։
Անվանական արտահայտությամբ, բնականաբար, այսօր դրանք անհամեմատ ավելի մեծ պետք է լինեն, քան 20-23 տարի առաջ։ Այստեղ արտառոց ոչինչ չկա։ Այս տարիների ընթացքում բազմաթիվ ջրեր են հոսել, օրենքներ են փոխվել, գնաճ է տեղի ունեցել, տնտեսությունն է աճել, ու, բնականաբար, պետք է ավելանային նաև բյուջեի եկամուտները։ Այլ բան, թե այդ ամենից ինչքանով է փոխվել բյուջեի եկամուտների որակը։
Միայն չոր թվերը շատ քիչ են բյուջեի եկամուտների մասին դատելու համար։ Կան շատ ավելի կարևոր ցուցանիշներ, քան բյուջեի եկամուտների անվանական աճերը։ Պարզունակ մոտեցում է բյուջեի եկամուտներին չոր թվերով նայելը։
Ինչո՞ւ է վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը կրկին հիշել բյուջեի եկամուտների մասին։ Կար ժամանակ, երբ բյուջեի եկամուտները նվազում էին, ու Նիկոլ Փաշինյանը չէր խոսում այդ մասին։ Այժմ կրկին վերհիշել է, նույնիսկ տասնյակ տարիներ առաջվա հետ է համեմատություններ անում՝ փորձելով ցույց տալ այն «հաջողություններն ու ձեռքբերումները», որոնց հասել է իր ղեկավարած կառավարությունը։
Նիկոլ Փաշինյանը շտապում է դա անել, որովհետև վաղն այլևս նման համեմատություններ անելու հնարավորություն կարող է չունենալ։ Որովհետև այն «ձեռքբերումները», որոնք արտաքուստ կառավարությունն արձանագրել է բյուջեի եկամուտների առումով՝ մեծամասամբ կապված են ժամանակավոր գործոնների հետ։
Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով հսկայական քանակությամբ ֆինանսական միջոցներ են եկել Ռուսաստանից ու շրջանառվել բանկային համակարգում՝ ապահովելով երբևէ չեղած շահույթներ բանկերի համար։ Դրա արդյունքում անցած տարի բանկերը 256 մլրդ դրամի շահույթներ ստացան՝ 3 անգամ ավելի շատ, քան նախորդ տարի։
Հիմա հաշվեք այդ շահույթների շահութահարկը, որը լրացուցիչ գնացել է բյուջե։ Թեև դա կառավարության աշխատանքի հետ ոչ մի աղերս չունի։
Նույնը նաև ներմուծում-արտահանումների պարագայում է, որը կրկին կառավարության գործունեության արդյունքը չէ։
Հակամարտություններից հետո, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով մեծ քանակությամբ ներմուծումներ են իրականացվում Հայաստանի միջոցով դեպի Ռուսաստան։ Բյուջեն դրանից հսկայական գումարներ է ստանում։ Պատահական չէ, որ այս հատվածում գործող առանձին ընկերություններ անցած տարի, նաև այս տարվա սկզբին կտրուկ, երբեմն 10-15 անգամով ավելացրել են բյուջե վճարած իրենց հարկերը։ Ավելացրել են Ռուսաստան իրականացվող վերարտահանումների հաշվին, որոնք ևս վաղը կարող են չլինել։
Սակայն միայն սրանք չեն բյուջեի եկամուտների այն աճերի պատճառը, որոնցով այդքան հպարտանում են իշխանությունները։
Բյուջեի եկամուտների վրա էական ազդեցություն ունի այն գնաճը, որն արձանագրվել է հատկապես վերջին 2-3 տարիներին։ Դա արտահայտվել է առավելապես լայն սպառման առաջին անհրաժեշտության ապրանքների վրա։
Սա լուրջ գործոն է բյուջեի եկամուտների համար։ Չասենք, թե գնաճի ազդեցությունն ինչպիսին է եղել բյուջեի եկամուտների վրա 15-20 կամ 23 տարվա կտրվածքով։
Համեմատեք միայն պղնձի վերջին տարիների միջազգային գները, ինչպես նաև արդյունահանման ծավալները 15-20 տարի առաջվա գների և ծավալների հետ ու կտեսնեք, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել գնաճը բյուջեի եկամուտների վրա։
Սա հաշվի չառնել՝ նշանակում է խեղաթյուրել իրականությունը։
Պակաս փոքր դեր չեն կատարել այս ընթացքում իրականացված օրենսդրական փոփոխությունները։
Ամեն տարի բարձրանում է ենթաակցիզային ապրանքների հարկային դրույքաչափը, ինչը սպառողների հաշվին բյուջե գանձվող հարկ է։ Վերջին տարիներին որոշ ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը կրկնապատկվել ու եռապատկվել են, երբեմն՝ մինչև անգամ քառապատկվել ու հնգապատկվել են։
Բնականաբար, դա չէր կարող չբերել բյուջեի եկամուտների ավելացման, բայց սպառողների հաշվին։
Տարիներ առաջ Հայաստանում չկային այնպիսի հարկեր, որոնք այսօր կան ու ծանրացել են հատկապես այս իշխանության տարիներին։
Տասնյակ միլիարդների են հասնում կենսաթոշակային վճարները, որոնք նախկինում չկային, այսօր կան ու հաշվվում են բյուջեի եկամուտներում, չնայած իրականում բյուջեի հետ կապ չունեն։ Դրանք գումարներ են, որոնք կուտակվում են կենսաթոշակային ֆոնդերի հաշվին։ Կամ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին կատարվող պարտադիր վճարները, որոնք նախկինում ևս չկային, իսկ այսօր էլի տասնյակ միլիարդի են հասնում ու կրկին ներառված են բյուջեի հարկային եկամուտների ցուցանիշներում։
Սրանք քաղաքացիների վրա ֆինանսական բեռի ծանրացման օրինակներ են, որոնք նպաստել են հարկային եկամուտների ավելացմանը։ Դրանք տարիներ առաջ չեն եղել, ու եթե հիմա նպաստում են բյուջեի եկամուտների ավելացմանը, դա ոչնչով չի բարձրացնում կառավարության աշխատանքի որակն ու արդյունավետությունը։
Վերջին տարիներին անվանական արտահայտությամբ բյուջեի մուտքերն իսկապես ավելացել են։ Բայց ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքագրման մակարդակը դրանից գրեթե չի փոխվել կամ շատ քիչ է փոխվել։
2019-2022թթ. ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքագրման մակարդակն աճել է ընդամենը 0,4 տոկոսային կետով։ Անցած տարի նույնիսկ վատացել է, չնայած հարկային եկամուտների անվանական աճին։
Եթե 2021թ. հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կազմել էր 22,72 տոկոս, անցած տարի կազմեց 22,66 տոկոս։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ