Փաշինյանը «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքով, քաղաքական սադիզմով պատժում է ընդդիմախոսներին. Արթուր Խաչատրյան

Այսօր հրապարակվեց Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման մեջ մեղադրվող՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի խափանման միջոցի մասին դատարանի որոշումը: Գայանեն կալանավորվեց մեկ ամսով:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը զոհված զինծառայողի մոր նկատմամբ կատարվողը պայմանավորեց Փաշինյանի իշխանության որդեգրած քաղաքականությամբ՝ բոլոր ընդդիմախոսներին պարբերաբար պատժել։

«Պատերազմից հետո հայ հասարակությունն այլևս այն չէ, ինչ էր մինչև պատերազմը. հետևաբար՝ այն ողբերգությունը, որը ապրել է մեր հասարակությունը, չի կարող իր դրսևորման ձևերը չունենալ։ Գիտե՛ք, հայ հասարակությունը երեխայապաշտ է. մարդիկ երեխա են կորցրել և դրա համար մեղադրում են հենց Նիկոլ Փաշինյանին, որովհետև պատերազմի այս ելքից կարելի էր խուսափել, եթե կարողանային ճիշտ գնահատել ուժերի համաչափությունը, կամ պատերազմը ճիշտ կառավարել։ Պաշտպանության նախարարը, երբ պատերազմից հետո հայտարարում է, որ ինքը չի հասկացել իր դերը, նշանակում է՝ բանակի կառավարումը եղել է կատաստրոֆիկ բարդակ, իսկ դա նշանակում է, որ ծնողներն իրավունք ունենք մեղադրել Նիկոլ Փաշինյանին»,- ասաց պատգամավորը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ հաշվի առնելով այս հանգամանքները՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ժամանակին Գլխավոր դատախազությանը հայտարարություն էր ուղարկել և հայտնել, որ Փաշինյանն առերևույթ ծանր հանցագործություն է կատարել։

Խաչատրյանի փոխանցմամբ՝ Փաշինյանի շահերից էր բխում, որպեսզի Դատախազությունն այդ հարցը քններ, սակայն չարեց, և այն դեպքում, երբ գլխավոր դատախազը Փաշինյանի օգնականն է, դժվար է անաչառության մասին խոսել։

«Այս իշխանությունը խափանման միջոցը դիտարկում է՝ որպես պատիժ և մահակ բոլոր նրանց համար, որոնց չի սիրում։ Ինչո՞ւ է պետք կալանավորել տիկին Գայանեին, արդյո՞ք որևէ բանական մարդ կասկածում է, թե տիկին Գայանեն կարող է ազդել գործի քննության վրա, կամ խուսափել արդար քննությունից։ Սա քաղաքական սադիզմ է. Փաշինյանի իշխանությունը փորձում է պատժել իր ընդդիմախոսներին՝ մեր դեմ խաղ չկա սկզբունքով»,- ասաց Խաչատրյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս