Հունիսի 1-ից ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցների վարորդները վարչական պատասխանատվության կենթարկվեն
Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:
Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու վարորդներին նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։
Ներքին գործերի նախարարությունը վարորդներին կոչ է արել հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը։
Վարորդներից ոմանք արդեն վաղուց ոչ մգեցված ապակիներով են վարում, ոմանք էլ այս օրենքն անտրամաբանական են համարում:
«Դիմացի 2 դռների թաղանթապատման նոր անտրամաբանական օրենքի դեմ, կարծում եմ, պետք է պայքարել իրավական հարթության մեջ՝ դատարանում հիմնավորելով այս օրենքի անհեթեթությունը։
«Լեռնային երկիր ենք, և մաշկի համար խիստ վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներն ուղիղ ազդելու են մեքենայում գտնվողների վրա։ Չմոռանանք, որ մաշկի քաղցկեղը հենց ուլտրամանուշակագույն ճառագայթների հետևանք է։ Չկա որևէ հիմնավորված ստատիստիկա, որ կողային ապակիների մգության պատճառով կան վթարներ»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդ Անդրանիկ Իսպիրյանը:
Մեկ այլ վարորդ էլ հարց բարձրացրեց, թե մեքենաներից հանված կատալիզատորի հետևանքով արտանետված գազե՞րն են վտանգավոր, թե՞ ուլտրամանուշակագույն ճառագայթներինը:
«Օրենքը Հայաստանում մշակված չէ, սա միջազգային ստանդարտ է, ընդունվել է դեռևս 10-15 տարի առաջ: Կարծեմ բացառություն է միայն 60%-ը զրահապատ մեքենաների համար»,- շեշտեց վարորդներից մեկը: