Եղել է պահ, որ հիվանդն արթնացել ու չի հիշել, թե որտեղ է. Ինչպե՞ս Հերիքնազ Հարությունյանն ընտրեց բուժքրոջ մասնագիտությունն ու 45 տարի չլքեց այն
Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ը նշում են՝ որպես Բուժքույրերի օր։ Այս օրը հայտնի բուժքույր, բուժքույրերի ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրն է: 1974 թվականից առիթն օգտագործվում է հումանիստական այս մասնագիտության տեր անձանց շնորհավորելու, երախտիքի խոսքեր հղելու համար:
Կան մարդիկ, ովքեր երազում են ստանալ բուժքրոջ մասնագիտություն, սակայն ինչ-ինչ հանգամանքների պատճառով դա չի ստացվում: Նրանցից մեկը 20-ամյա Անահիտն է:
«Երազում եմ բուժքույր դառնալ, սակայն հայրս դեմ է: Ասում է՝ իմ աղջիկն ուրիշի չի կարող, օրինակ, ներարկել: Հուսամ՝ մեկ օր երազանքս կիրականանա»,-մեզ հետ զրույցում ասաց Անահիտը:
Մինչ աղջնակը բուժքույր դառնալու համար ճանապարհներ է փնտրում, 45 տարի այս մասնագիտությամբ ապրող, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր Հերիքնազ Հարությունյանը, ով առողջապահության նախարարի կողմից, ի թիվս իր մի շարք գործընկերների, ստացել է պատվոգիր՝ առողջապահության համակարգում երկար, բարեխիղճ և անմնացորդ նվիրումով աշխատանքի համար, 168.am-ի հետ զրույցում կիսվում է իր երկար տարիների փորձով ու այդ ուղին ընտրելու իր որոշմամբ:
Ասում է՝ 1978 թվականին աշխատանքի է ընդունվել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, երկու տարի աշխատել է ընդհանուր բաժանմունքում, ապա բացվել է Վերակենդանացման բաժանմունքը, որտեղ էլ առ այսօր աշխատում է:
«Մայրս եղել է բուժքույր, ու, կարելի է ասել, մասնագիտությունն ընտրել եմ՝ հետևելով մորս օրինակին: Վերակենդանացման բաժանմունքում, անխոս, բարդ է, բայց սիրելով ընտրել եմ, հաճույքով եկել եմ աշխատանքի»,- նշեց Հերիքնազ Հարությունյանը:
Մեր դիտարկմանը՝ քանի որ հիվանդները տարբեր բնավորությամբ և հոգեբանությամբ են, ինչպե՞ս է կարողանում, այսպես ասած, «լեզու գտնել» նրանց հետ, բուժքույրը պատասխանեց. «Բնավորությամբ շփվող եմ, առույգ ու ինչքան կարողացել եմ, փորձել եմ հիվանդի համար դրական մթնոլորտ ստեղծել, որպեսզի տխրությունը, հուզական վիճակը մոռանան, հասկանան, որ հիվանդությունն անցողիկ է: Գիտե՞ք, շատ հետաքրքիր դիպվածներ են լինում հատկապես մեր բաժանմունքում: Եղել է պահ, որ հիվանդն արթնացել ու չի հիշել, թե որտեղ է: Հանգիստ խոսել ենք, այդ պահն անցել է»:
Մի շարք կլինիկաներում կա բուժքրոջ կարիք, սակայն դիմողները քիչ են: Տիկին Հերիքնազը սրա բացատրությունը չունի:
«Գուցե համեմատաբար ցածր աշխատավարձն է խնդիրը, բայց ես աշխատել եմ ոչ թե գումարի համար, այլ սիրելով իմ մասնագիտությունը, կոլեկտիվը: Հպարտանում եմ, որ երկար տարիներ նվիրվել եմ իմ հիվանդանոցին, և կուզեի, որ ցանկացած մարդ ոչ թե մեղվի նման մի տեղից հոտ քաշի ու անցնի ուրիշ ծաղկի, այլ երկար աշխատի հիվանդանոցում, որտեղ ունի իր ներդրումը: Եթե սիրում ես մասնագիտությունը, գումարն էական չէ»,- եզրափակեց մեր զրուցակիցը: