Բաժիններ՝

«Վիճակը ծանր է»․ ինքնահրկիզումից 5 օր անց 47-ամյա տղամարդը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Նոյեմբերի 6-ի երեկոյան Կոնդի կառավարական ամառանոցի մոտ ինքնահրկիզված՝ ազգությամբ եզդի 47-ամյա տղամարդը դեռ Այրվածքաբանության ազգային կենտրոնում է. 168.am-ին փոխանցեցին բուժկենտրոնից: Առողջապահության նախարարությունից էլ տեղեկացրեցին, որ քաղաքացու առողջական վիճակում փոփոխություն չկա․

«Վիճակը ծանր է»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 21։30-ի սահմաններում Կառավարական ամառանոցների մոտ քաղաքացին ինքնահրկիզման փորձ էր կատարել։

168.am-ին հայտնի էր դարձել, որ քաղաքացին ազգությամբ եզդի, 47-ամյա Ազիզ Ուսոյանն է։

Կարդացեք նաև

Այրվածքաբանության կենտրոնի բակում նոյեմբերի 6-ի գիշերը 168.am-ը զրուցել էր Ուսոյանի հարազատների հետ, որոնք որոշ մանրամասներ էին փոխանցել։

«Իրենք օրվա աշխատավարձով ապրող ընտանիք են: Ազիզը մի մեքենա ունի, որով պլաստմասսե տարաներ, մետաղներ է հավաքում և հանձնում»,- պատմել էր հրկիզված տղամարդու հարազատներից մեկը:

Նրա խոսքով՝ դեպքի օրն առավոտյան սովորականի նման Ազիզ Ուսոյանն իր աշխատանքն է կատարել, Մյասնիկյան պողոտայով անցնելիս պարեկային ծառայության աշխատակիցները մոտեցել և տուգանել են նրան, իսկ ավտոմեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ.

«Ա.-ն ասել է՝ ի՞նչ եք անում, ես էս ավտոյով եմ գումար աշխատում, բայց ոչ մի բան, մեքենան այդպես՝ պլաստիկներով ու մետաղի կտորներով կիսաբեռնված՝ տեղափոխել են տուգանային հրապարակ»:

Ուսոյանի հարազատները նաև պատմել էին, որ տղամարդը 10.000 դրամ պարտք է ունեցել, ինչի պատճառով մեքենան տեղափոխել են Հալաբյան փողոցի վրա գտնվող հարկադիր ծառայությանը պատկանող տարածք:

Ավելի ուշ ԴԱՀԿ-ն պարզաբանում էր տարածել կատարվածի առնչությամբ, նշել, որ Ա․ Ուսոյանի նկատմամբ դեռևս 2013 թվականից Ծառայությունում առկա են տարբեր պահանջատերերի՝ ապահովագրական ընկերության, ՃՈ, համատիրություն, օգտին հարուցված կատարողական վարույթներ, ընդհանուր պարտավորությունը կազմում է ավելի քան 2 մլն դրամ։

«Կատարողական գործողությունները, այդ թվում նաև` ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելը, պայմանավորված է եղել հիշյալ պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ա․ Ուսոյանը տեղեկացված եղել է իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթների մասին»։

Տեսանյութեր

Լրահոս