«Գնումների մասին» օրենքը մեր փոխարեն կարողանում է քաղաքականություն որոշե՞լ. Տիգրան Ավինյան

Կենտրոնում փոսալցման աշխատանքները կատարվել են 50 տոկոսով, Նորք-Մարաշում՝ 0, Նոր Նորքում՝ 30 տոկոսով, Ավանում՝ 60, Էրեբունիում՝ 15, Նուբարաշենում՝ 0, Դավթաշենում՝ զրո, Շենգավիթում՝ 10, Քանաքեռ-Զեյթունում՝ 70 տոկոս, Արաբկիրում, Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում` 80 տոկոսով:

Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

«Մենք լուրջ խնդիր ունենք մեր փոսալցման շինարարների հետ, հատկապես երկուսի հետ, որոնք միասին տարել են 10 լոտ: Թե՛ տեխնիկապես, թե՛ հնարավորություններով չեն կարողանում ամբողջ ծավալով մի քանի խմբերով աշխատանք իրականացնել: Դրան գումարած՝ իրենք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ և ոչ էլ տարածք, որտեղից ասֆալտ են ներկրում: Մենք սկզբնական շրջանում իրենց կցեցինք մեր այն գործընկերներին, որոնք ունեն ասֆալտի գործարաններ, որ իրենց հետ համագործակցեն, բայց այստեղ էլ խնդիր է առաջանում: Մենք չենք կարող իր գործն իրականացնել: Ինքը տենդերով շահել է:

Մեկի մասով արդեն ունենք երեք նկատողություն, որ արդեն պայմանագրի խզման ծանուցում է ստացել, մյուսի մասով ունենք մեկ նկատողություն: Հերթական նկատողություններից հետո պայմանագրի լուծման ենք գնալու»,- մանրամասնեց Խորեն Գրիգորյանը:

Կարդացեք նաև

Տիգրան Ավինյանը հարցրեց. «Մեր տեխնիկական առաջադրանքում ինչո՞ւ չի եղել, որ համապատասխան կապալառուները պետք է ունենան այդ գործարանը, որ այդ փոսը, որ փորում են, չգնան 10 օր չգիտեմ ինչ անեն էդ ասֆալտի հետ, նոր 11-րդ օրը բերեն կամ չբերեն այդ ասֆալտը վերականգնելու: Այսինքն՝ մենք 10-15 օր այդ փոսերով կգնանք, մինչև ինքն իր հարցերը կլուծի: Պարզ է, որ գործարան ունեցող ընկերությունը պետք է զբաղվի այդ ծավալի աշխատանքով: Ինչո՞ւ տեխնիկական պահանջներում  սա չկար»:

Խորեն Գրիգորյանի խոսքով՝ «Գնումների մասին» օրենքը թույլ չի տալիս հավելյալ պահանջներով բեռնել՝ հավասար մրցակցություն ապահովելու համար:

Ավինյանն արձագանքեց. ««Գնումների մասին» օրենքը մեր փոխարեն կարողանում է քաղաքականություն որոշե՞լ: Որովհետև մենք ուզում ենք՝ փոսերը տեղում քանդվեն և նույն օրը փոսալցվեն միանգամից: Միգուցե պետք էլ չի, որ գործարան է պետք, պետք է գրել, որ նույն օրը դա պետք է տեղի ունենա: Հետևաբար՝ արդեն կմասնակցեն այն ընկերությունները, որոնք այդ հնարավորությունն ունեն: Որ օրը փոսը փորվեց, նույն օրը պետք է լցվի: Սա պետք է լինի մեր պահանջը: Կարա՞նք էդպիսի պահանջ դնենք, խտրական չի՞ լինի որևէ մեկի նկատմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս