Ի՞նչ է ռադիոհաճախային աբլյացիան և ո՞ր հիվանդությունների դեպքում է կիրառվում
«Բժիշկ ջան, կարո՞ղ ես այնպես անել, որ քնեմ»,- այս հարցով քաղցկեղ ունեցող մարդիկ հաճախ են դիմում մասնագետներին՝ ասում է ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի ղեկավարը։
«Ցավը տհաճ զգայական և հուզական փորձառություն է, որը կապված է կամ նմանվում է հյուսվածքների իրական կամ հավանական վնասմանը: Ցավը միշտ անձնական փորձ է, որի վրա տարբեր աստիճանի ազդում են կենսաբանական, հոգեբանական և սոցիալական գործոնները: Հիվանդներ կան, ովքեր ցավից չեն կարողանում քնել: Կա մարդ, ով մեկ ամիս անգամ 15 րոպե չէր կարողացել քնել»,- «Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի հիմնախնդիրների լուսաբանման արդիականությունը» սեմինար-քննարկման ժամանակ ասաց Գուրգեն Ամիրխանյանը:
Նա ընդգծեց, որ ցավի պատճառները կարող են ոչ թե մեկ, այլ մի քանի հատ լինել:
«Պացիենտները պետք է գիտակցեն, թե տվյալ միջամտություններին դիմելիս ի՞նչ են ակնկալում: Այդ հարցն իրենց տալիս ենք, որպեսզի հասկանանք՝ կարո՞ղ ենք օգնել, թե՞ ոչ: Մարդը նկարագրում է, թե ի՞նչ ցավ է, ե՞րբ է սկսվում, ե՞րբ է ավարտվում: Ցավի պատճառները կարող են ոչ թե մեկ, այլ մի քանիսը լինել, իսկ այն կառավարելու տեսակներն են՝ դեղորայքային բուժում, հոգեթերապիա, ֆիզիոթերապիա, մերսում, ասեղնաբուժություն, վիրաբուժական և ինտերվենցիոն:
Ինտերվենցիոն մեթոդներից է ռադիոհաճախային աբլյացիան: Օգտագործվում է ջերմություն՝ հյուսվածքները ոչնչացնելու համար: Ցավը կառավարելու համար ռադիոալիքներն ուղարկվում են ճշգրիտ տեղադրված ասեղի միջով՝ նյարդի տարածքը տաքացնելու և նյարդը ջերմային եղանակով քայքայելու համար:
Կարողանում ենք միանգամից 4 ասեղով գործել: Եթե պրոցեդուրան տևում է 1.5 րոպե, ապա կարող ենք 4 տարբեր կետեր ենթարկել աբլյացիայի: Սա ժամանակի առումով լավ է նաև հիվանդի համար: Էֆեկտիվությունը 1-2 տարի է»,- մանրամասնեց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը:
Գուրգեն Ամիրխանյանը նշեց, որ ռադիոհաճախային աբլյացիան ավելի հաճախ օգտագործվում է տարբեր խնդիրների ժամանակ և ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում միջամտությունը լինում է ողնաշարի ցավերի ժամանակ:
«Պարանոցային հատվածի, ողնաշարային խնդիրների դեպքում հաճախ դիմում են երիտասարդները, իսկ գոտկային ցավի համար դիմում են մեծահասակները: Կարող են լինել հոդի բորբոքումներ, միջողային սկավառակների ճողվածքներ: Նախնական անհրաժեշտ է դիմել նյարդավիրաբույժի: Այսինքն, շատ ցավերի դեպքում կարելի է դիմել այս միջամտություններին: Ինչ վերաբերում է ուռուցքային հիվանդություններին, ապա ռադիոհաճախային աբլյացիան հաճախ օգտագործվում է խոռոչավոր օրգանների ուռուցքների ժամանակ՝ կապված կրծքավանդակի, կոնքի հետ»,- եզրափակեց Գուրգեն Ամիրխանյանը: