Նիկոլ Փաշինյանի վերջին քայլը՝ պետությունից՝ անասնաֆերմա ճանապարհին 

Իշխանությունն այլևս չի թաքցնում, որ պայքարում է այն արժեքների, ավանդույթների, նորմերի ու ինստիտուտների դեմ, որոնք հավաքականության մեջ հանդես են գալիս՝ որպես ազգային ինքնություն։ Այդ պայքարը բազմաշերտ է ու մղվում է ամենատարբեր հարթություններով՝ սկսած հանրային գիտակցությունից, ենթագիտակցությունից, հիշողությունից ու արժանապատվությունից, մինչև ազգային ինքնությունը պահպանելու առաքելություն ունեցող ինստիտուտներ՝ Հայ Առաքելական եկեղեցի, բանակ, սոցիալական նորմեր, և այդպես շարունակ։

Այս հիմնախնդրին վերաբերող հանրային դիսկուրսում, սակայն, ազգային ինքնության դեմ պայքարը ներկայացվում է հիմնականում որպես գործող իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ու ներքինիների վերածված նրա քաղաքական թիմի արժեքային, քաղաքակրթական առանձնահատկություններով պայմանավորված գործընթաց։

Դա, սակայն, կամ սխալ է, կամ լավագույն դեպքում՝ կիսաճշմարտություն։ Խնդիրն այն է, որ Փաշինյանն ինքը, հետևաբար՝ նաև նրա ենթակաները, գործնականում չունեն արժեքային, առավելևս՝ քաղաքակրթական որևէ հենք, հավատամք, որը, նույնիսկ մերժելի լինելու դեպքում, իրենից կարող է ներկայացնել որոշակի ինստիտուցիոնալ կանոններ և դրա վրա հիմնված վարքագիծ։

Նիկոլ Փաշինյանի ամենաանկեղծ հայտարարությունը եղել է որևէ իզմ-ի չդավանելու մասին ինքնախոստովանությունը։ Իրականում նա իսկապես որևէ արժեք, հավատամք չունի և հանդես է գալիս բացառապես գերօգտապաշտական, մատերիալիստական դիրքերից։ Նրա մտածողության, աշխարհայացքի, դրդապատճառների հիմքում շահն է՝ բառի ամենանեղ և ամեաշոշափելի իմաստով։

Կարդացեք նաև

Եվ հենց շահը, ամենակեղտոտ մաքուր շահն է նրա բոլոր գործողությունների մոտիվատորը։ Հետևաբար՝ ազգային ինքնության դեմ Նիկոլ Փաշինյանի պայքարը որևէ աղերս չունի նրա գաղափարական կամ արժեքային հավատամքի հետ, նա չի պայքարում դրա դեմ այն պատճառով, որ հավատում է, ասենք, վայրի լիբերալիզմին ու ինդիվիդուալիզմին, կամ մտահոգվում է միասեռականների իրավունքների համար։ Ամենևին ոչ։

Պարզապես աշխարհաքաղաքական ավանտյուրան, որում ներքաշվել է Փաշինյանը, հնարավոր է միայն այն դեպքում, երբ կա՛մ հայ հասարակությունը վերջնականապես կզրկվի ազգային ինքնությունից, կամ դա կդադարի գործառութային նշանակություն ունենալ մարդկանց վարքագծի և կողմնորոշումների վրա։

Արցախի վերջնական հանձնումը, ամենաանարժանապատիվ կերպով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը, որպես դրա հետևանք՝ կոմունիկացիաների ապաշրջափակումն ու գործարկումն այն տեսքով, որը որպես նվաստացում՝ ընդունում է Փաշինյանը, կարող է իրականանալ այն ժամանակ, երբ հասարակությունն ազգային ինքնությունից մնացած վերջին մնացորդներն ամբողջությամբ կփոխարինի սպառողականության փսիխոզով և անպայքար կընդունի բառի լայն իմաստով մատուցվող սնունդը՝ անկախ մատուցողի ազգային և մնացյալ պատկանելություններից և անկախ նրանից, որ դրա դիմաց վճարելու է առաջին հերթին ազգային արժանապատվությամբ։

 Նիկոլ Փաշինյանը, նրան սպասարկող քաղաքական, քարոզչական թիմերը ներկայումս հայ հասարակության համար փորձում են ձևակերպել «ո՞վ ենք մենք» հարցի պատասխանը, որը ցանկացած հանրույթի ինքնության իդենտիֆիկացիայի անհրաժեշտ պայմանն է։

Բոլոր այդ համակարգերն ահա, ներկայումս փորձում են հայ հասարակության ենթագիտակցության մեջ ներարկել «մենք ոչինչ ենք» պատասխանը, փոխարենը խոստանալով, որ ոչինչ լինելու դիմաց կստանանք ամեն ինչ՝ կուշտ ու երջանիկ (ըստ այդ նույն քարոզչության՝ անառակ) ապրելու համար։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս