Գոնե լռե՛ք. բանակին պարտության տարած իշխանության ներկայացուցչի՝ նախկիններին սպառնալու բարոյական իրավունքի և պատասխանատվության մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ-ում թվարկել է պաշտոնյաների անուններ, որոնք չեն կարող խուսափել պատասխանատվությունից:

Նա նաև հայտարարել է՝ ովքեր հրաժարվում են Արցախից, Հայաստանի Հանրապետությունում դատապարտվելու են պետական դավաճանության համար, ովքեր թուլացրել-քայքայել են հայկական բանակը, Արցախի պաշտպանության բանակը, ներում չեն ունենալու, և այսպես շարունակ:

ԱԺ-ում հայտարարությունների ժամին փոխխոսնակ Հակոբ Արշակյանը որոշել է պատասխան «զգուշացումներ» անել՝ մասնավորապես նշելով. «Բոլոր նրանք, ովքեր թուլացրել են հայկական բանակը՝ ուտելով զինվորի հացը, գնել են ժամկետանց հրթիռներ, քրեական բարքեր են ներմուծել հայկական բանակ, պետական մրցույթներում իրենց խնամի-բարեկամների միջոցով թալանել են, ունեզրկել են, տիրացել են ՀՀ քաղաքացու ունեցվածքին, դատվելու են և դատվում են։ Եվ չեն մարսելու գողացվածը»:

Այո, բոլորը պատասխանատվության են ենթարկվելու, բայց այստեղ հատկապես կարևոր է, թե ո՞վ է նման հայտարարություններ անողը՝ բանակը քայքայած, 44-օրյա պատերազմում երկիրը խայտառակ պարտության տարած, պետականության վտանգի առջև կանգնեցրած ՔՊ-ական մեկը:

Կարդացեք նաև

44-օրյա պատերազմում բանակին պարտության մատնած, բանակը կազմաքանդած, նախկին իշխանությունից կահավորված և ամուր դիրքեր ժառանգած և դրանք թուրքին հանձնած, անվտանգային երաշխիքները և պայմանները մսխած, թշնամական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա զինվորին և սպային բաց երկնքի տակ՝ քնապարկում կամ վրաններում պահող, գյուղական տները զորամասի վերածած, ամեն օր թշնամու առաջխաղացումները ՀՀ ինքնիշխան տարածքում թույլ տված և տվող իշխանության ներկայացուցիչը խոսում է բանակը թուլացնելուց: Բանակի համար զենք գնելու կարողություն չունեցող, բանակից՝ երկրի միանձնյա անվտանգության երաշխավորը լինելու կարողությունները չեզոքացրած իշխանության ներկայացուցիչը սպառնում է դատել ինչ-որ մեկին բանակը թուլացնելու համար: Էջերը չեն բավականացնի հատ առ հատ թվարկելու այն վնասի այն չափը, որ բանակին հասցրել է Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական» իշխանությունը, որի ներկայացուցիչները, ի դեպ, կամ իր պես չեն ծառայել, կամ նախկինների բանակում ծառայելուց ողջ-առողջ վերադարձել են:

Հիմա անդրադառնանք կոնկրետ մեղադրանքներին, առաջին՝ քրեական բարքեր հայկական բանակ ներմուծելուն: Տպավորություն է, որ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը երբևէ չի հետևել գոնե իր թիմակից Հայկ Սարգսյանի ելույթներին ԱԺ-ում կամ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերում, որտեղ մանրամասն նկարագրում է Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի ղեկավարած բանակում առկա խնդիրները և արատավոր երևույթները: Մասնավորապես, 2022թ. դեկտեմբերի 1-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը նշել էր.

«Բանակում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց մասին լարված իրավիճակի բերումով, պատերազմական իրավիճակի բերումով չենք խոսում, որ թուրքը չիմանա, չուրախանա, բայց այդ խնդիրները կան: Եվ դրանց մասին, կարծում եմ, պետք է կամաց-կամաց սկսենք խոսել ու հասկանալ՝ ինչպես ենք դրա դեմ պայքարում: Օրինակ, շատ է տարածված զինծառայողների շրջանում վիճակախաղերով զբաղվելը, խմելը, թմրանյութեր օգտագործելը և այլ խախտումներ, զանցանքներ կամ հանցանքներ, որոնք առկա են ինչ-ինչ մակարդակներում: ՊՆ-ն ի՞նչ է անում՝ վիճակախաղերի դեմ բանակում պայքարելու համար, ես կուզենամ իմանալ: Ես գիտեմ, որ որոշակի աշխատանքներ գնում են, բայց պետք է սրա մասին բարձրաձայնել և այս ամբիոնն օգտագործել»:

Նիստին ներկա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել էր, որ խնդիրների մասին պետք է շատ խոսել:

«Իհարկե, խնդիրներն ունենում են 2 մաս՝ հրապարակային և փակ: Պարոն Քոչարյանը կարող է նախաձեռնել փակ քննարկում, որին ես միշտ պատրաստակամ եմ գալ և պատասխանել ձեր հարցերին: Բանակը զերծ չէ խնդիրներից, այդ թվում՝ արատավոր երևույթներից: Օրենսդրական մի շարք նախաձեռնությունների կարիք կա, ոչ թե նրա համար, որ դրա աղբյուրը, օրրանը բանակն է, ամենևին: Բանակը հասարակության հայելին է, բաղկացուցիչը, և այն, ինչ բաց հասարակությունում թույլատրելի է, բանակում արգելված է: Պետք է դրանք սահմանափակենք, ընդհուպ՝ արմատախիլ անել: Քայլեր ձեռնարկում ենք, այդ թվում՝ սմարթֆոնների սահմանափակումը միտված է նրան, որ զինվորականն իր գործով զբաղվի՝ իր զորամասի, իր ծառայության շրջանակներում»,- շեշտել էր Սուրեն Պապիկյանը:

Ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարարը իշխանական պատգամավորին՝ իր թիմակցին, հասկացրել էր, որ իր թվարկած խնդիրները փակ քննարկման առարկա են, և դրանք չպետք է հրապարակավ մանրամասնել: Այսինքն, մենք ապրում ենք պատերազմական իրավիճակում, և թուրքի ուրախանալու փաստը դեռ ոչ ոք չի չեղարկել, այն ուժի մեջ է: Իսկ ՔՊ-ական պատգամավորն այսկերպ, ըստ էության, «խաղացել» էր բանակի հեղինակության հետ: Իշխող խմբակցության պատգամավորն առնվազն կարող էր իր թիմակից նախարարին այլ կերպ ներկայացնել այդ իրողությունները:

Մյուս կողմից՝ Հայկ Սարգսյանն արձանագրել էր՝ Փաշինյանի բանակում արատավոր երևույթները ծաղկում են, որի մասին փորձագետները զգուշացնում էին, երբ բանակում պոպուլիստական որոշում էր կայացվում՝ բանակում թույլատրել հեռախոսների ազատ օգտագործումը:

Երկրորդ, Հակոբ Արշակյանը, թերևս, չի հետևում ԱԱԾ-ի և ՔԿ-ի հաղորդագրություններին, որոնց համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի «ստեղծած» բանակում պատահականորեն պայմանագրային և սպա դարձածները թշնամուն տեղեկություններ են տալիս, կաշառք վերցնում՝ տարբեր ծառայությունների դիմաց:

Երրորդ, Հակոբ Արշակյանը շոշափել է «անպիտան հրթիռների» գործը, որով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, բանակին զենք մատակարարած Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, և այլք: Այս գործի անջատված մասով մեղադրանք կա նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ: Եվ քանի որ ԱԺ փոխխոսնակն արձագանքում էր Աղվան Վարդանյանին, ըստ այդմ հնարավոր է, որ նրա դատվելու զգուշացում-սպառնալիքն ուղղված էր առաջին հերթին Սեյրան Օհանյանին, այնուհետ նաև՝ մոտ 1.7 ամիս կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանին և մյուսներին: Բայց աբսուրդն այն է, որ այդ «անորակ» հրթիռները շուկայականից բարձր գնով բանակին մատակարարվել է հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Իսկ այդ հրթիռների փորձաքնությունից հրաժարվել է իրենց իշխանությունը, քանի որ արդյունքը, ըստ էության, իրենց համար էլ է պարզ: Նույն փակուղային և հորինված վիճակն է նաև հրանոթի արկերի գործի պարագայում և մյուս հնչեղություն ստացած ռազմական գործերի դեպքում:

168.am-ը մանրամասն անդրադարձել է դրանց՝ «Հրթիռների գործից մինչև պլատաների գործ. Փաշինյանի քաղաքական վրեժխնդրության ռազմական հետևանքները» հոդվածում:

Ինչ վերաբերում է Հակոբ Արշակյանին, ապա նա լավ կանի հիշի և հաշվարկի ռազմաարդյունաբերությանը և այդ համատեքստում ՀՀ հեղինակությանը հասցրած վնասները:

Հիշեցնենք, որ երբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Հակոբ Արշակյանն էր, Հայաստանը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացել էր բուկլետներով, որովհետև մեր ռազմական տեխնիկայի ցուցանմուշները որպես մաքսանենք ապրանք՝ մնացել էին Մոսկվայում, պարզվել էր, որ հայկական ռազմական նշանակության ապրանքը տրանզիտային պատշաճ փաստաթղթեր չէր ունեցել: Իսկ Արշակյանը նույնիսկ անկարող եղավ անգամ հետո դրանք վերադարձնել Երևան, դա տեղի ունեցավ արդեն ոչ նրա օրոք և շատ ուշ:

Մի փաստ էլ Հակոբ Արշակյանի այս ժամանակաշրջանից. 2021-ի մարտի 6-ին այդ ժամանակ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ  էր տեղադրել, որտեղ ներկայացվում էր հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը:

Այն նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար, անցել է պետական փորձարկումներ, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում։

168.amի հավաստի տեղեկություններով, ռուսական կողմի զայրույթի տեղիք էր տվել այն փաստը, որ տեղական պատճենահանվածն իրենց արտադրանքի նույն անունով էր ներկայացվել:

Այս մասին նույնիսկ ռուսական լրատվամիջոցներում անդրադարձ կար, որտեղ Հակոբ Արշակյանին և նրա ղեկավարած գերատեսչությանը հեգնում էին, թե՝ «սովորել են գեղեցիկ պրեզենտացիաներ «նկարել»»:

Ի դեպ, ուշագրավ էր այն, որ մարտի 6-ին տարածած այս տեսանյութին կից Հակոբ Արշակյանը հրավեր չէր անում մարտի 25-27-ը Երևանում հայտարարված Սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային «ArmHiTec-2021» ցուցահանդեսին, որն այդ ժամանակ դեռ հետաձգված չէր, մինչդեռ մարտի 3-ին, երբ ներկայացնում էր հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը, նման հրավեր կար՝ «ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում»:

168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՌԴ-ն հրաժարվել էր այս ցուցահանդեսին իր մասնակցությունից:

Ավելի ուշ «ArmHiTec-2021» ցուցահանդեսի կայքից տեղեկացանք, որ այն հետաձգվում է և կանցկացվի 2022 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման որոշում էր կայացրել իբր Հայաստանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման և զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակումներով պայմանավորված:

Այս պատճառաբանությունը, իհարկե, զավեշտալի է վերևում նշված փաստերի առկայության դեպքում:

Իսկ 2021թ. մարտի 31-ին Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Այդ ընթացքում բավականին հասցրել էր հարաբերություններ վատացնել ՌԴ-ի հետ: Եվ հիմա այս մարդն իրեն բարոյական իրավունք է վերապահում ինչ-որ մեկին կամ անձանց սպառնալ, թե դատվելու են…

Եվս մեկ անգամ հիշեցնենք նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կասկածելի որոշումների և նրա թիմակիցների կողմից կատարված միլիոնավոր դոլարների գնումների մասին, որոնք պետք է աներ Պաշտպանության նախարարությունը, այնինչ դա արվել է մտերիմների՝ ՔՊ-ականների ձեռքով, կանխիկ եղանակով: Եվ, ի դեպ, Հակոբ Արշակյանն էլ նախկինում իր ղեկավարած գերատեսչությամբ պետք է պատասխանատվություն կրի և բացատրի՝ ինչը՝ ինչպես, ումից և որքանով են ձեռք բերել:

Տեսանյութեր

Լրահոս