Թուրքիայում սպասվող ընտրությունների նախաշեմին Ադրբեջանը հաշվարկների մեջ է, հայկական կողմը ևս պետք է հաշվարկներ անի, ուժեղացնի սահմանային ծառայությունները. Նուբար Չալըմյան
Մայիսի 14-ին Թուրքիայում սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։
Ապրիլի 25-ին ուղիղ եթերի ժամանակ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր, ուղիղ եթերը դադարեցվել էր, և երբ մի քանի րոպե անց նորից վերականգնվել էր, Էրդողանն այդ ամենը բացատրել էր նրանով, որ ակտիվորեն մասնակցում է նախընտրական քարոզրաշավին, հավանաբար մրսել է, ինչի հետևանքով էլ ինքնազգացողությունը վատացել է։ Սակայն թուրքական և միջազգային լրատվամիջոցները պարբերաբար գրում են, որ Էրդողանն ունի օնկոլոգիական խնդիրներ և հավանաբար ընտրություններում կպարտվի իր գլխավոր հակառակորդին՝ ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուն։
Արդյո՞ք առողջական խնդիրներն Էրդողանը քարոզարշավում օգտագործում է հօգուտ իրեն, Թուրքիայում նախատեսվող ընտրությունների ժամանակ ՀՀ սահմանը, հնարավո՞ր է՝ որոշ ժամանակով զերծ լինի ադրբեջանական սադրանքներից։
168.am–ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ ասաց՝ կարծում է, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների նախաշեմին հայկական կողմը պետք է դիմի ռուսական կողմին, որպեսզի նա սահմանային ուժեղացված ծառայություններ իրականացնի ՀՀ սահմանին։
«Խոսքը վերաբերում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազային, և առհասարակ ռուսական կողմը պետք է ուժեղացնի ՀՀ սահմանների հսկողությունը, քանի որ մենք չգիտենք, թե ինչ է լինելու։ Չի բացառվում, որ սահմաններին վատթարացում լինի, հիմա ուղղակի սա պրոֆիլակտիկ միջոց է հայկական կողմից՝ հասկանալու համար՝ ռուսական կողմը կդիմի՞ այդ քայլին, թե՞ պետք է ասի՝ որևէ լուրջ բան չկա։ Իսկ մեզ պետք է ռուսական կողմին պարբերաբար պահել զգոնության մեջ։
Առհասարակ արաբական աշխարհում, երբ տեղի են ունենում որոշակի փոփոխություններ՝ հեղաշրջումներ, հեղափոխություններ և այլն, սահմանային երկրներն ուժեղացնում են իրենց սահմանային ռեժիմը, այնպես որ՝ մենք էլ պետք է զգոն լինենք և ուժեղացնենք սահմանները»,- նշեց Նուբար Չալըմյանը։
Ինչ վերաբերում է Էրդողանի առողջական վիճակին, Նուբար Չալըմյանն ասաց, որ սովորական քաղաքացին էլ անզեն աչքով կարող է տեսնել, որ նա առողջական վատ վիճակում է։
«Որոշ լրատվամիջոցներ արդեն գրել են, որ բժիշկներն Էրդողանին երկու ամսվա կյանք են տվել, քանի որ վերջինս ունի օնկոլոգիական խնդիր։ Եվ այս ամենն Էրդողանի դեմքից երևում է, դեմքն առհասարակ մարդու ներաշխարհն է, նրա հայելին։
Այս ամենի հետ կապված, մի կարծեք, թե Ալիևը հաշվարկներ չի կատարում, որ Էրդողանի չգոյության ժամանակ ինչ կարող է լինել։ Հայկական կողմն էլ պետք է հաշվարկներ անի, թե Էրդողանի հնարավոր չլինելու դեպքում Ալիևի հոխորտանքների աստիճանը բարձրանալո՞ւ է, թե՞ իջնելու»,- շեշտեց միջազգայնագետը։
Նուբար Չալըմյանի բնորոշմամբ՝ առհասարակ յուրաքանչյուր ժողովուրդ, եթե իմանա, որ իր առաջնորդը հիվանդություն ունի և երկար չի ապրի, բնականաբար, այդ առաջնորդին ընտրություններում չի ընտրի։
Նրա կարծիքով՝ այս համատեքստում թուրքերը ևս, հատկապես՝ Թուրքիայի խոշոր քաղաքներում ապրող քաղաքացիները, ծանութեթև արած կլինեն և իրենց ձայնը կտան մի մարդու, որն առնվազն առաջիկա հինգ տարում, եթե չբարելավի քաղաքացիների վիճակը, գոնե կթողնի նույն կայունության վրա։
«Այս իրավիճակում, չեմ կարծում, որ Էրդողանի շանսերը մեծ են։ Էրդողանի չընտրվելու դեպքում կփոխվի՞ Թուրքիայի վարած քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Այս հարցի վերաբերյալ մենք պետք է հասկանանք, թե ադրբեջանական կողմն ի՞նչ է գրում, ի՞նչ հայտարարություններ է անում, որովհետև Ադրբեջանը մտահոգված է։
Էրդողանն Ալիևի մեծ եղբայրն է, հայրը, հետևաբար՝ մտահոգված են, թե նրանից հետո իշխանության եկող ուժերի ծրագիրն ինչպիսին է լինելու իրենց նկատմամբ։ Բնականաբար, Թուրքիայում իշխանության եկած նոր անձը միանգամից չի սրելու հարաբերությունները հարևան երկրների հետ, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Ընդդիմության ղեկավարի ծրագիրը մենք չգիտենք, նա ավելի մե՞ղմ քաղաքականության կողմնակից է, թե՞ պետք է շարունակի այն քաղաքականությունը, ինչ իր նախորդը։
Մենք ուշադիր պետք է այդ հարցում հետևենք Ադրբեջանի հրապարակումներին, նրանք ավելի շահագրգռված են ու վայելում էին Թուրքիայի քաղաքական բարիքները, հետևաբար՝ Էրդողանի փոփոխության դեպքում ավելի մանրամասն պետք է ներկայացնեն, թե իրենց ինչ կարող է սպասվել»,- եզրափակեց Նուբար Չալըմյանը։