Հեռացողները շատացել են

Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո մեծ թվով Ռուսաստանի քաղաքացիներ տեղափոխվեցին և հաստատվեցին Հայաստանում։ Նրանց մի մասը նաև սկսեց բիզնես գործունեություն ծավալել։ Մի քանի հազար ընկերություններ բացեցին։ Պատժամիջոցների պատճառով հազարավոր քաղաքացիներ, հատկապես՝ ՏՏ ոլորտից, տեղափոխվեցին և իրենց գործունեությունը սկսեցին իրականացնել այստեղից։

Տարբեր հաշվարկներով, անցած տարի Հայաստանում 50 հազարից մինչև 100 հազար Ռուսաստանի քաղաքացի էր հաստատվել։ Դա նպաստեց՝ ինչպես ներքին սպառման աճին, այնպես էլ՝ տնտեսության ակտիվությանն ու աշխատատեղերի ավելացմանը։ Այդքան որ իշխանությունները գլուխ են գովում բացված աշխատատեղերի քանակով, առավելապես սրա արդյունք էր։

Դրանով էր պայմանավորված նաև ներքին սպառման աճը առևտրի ու ծառայությունների ոլորտներում։ Չնայած անգամ նման հսկայական հոսքերի, այդ թվում՝ զբոսաշրջային հոսքերի պարագայում, ունեցանք մանրածախ առևտրի չնչին աճ։ Եթե չլինեին այս հոսքերը, այդ չնչին աճն էլ չէր լինի։

Անցած տարի Ռուսաստանից Հայաստան տեղափոխվածներն էական ազդեցություն ունեցան սպառողական շուկաներում ու տնտեսության տարբեր ոլորտներում արձանագրված դրսևորումների վրա։ Եվ դա պատահական չէր, եթե հաշվի առնենք, որ խոսքը տասնյակ-հազարավոր քաղաքացիների մասին էր։ Սակայն այս տարվա սկզբին հակառակ միտումն է նկատվում։ Ճիշտ է, մուտքերն այդ երկրից շարունակում են բարձր լինել, այնուհանդերձ Ռուսաստանի քաղաքացիները սկսել են հեռանալ Հայաստանից։

Կարդացեք նաև

Պաշտոնական տվյալներով, տարեսկզբի առաջին երկու ամիսներին Ռուսաստանից ավելի քան 207 հազար քաղաքացու մուտք է եղել  Հայաստան։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում, երբ դեռևս նոր էր մեկնարկում ռուս-ուկրաինական հակամարտությունը, եղել էր ընդամենը 87 հազարը։

Ակնհայտ է, որ տարբերությունն այս և անցած տարվա միջև հսկայական է։ Այս տարի գրեթե 2,4 անգամով կամ 120 հազարով ավելի շատ Ռուսաստանի քաղաքացի է եկել Հայաստան, քան եկել էր անցած տարվա առաջին երկու ամիսներին։ Սակայն, դրանով հանդերձ, նկատելի է նաև վերադարձողների թվի աճը։ Տարեսկզբին ավելի շատ Ռուսաստանի քաղաքացիներ են գնացել Հայաստանից, քան եղել են եկողները։

Սա նշանակում է, որ անցած տարի տեղափոխվածների և այստեղ մնացածների մի մասը, տարբեր պատճառներով, որոշել է հեռանալ՝ վերադառնալ կամ տեղափոխվել այլ երկրներ։

Հունվար-փետրվարին Հայաստանից գնացած Ռուսաստանի քաղաքացիների ելքերը հասնում են 219 հազարի։ Գրեթե 12 հազարով ավելի շատ, քան մուտքերը։

Ճիշտ չէ, իհարկե, ասել, որ հենց այդքան Ռուսաստանի քաղաքացի տեղափոխվել է Հայաստանից, որովհետև այս շարժերի մեջ կարող են լինել նաև կրկնակի ելքեր ու մուտքեր։ Սակայն, որ ելքերի ավելացումը մեծամասամբ տեղի է ունեցել մարդկանց տեղափոխման հաշվին, միանշանակ է։

Մեծ մասը գնացել է հունվարին։ Այդ ամսին Ռուսաստանից 109 հազար մուտք է եղել, Հայաստանից՝ 120 հազար ելք։

Փետրվարին մարդկային հոսքերի ակտիվությունը դանդաղել է։ Ինչպես եկողներն են նվազել, այնպես էլ՝ գնացողները։ Բոլոր դեպքերում, գնացողների քանակը գերազանցել է եկողներինը։

Փետրվարին Ռուսաստանի քաղաքացիների 97,5 հազար մուտք է եղել, այնինչ Հայաստանից դուրս է եկել 98,5 հազարը. 1000-ով ավելի շատ, քան եկել է այդ ամսին։

Տեղափոխվողների ակտիվությունը հունվարի համեմատ փետրվարին զգալիորեն նվազել է, բայց գնացողները շարունակել են գնալ։ Միտումը պահպանվել է։

Երկու ամսում 12 հազարով բացասական դինամիկան արդեն բավական մեծ տարբերություն է։ Ու եթե առաջիկայում այն շարունակի պահպանվել, կարճ ժամանակահատվածում կարող է այնպես ստացվել, որ Ռուսաստանից եկածների մեծ մասը հեռանան։

Դա, անշուշտ, նպատակահարմար չէ տնտեսական առումով, թեև բոլորն էլ հասկանում են, որ այս պրոցեսները ժամանակավոր են և ինչ-որ պահից դադարելու են այդպիսին լինել։ Բայց որքան այն երկարի, այնքան լավ։

Ռուսաստանի քաղաքացիների ելքը Հայաստանից տարեսկզբին չնայած ավելացել է, այնուհանդերձ շատ մեծ ակտիվություն կա այդ երկրից մարդկային տեղաշարժերի առումով։ Իհարկե, ակտիվությունը նկատելի է նախորդ տարվա այս շրջանի համեմատ, երբ բոլորովին այլ իրավիճակ էր՝ Ռուսաստանը պատժամիջոցների տակ չէր, խոսք չկար հարյուր-հազարավոր քաղաքացիների զորահավաքի մասին, ազատ տեղաշարժի հնարավորությունները տարբեր երկրներ բավական մեծ էին։

Հակամարտությունից հետո շատ բան փոխվեց, նաև դեպի Ռուսաստանից Հայաստան մարդկային հոսքերի առումով։ Տարեսկզբի այն ակտիվությունը, որ նկատվում է, հիմնականում նախորդ ժամանակաշրջանի դրսևորումների և անհամեմատ ցածր բազայի արդյունք է։ Այս տեղաշարժերի հետ կապված առավել իրական պատկեր հնարավոր կլինի ստանալ հետագա ամիսներին, երբ աստիճանաբար կսկսի արտահայտվել նախորդ տարվա դրսևորումների ամբողջական ազդեցությունը։

Ի տարբերություն Ռուսաստանի, տարեսկզբին դրական դինամիկա է դրսևորվել Հայաստանի քաղաքացիների տեղաշարժերի առումով։ Մուտքերը գերազանցել են ելքերին։ Այսինքն՝ ավելի շատ Հայաստանի քաղաքացի է եկել, քան գնացել։

Հունվար-փետրվարի դրական տարբերությունը կազմել է գրեթե 12 հազար։

Թվում է, թե Հայաստանի քաղաքացիները սկսել են վերադառնալ։ Բայց, երբ նայում ենք նախորդ տարիների միտումները, տեսնում ենք, որ նախկինում ևս այդպես է եղել։ Հունվարին սովորաբար եկողների քանակն ավելի շատ է եղել, քան գնացողներինը։ Արդեն փետրվարից պատկերը փոխվել է։ Ավելացել են գնացողները։

Բացառություն չի եղել նաև այս տարի։ Եթե հունվարին 18 հազարի դրական տարբերություն էր արձանագրվել, արդեն փետրվարին գնացողներն ավելի քան 6 հազարով գերազանցել են եկածներին։ Մուտքերի ու ելքերի հաշվեկշիռը կրկին բացասական է։ Նույնիսկ ավելի մեծ չափով, քան անցած տարի էր։

Այս տարի Հայաստանի քաղաքացիների անհասկանալի մեծ տեղաշարժ է արձանագրվել։

Հունվար-փետրվարին մուտքերը կազմել են 256 հազար, ելքերը՝ 244 հազար։ Այն դեպքում, որ անցած տարվա նույն ամիսներին մուտքերը 129 հազար էին, ելքերը՝ 128 հազար։

Եթե Ռուսաստանի քաղաքացիների պարագայում շատ բան հասկանալի է, ապա Հայաստանի քաղաքացիների պարագայում պարզ չէ, թե հատկապես ի՞նչն է եղել այս ակտիվ տեղաշարժի պատճառը։ Պաշտոնական տվյալներով, դրանք նախորդ տարվանից գրեթե կրկնակի ավելի են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս