Բանակը չպիտի լինի անվտանգության երաշխավորը. Փաշինյանի խայտառակ ինքնախոստովանությունը

«Հեղափոխական  հպարտ քաղաքացու» օրը Նիկոլ Փաշինյանն  ուղերձ է հղել, որում ոչ միայն ստեր են, այլև շատ վտանգավոր թեզեր, նաև՝ ինքնախոստովանություն:

Փաշինյանը նախ ստելով հայտարարում է, թե 2018թ. «հեղափոխության» առաջնային և առանցքային նպատակներից մեկն իրագործված է՝ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ, և սա այն դեպքում, երբ քրեադատավարական փաթեթավորմամբ ՊՆ նախկին պաշտոնյաների քաղաքական հետապնդումները, «կարված» գործերի շրջանակում քաղաքական որոշմամբ բարձրաստիճան զինվորականների կալանավորումները ակնհայտ քաղաքական հետապնդումներ են:

Այս մասին բաց տեքստով և ոչ մեկ անգամ հայտարարել է, մասնավորապես, Փաշինյանի կառավարության երբեմնի անդամ, բայց նրա քաղաքական թիմակիցը չհամարված, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ով հրթիռների գործով, շուրջ 1 տարի 7 ամիս է, անազատության մեջ է:

Իշխանափոխության հենց սկզբից Փաշինյանի քաղաքական թիրախում  առաջին հերթին հայտնվեց  բանակը, բարձրաստիճան զինվորականությունը և  արցախյան պատերազմի հերոսները, նախ՝  «Մարտի 1»-ի գործ, որի շրջանակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, այս գործով էր անցնում նաև ԳՇ նախկին պետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:

Կարդացեք նաև

Այսօրվա դրությամբ էլ տարբեր մեղադրանքներով պաշտպանության  նախկին մի քանի նախարարի նկատմամբ քրեական գործ կա, ունենք կալանավորված գեներալներ, ինչը, կրկնում ենք, բացառապես քաղաքական որոշման արդյունք է: Թե ով որքանով է մեղավոր  կամ  անմեղ,  հիմա դա չենք քննարկում: Բայց փաստ է՝ գեներալների կալանավորումը՝ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր  Գրիգորի Խաչատուրովից մինչև ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ  Միքայել Արզումանյան,  քաղաքական որոշում է:

Առաջիկայում առանձին հոդվածով  կանդրադառնանք, թե իշխանափոխությունից հետո քանի՞ բարձրաստիճան սպայի, գեներալի նկատմամբ է գործ հարուցվել:

Իսկ Փաշինյանը, որ 2022 թվականի ապրիլի 13-ին խոստովանել էր՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի», այսօր իր ուղերձում ակնարկել է՝ եթե նախկին իշխանությունների օրոք ժողովրդավարություն լիներ, չէինք ունենա 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում և դրանից  բխող՝ մեզ վրա հասած աղետները:

«Մեր ընդդիմախոսներն ասում են՝ թող չունենայինք ժողովրդավարություն, բայց չունենայինք նաև այն աղետալի ձախողումները, որ ունեցանք, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմում և դրանից հետո: Բայց գոնե այսօր պիտի համարձակություն ունենամ ասելու. այդ աղետները վրա հասան երկար տարիներ ժողովրդավարություն, օրինականություն, քաղաքացիական ազատ բանավեճ չունենալու հետևանքով, այն տաբուների, կաղապարների և «ճշմարտությունների» պատճառով, որոնք ստեղծվել էին բարեհունչ վերնագրերի ներքո, բայց ո՛չ հանուն պետականության»,- հայտարարել է նա:

Նախ, Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է, երբ ասում է, որ իր ընդդիմախոսները համատարած ասում էին՝ թող չունենայինք ժողովրդավարություն, բայց չունենայինք նաև 44-օրյա պատերազմում արձանագրված աղետները: Եթե ասել են, ապա նկատի են ունեցել Նիկոլ Փաշինյանի ստեղծած ժողովրդավարությունը, որն իրական ժողովրդավարության հետ ոչ մի աղերս չունի, երկրորդ՝ Փաշինյանի ընդդիմախոսները հակադարձել են փաշինյանական այն թեզին, թե ժողովրդավարությամբ կարելի է մարտի դաշտում հաղթանակ տանել, որովհետև միջազգային հարթակում էլ ուժն է ծնում իրավունք: Մյուս կողմից, որքան էլ միջազգային հանրությունը նախկին իշխանությունների փոքր խախտումների հանդեպ չափազանց բծախնդիր և ուշադիր  էր, որն արտացոլվում էր տարատեսակ զեկույցներում, այնուամենայնիվ, միջազգային հանրությունն ընդունում էր՝ Ադրբեջանի դեպքում գործ ունեին ավտորիտար պետության հետ, որտեղ ոտնահարվում էր խոսքի ազատությունը, ինչը չէր ասվում, օրինակ,  Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի դեպքում:

Նիկոլ Փաշինյանի Հայաստանը զրկված է և՛ ուժից, և՛ իրավունքից միջազգային հարթակներում, և ներսում գործ ունենք միանձնյա, բռնատիրական կառավարման հետ, դրանից բխող բոլոր հետևանքներով: Եվ այսօր առնվազն տարօրինակ է, որ Սերժ Սարգսյանի համաներումն ու «մեղմությունն» իր մաշկի վրա զգացած Նիկոլ Փաշինյանը բողոքում է, թե նախկինում ժողովրդավարություն չի եղել: Եթե իրականում այդպես լիներ, ապա «Հայկական ժամանակի» խմբագիր և ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քայլելով իշխանություն չէր զավթի՝ պետական հիմնարկների դռներ ոտքով կոտրելով, սև ժապավեններ և դագաղներ իր ընդդիմախոսների տան մոտակայքում կապելով և դնելով, բանակին իշխանազավթմանը մասնակից դարձնելով, բռնության կոչեր անելով: Իսկ միգուցե չափազանց ժողովրդավա՞ր են եղել «Հայկական ժամանակի» խմբագիր և ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հանդեպ, և միգուցե իսկապես պետք էր շատ կոշտ լինել՝ հաշվի առնելով այն ավերածություններն ու թշնամու օրակարգի սպասարկումը, որն իրագործվում է Արցախում և Հայաստանում Փաշինյանի և նրա թիմակիցների ձեռքով…

Ինչ վերաբերում է նրա հնչեցրած վտանգավոր թեզերին, ապա Նիկոլ Փաշինյանը ասում է՝ «հայրենիքը պետությունն է, որը  պիտի լինի կոնկրետ, սերը հայրենիքի նկատմամբ օրինապահությունն է»:

Փաստորեն, ըստ  Փաշինյանի՝ «քաղաքացիությունն ինքնություն է». ստացվում է՝ ոչ թե ազգությունդ է որոշում ինքնությունդ, այլ քաղաքացիությունդ: Այո, եթե սիրում ես հայրենիքդ, պիտի լինես պետության լավ քաղաքացի, բայց ինքնությունդ առաջին հերթին որոշվում է ազգությամբ, կրոնով, ազգային արժեքներով, գենետիկ կոդով, ոչ թե քաղաքացիությամբ: Եվ հենց սա՛ է  փորձում քանդել  Փաշինյան-Հակոբյան զույգը՝ անընդհատ խոսելով հայրենասիրության նոր մոդելից, ամենօրյա ռեժիմով ոտնձգություններ կատարելով մեր ազգային ինքնության հանդեպ:  Իհարկե, մյուս կողմից, թուրքական միջավայրում մեծացած դավանափոխ կամ ծպտյալ հայերի պարագայում Թուրքիայի քաղաքացիությունն ու միջավայրն է ինքնություն ձևավորել: Բայց հիմա այս մասին չէ խոսքը:

Իսկ թեմայի համատեքստում, թերևս, տեղին է հիշել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի  ժողովրդագրական «անմեղ» ծրագիրը:

44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս առաջ՝ 2020-ի օգոստոսի 7-ին, առցանց մի քննարկման ժամանակ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել էր, թե «Հայաստանը պետք է դարձնել հայրենիք մեր նման ազգերի համար՝ Իսպանիայի արաբների, ասորիների համար»:

«Սկզբունքայնորեն համաձայն եմ, որ մենք պետք է այնպիսի իրականություն ստեղծենք Հայաստանում, մենք բոլորս, որպեսզի ոչ շատ հեռավոր ապագայում կարողանանք մտածել ոչ միայն հայերի հայրենադարձման, այլ նաև Հայաստանը դարձնելու հայրենիք մեզ նման ազգերի համար՝ խոսքը քրիստոնյա արաբների, ասորիների, այն ազգերի, որոնք ազգային անվտանգության վտանգ չեն ներկայացնում Հայաստանին և կարող են հեշտորեն ինտեգրվել Հայաստանում, որովհետև նման ձևերով՝ խելացի, մտածված, քաղաքակիրթ ձևերով, մենք կարող ենք դեմոգրաֆիկ իրավիճակը Հայաստանում փոխել, և դրանից պետք չի ամաչել, դա ճիշտ քայլ է: Դա արդեն հաջողություն կլինի. պատկերացրեք՝ մենք Հայաստանը դարձնում ենք մի երկիր, որը գրավիչ է նաև ոչ հայերին»:

Այսօր Նիկոլ Փաշինյանը կարող է շատ հեռու գնալ և Հայաստանը գրավիչ դարձնել թշնամական պետության քաղաքացիների կամ այլ երկրի քաղաքացի հանդիսացող թուրքերի համար, որոնք մեր երկրում հարմարվելու խնդիր հաստատ չեն ունենա, իսկ արդեն խնդիր են ունենալու սեփական երկրում չհարմարվող հայերն ու ՀՀ քաղաքացիները: Եվ այդ ծրագիրն իրագործելու ուղղությամբ նրանք ջանքեր են գործադրում:

Ի դեպ, տարիներ առաջ Արևմտյան Հայաստանի Դերսիմ և Տիգրանակերտ գավառներից Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու համար Երևան եկած երեք ծպտյալ հայերին Հայ Առաքելական եկեղեցին հրաժարվել էր մկրտել:

Կոմիտաս վարդապետ Հովնանյանն այս թեմայով բանավեճին հիմնավորել էր Մայր Աթոռի որոշումը՝ ասելով. «Ես անձամբ Գերմանիայում հանդիպել եմ մի աղջկա, ով ամուսնացած էր քրդի հետ և ուզում էր ամբողջ ընտանիքով մկրտվել մեր եկեղեցում: Բայց գիտե՞ք՝ ինչի համար. որպեսզի Գերմանիայում կացության թուղթ ստանար: Կային թուրք աղջիկներ, որոնք ուզում էին ամուսնանալ հայերի հետ, և գալիս, մկրտվում էին՝ որպես քրիստոնյա, իսկ վեց ամիս անց հայտարարում էին՝ ի՞նչ է, ջուր մտնելով՝ ես դադարեցի՞ մահմեդական լինելուց, դարձա քրիստոնյա՞. ես դա արեցի, որպեսզի իմ սիրած տղայի հետ ամուսնանամ: Ուրեմն այստեղ ոչ թե կրոնն է խոսում, այլ անձնական կամ քաղաքական շահը:

Մենք՝ հայերս, շատ էմոցիոնալ ենք, շատ ենք տրվում այս բոլոր երևույթներին և ամեն ինչում մեղադրում ենք Հայ Առաքելական եկեղեցուն՝ այս կամ այն բանը չանելու համար: Ինչպե՞ս ենք մենք ուզում պատահական ինչ-որ մեկին, օրինակ, Հասան Հյուսուն անունով, մկրտել իբրև հայ քրիստոնյա՝ առանց իմանալու նրա ինքնությունը: Նախ՝ որևէ մեկն իր հավատքը փոխելու ժամանակ պիտի դիմում ներկայացնի իր համայնքին, այսինքն՝ նա պիտի մահմեդական մզկիթում ներկայացնի իր դիմումը, որ ինքը հրաժարվում է մահմեդականությունից: Ստանալով գրությունը, որ այո՛, իրենք ընդունում են, որ նա դուրս է եկել մահմեդական կրոնի շարքերից, այդ ժամանակ այդ թղթի հիման վրա մենք կարող ենք նրան ընդունել մեր եկեղեցում, սովորեցնել մեր եկեղեցու կրոնը, հավատամքը, դավանանքը, որից հետո նոր մկրտել»:

Այսինքն, գործ ունենք չափազանց վտանգավոր թեզի և բարդ իրավիճակի հետ, ինչը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում կարող են ՀՀ ներմուծվել հայերին բարեկամ ընդունող, եվրոպականացված, բայց էթնիկ վարքաբանության մեջ տիպիկ թուրքական հոգեկերտվածքով անձինք: Սա՝ լավագույն դեպքում, բայց կարող ենք բախվել նաև վատագույնին:

Հպարտ քաղաքացու օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը ևս մեկ վտանգավոր ձևակերպում է անում՝ «անվտանգության երաշխավորը խաղաղությունն է, և այս հենասյուների վրա պիտի կառուցվի Ապագան»:

ՀՀ զինված ուժերը, բանակն այլևս անվտանգության երաշխավոր չե՞ն փաստորեն, դրա համա՞ր է, որ Նիկոլ Փաշինյանը չի հզորացնում բանակը, չի վերականգնում բանակի կարողությունները, զինվորից, սպայից վախկոտի և կաշկանդվողի, փախնողի, դասալիքի ընդհանրական կերպար է ստեղծում, որ հետո կարողանա «ապացուցել» և ասել՝ անվտանգության երաշխավորը խաղաղությունն է, այն դեպքում, երբ ինքն է ընդունել, որ իր խաղաղաղության դարաշրջանի ծրագիրը ձախողվել է, և խաղաղության պայմանագրի կնքումը չի ապահովագրում նոր պատերազմից: Այսինքն, մի կողմից՝ դասալիք Փաշինյանը խոսում է  պրոֆեսիոնալ բանակից, մյուս կողմից՝ խոստովանում, որ իր ցանկացածն առանց բանակի ապագան է, որի հետ հպարտ քաղաքացիները պիտի համակերպվեն:

Տեսանյութեր

Լրահոս