Բաժիններ՝

Կարեն Աղամալյանն ակնկալում է, որ Հայաստանի հավաքականի բոլոր բռնցքամարտիկներն ԱԱ-ում կպայքարեն մեդալների համար

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով ընտրանու յուրաքանչյուր անդամ, ով մասնակցելու է առաջիկայում Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը, պետք է պայքարի մեդալի համար:

«Ուսումնամարզական հավաքին Հայաստանի ընտրանու հետ մարզվում են նաև 5 հավաքականներ` Ղազախստան, Ֆիլիպիններ, Ավստրալիա, Տաջիկստան, Հունաստան: Մենք երկու քաշում ներկայացուցիչ չունենք, քանի որ իմ կարծիքով այդ քաշային կարգերում հանդես եկող տղաները դեռևս պատրաստ չեն աշխարհի առաջնության մակարդակի մենամարտեր անցկացնելուն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց գլխավոր մարզիչը:

Աղամալյանի խոսքով` նախապատրաստական աշխատանքների վերջին փուլն է, և թիմը երկու օրից կմեկնի Ուզբեկստան, որտեղ կայանալու է աշխարհի առաջնությունը:

«Դեռևս լուրջ վնասվածքներ չունենք, բայց սա բռնցքամարտ է ,և չես կարող ասել՝ ինչ կլինի վաղը: Հավաքականում նոր անուններ կան: Յուրաքանչյուրը պետք է պայքարի մեդալի համար»,-ասաց նա:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի 11 մարզիկով: Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն` 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը և 92+ կգ քաշային Դավիթ Չալոյանը: Բռնցքամարտի 2023 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Աշխարհի առաջնությունը կկայանա մայիսի 1-14-ը: Առաջնության մրցանակային ֆոնդը պատմական է: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը կստանա 200.000, երկրորդ տեղը` 100.000, երրորդ մրցանակակիրները` 50.000 ԱՄՆ դոլար: Մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 5,2 միլիոն ԱՄՆ դոլար: Աշխարհի առաջնությունն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս