ՀՀ իշխանությունը պիտի փորձի առարկայական բանակցություններ սկսել, ոչ թե հարթակից-հարթակ ցատկոտելով՝ ձգձգի հարցի լուծումը. Արմեն Բաղդասարյան

Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարի կամուրջը զավթելուց հետո, սկսել է մաքսակետեր տեղադրել։ Ադրբեջանի կողմից իրականացվող այս գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետության Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը գտնվում են տոտալ շրջափակման մեջ, կտրվել է կապը՝ ինչպես  Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի հետ։

Եթե ադրբեջանական մաքսակետերը չհանվեն, ապա ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախին ու Հայաստանին, առհասարակ ստեղծված իրավիճակում հայկական կողմը դիվանագիտական ճանապարհով կարո՞ղ է իրավիճակը ճշտել։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ դժվար թե հաջողվի իրավիճակ փոխել կամ շտկել, քանի որ խնդիրն այդ ճանապարհը փակելը չէ, այն շատ ավելի ընդգրկուն է։

«Իրավիճակի պատճառն այն է, որ խնդիրը կարգավորված չէ, և Ադրբեջանն օգտվում է այդ հանգամանքից։ Հետևաբար՝ խնդիրը պետք է ամբողջովին կարգավորել, հատվածական լուծումներ չեն լինելու։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները պիտի փորձեն առարկայական բանակցություններ սկսել, այլ ոչ թե անընդհատ փորձեն խուսափել կամ պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա՝ փորձելով հարթակից-հարթակ ցատկոտելով՝ ձգձգել հարցի լուծումը։ Այս ամենի արդյունքները մենք տեսնում ենք, սա որևէ տեղ չտանող ճանապարհ է, և Ադրբեջանն անընդհատ օգտվելու է դրանից. մի օր դա լինելու է՝ ներխուժման, մեկ այլ օր՝ ճանապարհ փակելու տեսքով, նաև կլինեն տարբեր պրովոկացիաներ։ Առանձին-առանձին այդ դրսևորումների դեմ պայքարելն արդյունավետ չէ»,- 168.am հետ զրույցում նշեց Արմեն Բաղդասարյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ այս ամենը տեղի է ունեցել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, որո՞նք պետք է լինեին նրանց գործողություններն այս իրավիճակում, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց՝ խաղաղապահները կարո՞ղ էին այդ ամենը կանխել, թե՞ ոչ, նման լիազորություններ ունե՞ն, թե՞ ոչ՝ դժվար է ասել։

«Երբ հարցը դիտարկում ենք ավելի լայն համատեքստում, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը նման քայլերով ճնշումներ է գործադրում Հայաստանի նկատմամբ՝ որպեսզի Հայաստանը փաստաթղթերով ամրագրի բոլոր այն ծանր զիջումները, որոնք ցանկանում է։

Ռուսաստանին մեծ հաշվով ձեռնտու է, որ որևէ փաստաթուղթ ստորագրվի, որովհետև այն որոշ ժամանակով կայունություն կապահովի, ինչը ՌԴ-ին շատ անհրաժեշտ է, քանի որ Ուկրաինայի խնդրով պայմանավորված՝ չի ցանկանում այստեղ ունենալ երկրորդ ճակատ։

Այսինքն՝ մեծ հաշվով Ռուսաստանին ձեռնտու է, որ Ադրբեջանը ճնշումներ գործադրի հայկական կողմի վրա՝ դրանով Հայաստանին ստիպի փաստաթղթավորել ու կայունացնել իրավիճակը՝ գոնե կարճաժամկետ։ Այլ բան, որ Ադրբեջանի այդ քայլերն ուղղված են նաև ռուս խաղաղապահների դեմ, դրանում վստահ եմ, նախ՝ որովհետև ՌԴ-ի հեղինակությունն է կտրուկ ընկնում, երկրորդ՝ վստահ եմ, որոշ ժամանակ հետո Ադրբեջանը շատ ավելի կոշտ պահանջներ է դնելու ռուս խաղաղապահների առջև։ Օրինակ, ստիպի, որպեսզի նրանք իրենց մատակարարումները ստանան ոչ թե Հայաստանի տարածքից, այլ, ասենք, Վրաստանի ու Դաղստանի միջոցով։ Կարող են նաև ռուս խաղաղապահներին ստիպել, որպեզի նրանք աշխատեն իրենց օրակարգի շրջանակներում, օրինակ, օգնել, ինչպես իրենք են ասում՝ զինաթափել հայկական «ապօրինի զինված կազմավորումներին»՝ նկատի ունելով Արցախի Պաշտպանության բանակին»,- ընդգծեց քաղաքագետը։

Ճշտող հարցին՝ այսինքն՝ ՌԴ-ն նաև դեմ չի՞ լինի, եթե Հայաստանը ստորագրի փաստաթուղթ՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց, որ այժմ այս հակամարտությունը Ռուսաստանի համար երկրորդ պլանում է, բայց դրա մասին չեն մոռանում։

«Սակայն Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է, որ այս փուլում, երբ հայտնի չէ, թե Ուկրաինայում իրավիճակն ինչ հանգուցալուծում կստանա, թեկուզ կարճաժամկետ այստեղ կայունություն լինի, որպեսզի հանկարծ մեծ պատերազմ չլինի։ Ադրբեջանն այս ամենը հասկանալով՝ ճնշումները մեծացնում է Հայաստանի նկատմամբ»,- եզրափակեց Արմեն Բաղդասարյանը։

Տեսանյութեր

Լրահոս