Հայ երեխաների թուրքացում․ Թուրքիայի ժխտողականությունը 3 բաղադրիչ ունի՝ ժխտում, զեղծում, զրպարտում․ թուրքագետ

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի գիտաշխատողներ Էդիտա Գզոյանի, Ռեգինա Գալուստյանի, Շուշան Խաչատարյանի, Էլինա Միրզոյանի համահեղինակությամբ և ջանքերով լույս է տեսել «Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին» կոլեկտիվ մենագրությունը։

Հեղինակներն ուսումնասիրել, իրավական, պատմական, գաղափարական ինչպես և կրոնական տեսանկյուններից ներկայացրել են Հայոց ցեղասպանության ընթացքում հայ երեխաների բռնի տեղափոխումը, իսլամացումն ու թուրքացումը որպես ցեղասպանական գործողություն։

Թուրքագետ, բ․գ․թ․ Էլինա Միրզոյանը մենագրության հինգերորդ գլխում հետազոտել, համակարգել, ներկայացրել է թուրքական ժխտողականության համատեքստում տարիների ընթացքում մշակված տեսությունները, դրույթները, թեզերն ու հակաթեզերը, որոնցով փորձ է կատարվել և կատարվում ժխտել ցեղասպանության ընթացքում հայ երեխաների դեմ գործադրված բռնի տեղափոխման և թուրքացման, իսլամացման ծրագրված քաղաքականությունը։

Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ Էլինա Միրզոյանի հետ զրուցել է մենագրության շրջանակում քննված հարցերի, թուրքական ժխտողականության մասին։

– Տկն Միրզոյան, Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաներն ամենախոցելի և թիրախավորված խմբերից էին։ Հայ երեխաները սպանվում էին, մահանում հիվանդություններից, սովից, հյուծումից։ Սակայն, միաժամանակ, ինչպես մանրամասն քննության է ենթարկվել ձեր աշխատությունում, Օսմանյան իշխանությունները կատարում էին իրենց էթնիկ խմբից երեխաների առանձնացում, բռնի տեղափոխում թուրք-իսլամական միջավայր։ Ինչպիսի՞ սխեմաներով էր իրականացվում այդ գործընթացը։

– Թեման որչափ ուսումնասիրված էր, այդչափ էլ դեռ հետազոտական նոր և խորը մոտեցումների-դիտարկումների անհրաժեշտություն ուներ, որոնք էլ գործընկերներիս հետ մեր հեղինակած կոլեկտիվ մենագրությամբ ենք առաջ բերել՝ համակողմանիորեն և ամբողջական (այս դեպքում՝ գրքի տեսքով) ներկայացնելով: Առանձին և մասնակի հարցերով գիտական անդրադարձներ  արվել են մշտապես, սակայն, թող թույլ տրվի ասել,  Հայոց ցեղասպանության համատեքստում այդ խնդիրները համախումբ և միջգիտակարգային մոտեցմամբ հետազոտելու և նեղ ուղղություններով ներկայացնելու առաջին փորձերից է այս գիրքը:

Անհերքելի է, որ հայ երեխաները, որոնք, առhասարակ, էական դերակատարություն ունեն խմբի շարունակական գոյությունն ապահովելու գործում, Հայոց ցեղասպանության իրագործման ընթացքում ցեղասպան հանցագործների թիրախում են գտնվել:

Հայոց ցեղասպանության ընթացքում հայ երեխաների բռնի տեղափոխման և ձուլման թուրքական պետական ծրագրված քաղաքականությունը Հայոց ցեղասպանության կառուցվածքային բաղադրատարրերից է, որն Օսմանյան Թուրքիան համակարգված ձևով գործադրել և փուլայնորեն իրականացրել է տարբեր ուղիներով և մեթոդներով` կրոնափոխության հարկադրում՝ իր տարբեր դրսևորումներով, հայ երեխաների ընտրողական հավաքագրում, նրանց բռնի կերպով տեղափոխումը մեկ այլ էթնիկ խումբ (պարտադրված մեթոդներով մինչև ազգային և մշակութային ինքնության, սեփական ազգային ինքնության հետ ինքնանույնականացման գիտակցման կորստին հանգեցնող գործողություններ), որդեգրումներ, որպես անվճար աշխատուժի շահագործում, բռնի կերպով իսլամական սովորույթների համապատասխան կրթության պարտադրանք և դաստիարակում թե՛ որբանոցներում, թե՛ տնային և կամ այլ պայմաններում, երիտասարդ աղջիկների հարկադիր ամուսնություններ մուսուլման տղամարդկանց հետ և այլն: Այս հատուկ կազմակերպված, ծրագրված և միտումնավոր գործընթացն իրագործվել է որպես պետական քաղաքականություն՝ բարձրաստիճան ղեկավարների հետևողական հսկողությամբ ու մուսուլման հասարակության տարբեր շերտերին ներգրավվելու արտոնմամբ և խրախուսմամբ,  ինչի մասին կան բազմաթիվ անհերքելի վկայություններ, փաստեր:

– Գործընթացի շարունակություն էր բռնի ուծացումը՝ այն է հայ երեխաների թուրքացումն ու իսլամացումը։ Որո՞նք էին այն հիմնական մեթոդները և փուլերը որոնցով իրագործվում էր այդ նպատակը։ Ինչպիսի՞ փաստեր կամ հուշագրություններ է հաջողվել վերհանել հայ երեխաների դեմ իրագործված այդ հանցագործության մասին աշխատության շրջանակում։

– Գրքում հայ երեխաների թուրքացման և իսլամացման ողջ գործընթացը հստակ կերպով ներկայացված է՝ ինչպես պետական որբանոցներում թուրքացնելու և իսլամացնելու մեթոդներն ու փուլային դրսևորումները,  այնպես էլ մասնավոր և անհատական դեպքերն ու երևույթները. մանրակրկտորեն վերլուծվել և ներկայացվել են պետական ծրագրով գործադրված մեթոդները, մասնավոր կրոնական ծիսային դրսևումները, երիտասարդ աղջիկների բռնի ամուսնությունների, սեռական ստրկությունների, տնային պայմաններում, բժշկական, էթնոհոգեբանական և մտավոր փորձարկումները, իրավական ճանապարհով գործադրված, գաղափարախոսական, կրոնափիլիսոփայական, սոցիալ-մշակութային քողարկված և ոչ քողարկված մեթոդները, որոնք անհետևանք չեն մնացել:

Այդ ուղղությամբ համահեղինակ գործընկերներս իրենց համապատասխան հետազոտական հատվածներով մանրամասնորեն բացում են ամբողջական պատկերը՝ հիմնված սկզբնաղբյուրների, արխիվային փաստաթղթերի, վերապրողների, այդ գործընթացի զոհ դարձած հուշագիրների վկայությունների,  անտիպ և տպագիր ձեռագրերի, հուշագրությունների վրա. այդ աղբյուրների մի մասն առաջին անգամ է շրջանառության մեջ դրվում: Գրքում ներկայացված սխեմաները, աղյուսակները, լուսանկարները վկայում և, կարելի է ասել, փաստագրում են ողջ իրողությունը:

– Տարիներ շարունակ ականատես ենք եղել Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման տարբեր ձևերի։ Ինչպե՞ս, ո՞ր հարթակներում կամ ոլորտներում է դրսևորվում, ինչպիսի՞ բաղադրիչներով է իրագործվում ժխտողականությունը հայ երեխաների բռնի տեղափոխման և ուծացման խնդրի համատեքստում։

– Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականության համատեքստում հայ երեխաների խնդիրը մեզանում մասամբ է ուսումնասիրված, մինչդեռ թուրքական կողմն այս ուղղության մեջ ևս նպատակայնորեն շարունակում է ձևավորել և առաջ մղել կեղծ թեզեր, դրույթներ, տեսություններ, որոնք ուղղորդված կերպով շրջանառվում են ինչպես գիտական շրջանակներում՝ գիտական հանդեսներում, գիտաժողովներում ևն, այնպես էլ դրանք հանրայնացնելու նպատակով թուրքական մամուլի տիրույթում՝ թեմայի վերաբերյալ գիտահանրամատչելիությունն ապահովելու, տարածելու և զարգացնելու ուղղությամբ՝ հերքելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ առկա արդեն իսկ շրջանառված օբյեկտիվ գիտական թեզերը:

Նշենք, որ այդ ժխտողական ուղեգիծը հիմնականում արվում է մեր թեզերի, դրույթների և տեսությունների ժխտման, զեղծման, զրպարտման մեթոդներով: Թուրքական կողմն այս համատեքստում ժխտողականության «մշակույթն» իրագործում է հիմնականում երեք բաղադրիչով՝ ժխտում, զեղծում, զրպարտում, որի շրջանակում շրջանառում է ժխտողական թեզեր, տեսություններ, հակաթեզեր, դրույթներ, ինչպես նաև կիրառում է ժխտողական բառաֆոնդ, արտահայտչաձևեր, ձևակերպումներ, խոսույթներ: Գրքի հավելվածներից մեկում ներկայացրել եմ իմ կազմած սխեմա-աղյուսակը, որով հստակ ուրվագծել եմ այդ գործընթացը. ընդգծվում է այս խնդրի ուղղությամբ թուրքական ժխտողականության պատկերը, որը, սակայն, վստահաբար կարող եմ ասել, որ ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվելու, քանի որ այդ ուղղությունը՝ ժխտման իր բոլոր ծրագրային ուղղություններով, Թուրքիան դինամիկ է պահում:

Լեզվական այս ժխտողականությունը, ինչը առանձին  և հատուկ մշակված ուղղություն է, առանձին ուսումնասիրության թեմա է: Ժխտման մեթոդով նրանք օբյեկտիվ պատմական թեզերին հակադարձում են հակագիտական  թեզերով՝ առաջ քաշելով կեղծ թեզեր: Զեղծման մեթոդով աղավաղում են պատմական իրականությունը՝ խեղաթյուրելով փաստերը և իրենց գործողությունները վերագրելով հայկական կողմին ու այլ օտար տերություններին: Իսկ զրպարտման մեթոդով  հորինված մեղադրանքներ են վերագրում ինչպես հայերին, այնպես էլ օտարներին: Եվ պետական հատուկ ուղղվածություն ունեցող այս գիտական գործելաոճն առաջ է մղվում բոլոր հնարավոր եղանակներով՝ պաշտոնական գրագրությունների, հրատարակչական գործունեության, այդ թվում՝ մամուլ, պետական այրերի, գործող անհատների, գիտատեղեկատվական գործիչների և հետազոտողների միջոցով:

– Ո՞րն է ուսումնասիրության արդյունքում առանձնացված գլխավոր թեզը կամ հակաթեզը, որով թուրքական կողմը փորձ է արել և անում ժխտել հայ երեխաների դեմ իրագործված այս ցեղասպանական գործողությունը։

– Ժխտողականության ընդհանուր համապատկերում խնդրի այս խորությամբ հետազոտելը թույլ տվեց ինձ դուրս բերել բոլոր թուրքական այն կեղծ թեզերը, տեսությունները, դրույթները, հակաթեզերը, որոնք ուղղված են ժխտելու հայ երեխաների խնդիրը Հայոց ցեղասպանության համատեքստում դիտարկելը և թուրքական «փրկության ոդիսականի մոդելը» որպես ցեղասպանական գործողություն սահմանելը. հայ որբերի բռնի տեղափոխության, թուրքացման ու իսլամացման հարցը թուրքական կողմում ներկայացվում է որպես Առաջին համաշխարհային պատերազմում և դրա հետևանքով որբացած երեխաներին «աջակցելու մարդասիրական դրսևորում»: «Փրկության շարժառիթների» շարքում թուրքերը շարունակում են առաջ մղել այլ կեղծ թեզեր, դրույթներ ևս:

Գիտությունից մինչև տեղեկատվական ամենանեղ դաշտերում թուրքական պետությունը լծված է այս կեղծ թեզերը հանրայնացնելուն. բառապաշարից սկսած՝ բովանդակային խեղաթյուրումներով, պատմական իրադարձությունների փոխակերպումներով, ցեղասպանի գործողությունը զոհին վերագրելու մեթոդով շարունակում են ժխտել, զեղծել և զրպարտել՝ փորձելով սրբագրել իրենց պատմությունը՝ խուսափելու համար իրավական և դրանից բխող բոլոր հետևանքների պատասխանատվությունից, ինչպես նաև միջազգային հանրության առաջ «մարդասիրական պետություն» երևալու նպատակով: Այս քարոզչության ուղղությամբ թուրքական կողմը ներդնում է «փափուկ ուժի» ռեսուրսներ:

Ուսումնասիրելով թուրքական ժխտողականության թեզերը Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաների բռնի տեղափոխման ցեղասպանական գործողության շրջանակներում՝ կարող եմ ասել, որ մեր՝ հայկական պատմագրությունը և ցեղասպանագիտությունը հիմնվում են ոչ միայն անհատների, վերապրած/-ողների, օտար վկաների, փաստագրությունների, սկզբնաղբյուրային և արխիվային նյութերի, այլև իրավական ու այլ գիտակարգերի հիմքային աղբյուրների, գլխավորապես՝ Ցեղասպանության կոնվենցիայի վրա, իսկ թուրքական թեզերը մեր թեզերի արտացոլացումն են՝ ժխտելու, զեղծելու, զրպարտելու բաղադրիչներով:

– Որքանո՞վ է հաջողվում թուրքական կողմին այդ թեզերը տարածել Թուրքիայից դուրս։ Եվ արդյո՞ք այս աշխատությունը ևս նպատակ ունի միջազգային հանրությանը համակարգված ցույց տալ դրանց սին լինելը։

– Ժխտման քաղաքականությունը, արդեն նշեցի, պետական հատուկ հոգածությամբ է տարվում: Թուրքական գիտական դաշտում հստակ նկատելի է կոնկրետ այս ուղղությամբ գործող թուրք հեղինակների նպատակադիր շարժը. վերջիններս հոդվածներ են տպագրում միջազգային ճանաչված հանդեսներում, թղթակցում են առաջադեմ թերթերին, այսպես ձևակերպեմ, «մատը հայ գիտնականների զարկերակին պահած»՝ շարունակում են գործել: Նրանք արխիվային օսմանալեզու աղբյուրները վերաշարադրում են ժամանակակից թուրքերենով՝ դրանք շրջանառելով պատմական փաստերը զեղչած տարբերակներով և բնօրինակ արխիվային սկզբնաղբյուրն անհասանելի դարձնելով: Սակայն մեզ հաջողվել է օգտվել մեզ հասանելի որոշ արխիվային նյութերից, հենց որոնցում էլ հայ որբերի թուրքացման պետական քաղաքականության մասին անվիճարկելի տվյալներ կան: Իրենց թուրքալեզու արխվային մամուլը, սկզբնաղբյուրներն անգամ կարող են հենց իրենց իսկ ժխտման հակառակ՝ իրական պատկերը տալ:

Իրականում, պետք է հաշվի առնել այն փաստը, որ մենք այս առումով որևէ նպատակ չունենք ապացուցելու աշխարհի կողմից հայտնի և արդեն փաստարկված իրողությունը, քանի որ մեր դեպքում պատմությունն ինքն է նյութ եղել, իսկ թուրքերի դեպքում այն արհեստածին է և հորինված.  Հետազոտելով և ներկայացնելով Թուրքիայի նպատակադիր և հետևողական ժխտողական քաղաքականությունն իր բնորոշ կողմերով՝ ցույց ենք տալիս հայ երեխաներին մտադիր և ծրագրված կերպով ցեղասպանության գործընթացին ներգրավվելու և թիրախավորելու փաստը:

Տեսանյութեր

Լրահոս