Գրեթե բոլոր գործակալները հայտնվել են 44-օրյա պատերազմից հետո. Արթուր Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից գործակալների վրա սևեռումը հետապնդում է մեկ կոնկրետ նպատակ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Հայաստանի իշխանության կողմից գործակալների փնտրտուքին ու դրանց հեռահար նպատակներին, նման տեսակետ հայտնեց Վանեցյանը՝ ընդգծելով.
«Մարդկանց մոլորեցնել և այդպես պահպանել իշխանությունը. սա է նպատակը, չէ՞ որ շատ հեշտ է ասել՝ ես մեղավոր չեմ, կան գործակալներ և 5-րդ շարասյուն, թեև, եթե մարդկանց հարցնենք, թե ի՞նչ է նշանակում 5-րդ շարասյուն, դժվար իմանան։
Ինչ վերաբերում է հարցին, թե երբ լրտեսներ, գործակալներ հայտնվեցին, ապա ասեմ, որ նրանք հայտնվեցին 44-օրյա պատերազմից հետո, գրեթե բոլորը, այնպես որ, երբ հիմա խոսում են 53 հարուցված քրեական գործի մասին, նախ պետք է նայել և տեսնել, թե այդ մարդիկ ինչպե՞ս են հավաքագրվել»,- ասաց Վանեցյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի իշխանությունը հայտարարում է դավաճանների մասին՝ չունենալով դա ապացուցող օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ։
«Օրինակ՝ կա Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի քրեական գործը, ինչը ուղարկվել է դատարան։ Հիմա կտեսնենք, թե դատարանում ի՞նչ կլինի, բայց ես կարող եմ կանխատեսել՝ կասեն՝ դատաքննությունը պետական գաղտնիք է պարունակում, հրապարակային չեն անի, ինչ կուզեն, ներսում կանեն, վերջում էլ որոշում կկայացնեն՝ կնստացնեն, բայց ոչ ոք չի իմանա, թե ինչո՞ւ։ Մեկ այլ օրինակ ևս՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 2 տարի է՝ անազատության մեջ է։ Հարց եմ տալիս՝ մեկդ գիտի՞, թե ինչի՞ համար է Տոնոյանը անազատության մեջ, եթե պետք է ասեն՝ անորակ հրթիռների, ապա պետք է ասեմ, որ այդ գործը փակված է։ Չգիտեմ, թե Տոնոյանն ինչո՞վ է նեղացրել, բայց վստահեցնում եմ՝ նրա քրեական գործում անորակ հրթիռների հարց չկա։ Պահում են կալանքի տակ, որ եթե իրենց հարցնեն, թե ով է մեղավոր, մատնացույց անեն Դավիթ Տոնոյանին ու ասեն, որ կալանքի տակ է»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։