Ագարակի կոմբինատի և Մեղրիի համայնքապետարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Ապրիլի 21-ին Մեղրիի համայնքապետարանի և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև առաջին անգամ ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրեցին «ԱՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը և Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը։

Երկուստեք կարևորվեց փաստաթղթի ստորագրումը՝ որպես համայնքի զարգացման գործում կարևոր ձեռքբերում։ Հուշագրից բացի, կողմերը ստորագրեցին նաև Մեղրի քաղաքի զարգացմանը ուղղված համաձայնագիր: Երկու փաստաթղթերի արդյունքում կամրապնդվի կոմբինատ-համայնք կապը:

Կողմերը շարունակելու են համագործակցել տնտեսական, սոցիալական, քաղաքաշինության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։

«ԱՊՄԿ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը իր խոսքում ընդգծեց․ «Ընդհանրապես մենք 15 տարվա ընթացքում շատ մեծ աջակցություն ենք տրամադրել համայնքին, բայց ոչ բոլորն են գնահատում այն, ինչ տարիների ընթացքում ներդրվել է: Հավատացե՛ք` ընկերությունը շատ մեծ ազդեցություն ունի համայնքի զարգացման գործում: Այսօր առանձին համաձայնագիր ստորագրեցինք նաև Մեղրի քաղաքի հետ, ինչը շատ կարևոր է: Սակայն մեր պարտավորությունները ոչ միայն Մեղրի քաղաքի հանդեպ են, այլ ամբողջ համայնքի»,- նշեց գլխավոր տնօրենը:

Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը ևս կարևորեց հուշագրի և համաձայնագրի ստորագրումը։ «ԱՊՄԿ-ի կողմից սոցիալական պատասխանատվության շրջանակում համայնքին հատկացվող աջակցությունը կուղղվի խոշորացված Մեղրիի զարգացմանը, մասնավորապես քաղաքաշինության, սպորտի, մշակույթի, կրթության ոլորտներին»,-ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս