Էդգար Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումը

Իմ կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել և վերացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 11․04․2023 թվականի «Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու մասին» թիվ ԱԺՈ-69-Ա որոշումը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընդդիմության թեկնածու, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:

Գրառման մեջ նշվում է, որ որոշումն անվավեր ճանաչելու համար մատնանշված են հինգ խումբ գործոններ:

«Որոշումը կայացվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ,

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել և ընտրվել է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին չհամապատասխանող թեկնածու։

Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրման և ընտրվելու ընթացքում զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը՝ խախտելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին դատախազը կարող է մասնակցել միայն որպես ընտրող (քվեարկող), տվյալ դեպքում նա պետական մարմնի ընտրությանը մասնակցել է որպես թեկնածու։

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերին մշտական հանձնաժողովի 2023 թվականի ապրիլի 4-ի նիստը, որի ժամանակ քննարկվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ազգային ժողովին թեկնածու առաջադրելու մասին հարցը, ըստ էության տապալվել է՝ նիստի մի հատվածի ընթացքում քվորումի բացակայության, իսկ մյուս հատվածում ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուի նկատմամբ ֆիզիկական բռնությունների սպառնալիքների, անձնական վիրավորանքների, հոգեբանական ճնշումների, ելույթի, հարցուպատասխանի հնարավորությունից զրկելու և այլ դրսևորումներով՝ խախտելով Ազգային ժողովի կանոնակարգը և հանձնաժողովի նիստի հատուկ ընթացակարգը։

Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում փաստացի ընտրվել է ոչ թե Ազգային ժողովի, այլ իրեն առաջադրող խմբակցության կողմից՝ ըստ էության խախտելով քվեարկության գաղտնիությունը, քանի որ ընտրությանը մասնակցել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 69 պատգամավորներ, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը, այսինքն` փաստացի տեղի է ունեցել ոչ թե գաղտնի, այլ անվանական քվեարկություն»,- ընդգծել է Ղազարյանը։

2023 թվականի ապրիլի 12-ին ՀՀ ազգային ժողովը Անահիտ Մանասյանին ընտրել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 69 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:

Տեսանյութեր

Լրահոս