Դատեք, թե կարող եք. Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը հասարակությանը
Նիկոլ Փաշինյանի ցանկացած հրապարակային հայտնություն իսկական շոկ է հասարակության, առնվազն՝ մտածելու ունակ հասարակության համար։ Նրա ֆիզիկական հայտնությունները, որոնք արտահայտվում են ոչ վերբալ դրսևորումներով, հանրության առանձին անդամների համար ունենում են բառի բուն իմաստով՝ մահացու, իսկ լավագույն դեպքում՝ ցավոտ հետևանքներ․ անցած տարի Պռոշյան փողոցն անցնող հղի կինը Նիկոլ Փաշինյանի հայտնության համար վճարեց իր կյանքով, իսկ Եռաբլուրում իրենց որդիների շիրիմներին այցելած ծնողները հարձակման ենթարկվեցին կարմիր բերետավորների կողմից, որովհետև այդ պահին անցնում էր Նիկոլ Փաշինյանը։
Այլ է պարագան Նիկոլ Փաշինյանի վերբալ հայտնությունների դեպքում, երբ մարդիկ ստիպված են ժամեր շարունակ լսել նրա մանիպուլյացիաները, կեղծիքը, սուտը, փաստերի խեղաթյուրումը, և այդպես շարունակ։
Իր ելույթներով նա բռնաբարում է մարդկանց բանականությունը, մտածողությունը, հիշողությունն ու արժանապատվությունը։ Դա անում է սեփական կուսակիցների հիացական հայացքների ու ընդդիմադիրների կառուցողական հարցերի ուղեկցությամբ։ Նիկոլ Փաշինյանի երկարաշունչ ելույթների առանձին հատվածների և ուղերձների քննարկումը, լայն իմաստով, անիմաստ է, որովհետև նա հասարակությանը հղում է մեկ գլխավոր ուղերձ՝ «ինչ արել եմ, լավ եմ արել և շարունակելու եմ անել»։
Ընդ որում, նա անկեղծորեն արձանագրում է նաև, որ իր պատճառով, իր գործողությունների ու անգործության հետևանքով Արցախին ու Հայաստանին պատճառված աղետները, ողբերգությունների չդադարող շղթան տեղի է ունեցել և շարունակվում է հասարակության կողմից «հասկացվածության» պայմաններում։ Նա ուղիղ ասում է՝ «թույլ եք տալիս, անում եմ»։
Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը դա ասում է ոչ միայն անցյալի աղետների մասին, այլև մեծահոգաբար ազդարարում է, որ շարունակելու է իր աղետաբեր արշավը։ Նա հայտարարում է, որ իրեն պետք է դատել այն բանի համար, որ 2018 թվականին՝ իշխանության գալով ու հասկանալով, որ «այս խաղն ավարտված է», այդ մասին չի տեղեկացրել հասարակությանը։ Այսինքն՝ խոստովանում է, որ գործել է սխալ, որն արժեցել է հազարավոր կյանքեր, Արցախի մեծ մասի կորուստ և մնացածի փաստացի հանձնում Ադրբեջանին։
«Հանցագործություն եմ արել»,- առանց երկիմաստության խոստովանում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց դա կրկին, ոչ միայն անցյալի, այլ նաև ապագայի մասին է։
Նա ուղիղ, առանց այլևայլությունների արձանագրում է, որ Հայաստանը ղեկավարում է մարդ, որի սխալն արժեցել է մի քանի հազար կյանք ու հայրենիքի կորուստ, ինչը նշանակում է, որ ապագայում ևս նման սխալներ կարող են տեղի ունենալ։
«Դրա համար ինձ պետք է դատել»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը՝ շատ լավ իմանալով, որ իրեն ենթարկվող ու իր կամակատար իրավապահ մարմիններից որևէ մեկը չի բացահայտելու հանցագործությունը ու չի դատելու հանցագործին։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը, կրկին առանց այլևայլությունների ու երկիմաստության՝ ուղերձ է հղում հանրությանը. Հայաստանի ղեկավարումը հանցագործից ազատելու համար հասարակությունն իրեն պետք է հեռացնի իշխանությունից։
Հակառակ դեպքում ստիպված պետք է լինի «հասկանալ» նաև ապագայում տեղի ունենալիք աղետները, որոնք կատարվելու են նոր՝ հանցագործությանը հավասար սխալների արդյունքում։
Հարություն Ավետիսյան