«Կա՞ զինծառայողի բուժման տեսակ, որը պետությունը չի կարողանում իրականացնել, և դրա համար անհրաժեշտ է դրամահավաք». պատգամավորը՝ Ավանեսյանին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր անդրադառնալով պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների բուժման գործընթացին, ասաց, որ համացանցում հաճախ է հանդիպում գրառումների, երբ զինծառայողին բժշկական օգնություն տրամադրելու նպատակով դրամահավաք են կազմակերպում:

Նա Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց՝ «Կա՞ բուժման որևէ տեսակ, որը զինծառայողը ստացել է մարտական ծառայության ընթացքում, և պետությունն այսօր չի կարողանում իրականացնել կամ ներառված չէ բուժման ցանկում, և դրա համար անհրաժեշտ է դրամահավաք կամ քաղաքացիների կողմից հանգանակություն»:

«ՀՀ-ում առկա մեր բոլոր ծրագրերի շրջանակներում մեր զինծառայողները ստանում են անվճար բժշկական օգնություն, բայց կան ծառայություններ, որոնք հասանելի չեն Հայաստանում, և դրա համար պետությունը հատկացրել է գումարներ, որ դրսում ստանան: Բայց մենք վերջին շրջանում որոշում կայացրեցինք, որ նույն վերականգնողական բժշկական ծառայությունների մասով մենք արդեն ունենք այն հզորությունները, որոնք թույլ են տալիս, որ ովքեր այդ ծառայությունները դրսում էին ստանում, վերադառնան և իրենց բուժումը շարունակեն Հայաստանում:

Բայց մշտապես լինում են հավելյալ ծառայությունների հավելյալ կարիքներ, մենք ամեն նման հայտարարության հետքով գնում ենք, պարզում ենք՝ արդյո՞ք խնդիրը նրանում է, որ այդ ծառայությունը հասանելի էր նրան, բայց չի ստացել, թե՞ ուղղակի որևէ հավելյալ ծառայության կարիք կա, որ մարդն ազատ է նաև այդպիսի միջոցներ ներգրավելու»,- ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս