Ո՞վ է կալանավորված բարձրաստիճան սպան. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, թե փաստեր են ձեռք բերվել, որ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետը ռազմական դրության պայմաններում՝ 2020թ. հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, հիվանդության սիմուլյացիա է դրսևորել։

«Ստացիոնար բուժում չպահանջող առողջական խնդրի պայմաններում նա 23 օր ստացիոնար բուժում է ստացել բժշկական հաստատությունում, որը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա բարձրաստիճան սպայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, ում կողմից միջնորդությունը բավարարվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 3-րդ մասին): Միջնորդություն է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ երկամսյա ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

168.am-ի հավաստի տեղեկություններով, խոսքը ՊԲ N զորամիավորման (դիվիզիայի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ) գնդապետ Մանուկ Բադալյանի մասին է, ում, ի դեպ, իշխանությունները պաշտպանության նախարարության միջոցով 44-օրյա պատերազմի օրերին, ըստ էության, հերոսացնում էին՝ «Զինուժով» ռեպորտաժ, լուսանկարի տարածում (այս պահին նպատակահարմար չենք գտնում լուսանկարների հրապարակումը):

Ի դեպ, պատերազմից հետո մամուլում տեղեկություն էր շրջանառվել, որ 44-օրյայի ժամանակ գնդապետը վիրավորվել է և բուժում ստացել Մուրացանի հոսպիտալում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս