Երևանում Եգիպտոսի հրապարակ կլինի
Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի, Շիրազի և Մազմանյան փողոցների հատման վայրում գտնվող հրապարակը կկոչվի «Եգիպտոսի հրապարակ»: Որոշումն ավագանին ընդունեց ապրիլի 18-ին՝ 53 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է առաջարկություն Երևան քաղաքում Եգիպտոսի կամ Կահիրեի փողոց անվանակոչելու վերաբերյալ, ինչին զուգահեռ՝ Կահիրեում Հայաստանի կամ Երևանի անունով փողոց կանվանակոչվի:
Ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է՝ մենք Երևանում հրապարակի անունը փոխենք, բայց իրենք Եգիպտոսում ինչ-որ խուլ քաղաքում, գյուղում փոքր փողոց անվանակոչեն:
Զեկուցող, քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպման վարչության պետ Արմինե Վարդանյանն ասաց, որ նման բան չի կարող լինել, քանի որ միջկառավարական նիստ պետք է տեղի ունենա Երևանի և Կահիրեի միջև: Համաձայնագիր է ստորագրվելու նաև Երևանն ու Կահիրեն քույր քաղաք հռչակելու մասին: