«Թուրքիայում հայն ընդունվում է որպես թշնամի, դա են ցույց տալիս գրեթե բոլոր հետազոտությունները». թուրք քաղաքագետ

Թուրքիայի խնդիրները տարածաշրջանի այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Լիբիան, Եգիպտոսը, Սիրիան, Իրաքը, այնքան խճճված են, որ հնարավոր չէ լիարժեք կարգավորում ապահովել այժմ։

Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրք քաղաքագետ, լրագրող, Աթենքի համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի խնդիրներ է փորձում լուծել Անկարան՝ ժամանակավորապես «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանն անցնելով և կարգավորման գործընթացներ սկսելով տարածաշրջանի երկրների հետ, ինչպիսիք են Իսրայելը, Եգիպտոսը, Սիրիան, Հայաստանը և այլն։

«Թուրքիան տարածաշրջանի այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Լիբիան, Եգիպտոսը, Սիրիան, Իրաքը, Հայաստանը խնդիրներ ունի։ Ներկայում կարգավորման քայլեր է անում, փորձում է անել։ Հայաստանի դեպքը փոքր-ինչ այլ է, սակայն մնացյալ երկրների հետ Թուրքիայի ունեցած խնդիրներն այնքան բարդ, խճճված են և արդեն այնքան խրոնիկական բնույթ են ստացել, որ դրանք հնարավոր չէ լուծել այնպես, ինչպես հույս ունի, ձգտում է Անկարան»,-շեշտեց պրոֆեսոր Աքթարը։

Խոսքը մասնավորեցնելով Սիրիայի օրինակով՝ Աքթարը նշեց, որ Դամասկոսն Անկարայի այդ քայլին պատասխանում է դրականորեն՝ մինչդեռ ընդգծում է, որ խոսելուց առաջ պետք է Թուրքիան դուրս բերի զորքերը Սիրիայից։ «Սակայն այնտեղ բազում զինվորներ կան, 40 հազար զինվոր կա, բազում ջիհադիստներ կան, այդ ջիհադիստներին Թուրքիան է սնում, ինչպե՞ս կլինի, ինչպե՞ս է անելու, այսինքն անհնար է, շատ-շատ դժվար է»,-շեշտեց նա։

Անդրադառնալով Եգիպտոս-Թուրքիա հարաբերություններին՝ թուրք քաղաքագետն ուշադրություն հրավիրեց Եգիպտոսի այն պահանջին, որն առաջ է քաշում նաև Հունաստանը։ Խոսքը Լիբիայի հետ հարաբերությունների կարգավորման և զորքերի դուրսբերման, ծովային սահմանի համաձայնագրի չեղարկման պահանջների մասին է՝ ուղղված Անկարային։

«Հնարավոր չէ, որ Անկարան դրանք կատարի։ Դրա համար պետք է գլխիվայր քաղաքականության փոփոխության գնա։ Ձեռքերը և ոտքերը կապված են։ Ասում են, թե զինուժդ դուրս բեր Լիբիայից, սակայն Թուրքիան այդ գործով գումար է վաստակում, գումար է ստանում Լիբիայում իր զորքերը տեղակայված պահելու դիմաց։ Նույն կերպ էլ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանից է գումար ստանում։ Այսինքն՝ Թուրքիա-Ադրբեջան ռազմական պայմանագիը չի կարող անվճար պայմանագիր լինել։ Ադրբեջանցիների «սև աչքերի և սև հոնքերի» համար կնքված պայմանագիր չէ դա, հնարավոր չէ, որ այդպես լինի, քանի որ Թուրքիան ռազմական ծառայություն է մատուցում այնտեղ»,-նկատեց քաղաքագետը։

Խոսելով նաև այն հարցի մասին, թե ինչ է մտածում Թուրքիայի ժողովուրդն Անկարայի սկսած կարգավորման գործընթացների առնչությամբ՝ Աքթարը շեշտեց, որ հասարակ ժողովուրդը հիմնականում չունի լիարժեք պատկերացում արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ։

«Ինչպես գրեթե բոլոր՝ մասնավորապես մեծ երկրներում, իսկ Թուրքիան մեծ երկիր է, ժողովուրդը հիմնականում չի հասկանում արտաքին քաղաքականությունից, չգիտի։ Օրինակ, եթե Թուրքիայում այսօր խնդրես քարտեզի վրա ցույց տալ Ադրբեջանը, շատերը չեն կարողանա։ Հայաստանն էլ չեն կարողանալու ցույց տալ, քանի որ չգիտեն որտեղ է։ Օրինակ, Կիպրոսի հետ կապված նախկինում տեղի ունեցած դեպք կար, երբ Կիպրոսը քարտեզի վրա Սև ծովում էին ցույց տվել։ Չգիտեն, սակայն Թուրքիայում ժողովուրդը հիմնականում շատ բաց է ազգայնական քարոզչության համար։

Դիտարկենք Հայաստանի հետ կարգավորման դեպքը։ Օրինակ, եթե մեկը կանգնի և ասի, որ պետք չէ Հայաստանի հետ սահմանը բացել, չի գտնվի մեկ ուրիշը, որը հակառակը կպնդի։ Այդպիսի մի զգայուն կետ կա։ Հայոց ցեղասպանության ժխտողականության ամենավնասակար հետևանքներից մեկը հենց Թուրքիայում հայերի նկատմամբ առկա բացասական մոտեցումն է։ Հիմնականում հայն ընդունվում է որպես թշնամի, դա են ցույց տալիս գրեթե բոլոր հետազոտությունները, միայն հայը չէ, նաև հույնը և այլն։ Քանի որ նրանց նկատմամբ արվածի հետ առերեսում չի եղել, ոչինչ չգիտեն, ամեն ինչ հակառակը գիտեն»,- ընդգծեց քաղաքագետը։

Տեսանյութեր

Լրահոս