«Զրկանքներ կրում ենք, բայց որևէ մեկը չի կարող մեր վճռականությունը կոտրել. ինքնորոշման մեր իրավունքի վերջնական իրացման համար պայքարը շարունակելու ենք». Արթուր Հարությունյան

Ապրիլի 11-ին Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջինների տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն ասաց, որ այս պահի դրությամբ որևէ արձագանք չկա։

«Մենք փոխանցել ենք մեր պատրաստակամությունը հանդիպելու, քննարկումներ իրականացնելու համար, սակայն այս պահին դեռևս որևէ արձագանք չկա։

Բովանդակային առումով այդ քննարկումները վերաբերում են ենթակառուցվածքներին, այսինքն՝ էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման վերականգնմանը։ Արդեն 20  օր է՝ Արցախում գազամատակարարումն առհասարակ դադարեցված է, իսկ հունվարի 9-ից էլ Հայաստանից է դադարել էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Այդ քննարկումները նաև կապված են ճանապարհի, Արցախի ապաշրջափակման հետ, այսինքն՝ այն հարցերին է  վերաբերում քննարկումը, որոնք կապված են ենթակառուցվածքների ու հումանիտար բնույթի այլ ոլորտների հետ»,- նշեց Արթուր Հարությունյանը։

Կարդացեք նաև

Ըստ պատգամավորի՝ սպասում են Ադրբեջանի արձագանքին։

Ինչ վերաբերում է Արցախն ապաշրջափակելուց դուրս բերելուն ուղղված գործուն քայլերին,  Արթուր Հարությունյանն ասաց, որ միջազգային հանրության՝ Արցախն ապաշրջափակելուն ուղղված որևէ հայտարարություն արդյունք չի տվել։ Անգամ փետրվարին եղավ Հաագայի միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու վերաբերյալ, սակայն Ադրբեջանը չկատարեց այդ որոշումը։

«Այս ամենը խոսում է նրա մասին, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը՝ փորձելով ճնշումների, պարտադրանքների կամ նախապայմանների միջոցով առաջ տանել իր քաղաքականությունը։ Արդյունքում՝ փորձում են կոտրել մեր կամքն ու վճռականությունը՝ մեր պայքարը շարունակելու և առաջ տանելու համար։ Սակայն այդ ամենը չի ստացվելու, այսինքն՝ մենք հաստատակամ ենք մեր պայքարը շարունակելու առումով։ 30 տարիների պայքարը, ինքնորոշման մեր իրավունքի վերջնական իրացման համար պայքարը շարունակելու ենք։ Այսինքն՝ որևէ ձև չենք կոտրվելու այդ ճնշումների առջև։ Իհարկե, շրջափակումը բերել է հումանիտար ճգնաժամ, որը գնալով ավելի է խորանում, սակայն մենք որևէ ձևով մեր պայքարի ուղուց չենք շեղվելու։

Իհարկե, Ադրբեջանի ճնշումները կատարվում են նաև միջազգային հանրության թողտվության պայմաններում։ Եթե միջազգային հանրության կոչերը շարունակվեին շարունակական, առարկայական քայլերով, տարբեր գործիքակազմեր օգտագործելով՝ ճնշելու Ադրբեջանին, որպեսզի այս անմարդկային գործողությունները չիրականացներ, ապա մենք այս իրավիճակին ականատես չէինք լինի։ Եվ Ադրբեջանը տեսնելով այս թողտվության մթնոլորտը, փորձում է էլ ավելի խորացնել, ավելի անմարդկային պայմաններ ստեղծել Արցախում ապրող 120 հազար հայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաների նկատմամբ։ Դժվարություններ ու զրկանքներ կրում ենք, բայց որևէ մեկը չի կարող մեր կամքն ու վճռականությունը կոտրել»,- եզրափակեց Արթուր Հարությունյանը։

Այսօր արդեն 127-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանական կեղծ բնապահպանները փակելով Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը, հումանիտար մեծ աղետ են ստեղծել 120 հազար արցախահայերի համար։

Տեսանյութեր

Լրահոս