«Բազմիցս ասել ենք՝ պարտադրված խաղաղությունը չի կարողանալու երկարատև կայունություն ապահովել». Արթուր Հարությունյան
Մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ էր բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.
Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան
Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան
Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:
Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն անդրադառնալով Ադրբեջանի այս գործողություններին, նշեց, որ Ադրբեջանի կողմից կատարվող այս բոլոր գործողությունները մեկ անգամ ևս ապացուցում են, որ Ադրբեջանը չի կարող որևէ կառուցողական դիրքորոշում ունենալ Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։
«Այս ամենն Ադրբեջանի կողմից բազմիցս ապացուցվել է, տարբեր ձևերով ճնշումներ գործադրելով փորձել է պարտադրել խաղաղություն, կարծում եմ՝ սա արդեն ակնհայտ է, որ նման բան չի կարող լինել Ադրբեջանի այդ վարքագծի պայմաններում»,- նշեց Արթուր Հարությունյանը։
Թե Ադրբեջանին զսպելու հարցում ո՞րը պետք է լինի միջազգային հանրության գործողությունները, Արթուր Հարությունյանն ասաց, որ փետրվարի 22-ին Հաագայի միջազգային դատարանը հրապարակել է իր միջանկյալ որոշումը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ապաշրջափակել Բերձորի ճանապարհը։
«Այդ որոշումն Ադրբեջանի կողմից նույնպես անտեսվում է, այստեղ միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ գործ ունի Ադրբեջանի նման վարքագիծ ունեցող երկրի հետ, որն անտեսում է բոլոր միջազգային իրավանորմերը և ուժի կիրառման և ուժի սպառնալիքի տակ փորձում է իր կողմից տասնյակ տարիներ իրականացվող քաղաքականությունն իրականություն դարձնել»,- հավելեց Արթուր Հարությունյանը։
Հարցին՝ ռուս խաղաղապահների թվի ավելացումն Արցախում կարո՞ղ է զսպիչ դեր խաղաղ Ադրբեջանի համար, Արթուր Հարությունյանը պատասխանեց, որ դրա մասին մի քանի անգամ բարձրաձայնել են, գրավոր դիմել են ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը՝ որպեսզի խաղաղապահների քանակն ավելացվի՝ խաղաղապահ առաքելությունն իրականացնելու համար։
«Իհարկե, նրանց կողմից արձագանքներ եղել են, բայց այս պահի դրությամբ խաղաղապահների թիվը դեռ նույնն է։ Կարծում եմ՝ քանակն ավելացնելու դեպքում կարողանալու ենք այդ սադրիչ գործողությունները, որոնք Ադրբեջանը շարունակում է իրականացնել՝ կանխել։
Մենք բազմիցս ասել ենք՝ պարտադրված խաղաղությունը չի կարողանալու երկարատև կայունություն ապահովել տարածաշրջանում։ Իսկ Ադրբեջանն այսօր խոսում է պարտադրանքի լեզվով։ Մեր դիմաց կանգնածը չունի կառուցողական դիրքորշում, այս ամենը մենք անհայտորեն տեսնում ենք, և միջազգային հանրությունն էլ պետք է հասկանա, որ Ադրբեջանը նպատակ չունի տարածաշրջանում ապահովելու խաղաղություն։ Փոխարենը՝ նրա նպատակն է պարտադրանքի լեզվով իրենց կողմից տասնյակ տարիների՝ հայատյացության, էթնիկ զտումների քաղաքականությունը վերջնակետին հասցնել»,- եզրափակեց Արթուր Հարությունյանը։