«Սա խոշորագույն դավաճանություն է. Արցախը մի փրկություն ունի». Գագիկ Հարությունյան
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ եթե անգամ «խաղաղության պայմանագիր» կոչվածը ստորագրվի, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները չեն դադարելու:
«Մենք թևակոխել ենք հիբրիդային պատերազմների դարաշրջան, որը ենթադրում է պերմանենտ անընդհատ անհանգստացնել թշնամիներին, դա կարող է լինել տնտեսական, տեղեկատվական և ռազմական գործողություններով: Ես դեռևս 2018-19 թթ. մի քանի հոդված եմ գրել Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ և նշել եմ, որ դրանք մշտապես լինելու են: Անընդհատ լինելու են ռազմական գործողություններ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ այսօր աշխարհում ընթանում է քաղաքակրթությունների պատերազմ:
«Թուրքերը ցանկանում են իրականացնել իրենց պանթուրանական ծրագիրը, և նրանց համար Հայաստանը ոչ ցանկալի տարր է քարտեզի վրա: Նրանք իրենց բոլոր հնարավորություններն օգտագործելու են իրենց գերնպատակին հասնելու համար: Հիմա նույնիսկ ասում են, որ մենք Հայաստան էլ չենք, այլ՝ Արևմտյան Ադրբեջան, և բնական է, որ այս պայմաններում նրանք անընդհատ գործողություններ են կատարելու ընդդեմ Հայաստանի, եթե անգամ այդ «խաղաղության պայմանագիրը» ստորագրվի, որը, ի դեպ, շատերի կարծիքով՝ երկրորդ կապիտուլյացիոն փաստաթուղթ է լինելու»,- ընդգծեց նա:
Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ոչ հայկական ուժերին. «Հայաստանում իշխանությունը պատկանում է մի շարք հատուկ ծառայությունների, որոնք կարողացան իրագործել գունավոր հեղափոխություն, որն ամբողջ աշխարհում տալիս է ահավոր արդյունքներ: Ես դեմ եմ, երբ մեղադրում են Փաշինյանին կամ Ալեն Սիմոնյանին և այլն, ասելով, թե նրանք որևէ սխալ բան արեցին. Նրանք ամեն ինչ անում են համաձայն այն ցուցումների, որ ստանում են: Այս առումով՝ մեր իշխանություններ կոչվածները իդեալական լրտեսներ են: Բացի նրանից, որ նրանց ասում են՝ գնացեք՝ այս հիմարությունն արեք, այն հիմարությունն արեք՝ ի վնաս Հայաստանի, նրանք իրենց գիտելիքներով, հոգեկան կառուցվածքով հակված են նաև աբսուրդ քայլեր կատարել: Նույն Փաշինյանը փայլուն օրինակն է դրա»:
Անդրադառնալով Արցախի հարցին՝ նա ընդգծեց. «Արցախը մի փրկություն ունի: Միակ տարբերակը ստեղծված իրավիճակում ռուսական տարբերակն է, այսինքն՝ Արցախը կարող է Մոլդովայի Մերձդնեստրյան Հանրապետության նման կառույց ստեղծել, որտեղ գերիշխի ռուսական էլեմենտը: Այս իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ Արցախից ձեռք են քաշել: Սա խոշորագույն դավաճանություն է, մանավանդ այն մարդկանց հանդեպ, ովքեր առաջին իսկ օրվանից պայքարել են Արցախի համար: Այս խնդիրների համախումբը՝ Զանգեզուրի միջանցք, Արցախ, հայ-ադրբեջանական հարաբերություններ, ռուս-թուրքական հարաբերություններ, ամեն ինչ կախված է ռուս-ուկրաինական պատերազմի ելքից: Ռուսաստանը միակ երկիրն է, որ 14 պատերազմ է մղել Թուրքիայի դեմ, և ես հույս ունեմ, որ այս պատերազմից հետո ռուս-թուրքական հարաբերություններն էապես փոխվելու են»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում