Բաժիններ՝

Ի՞նչ է նշանակում 5000 դրամ կրթաթոշակ, ուղղակի պետական բյուջեի գումարների փոշիացում է. Ատոմ Մխիթարյան

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բուհերում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին նախագիծը:

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախագծի ընդունման նպատակն է հասանելի և մատչելի կրթական ծառայությունների ապահովումը օրենքով նախատեսված սոցիալական խմբերի համար, ինչպես նաև ֆինանսական աջակցության մեխանիզմների բազմազանեցումը, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման համակարգի էական լավարկման միջոցով։

Նախագծով սահմանվել են բուհերում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերը՝ պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորողներին՝ առաջին կուրսում՝ 70 հազար դրամ, հաջորդ կուրսերում նախորդ ուստարվա արդյունքներով միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90,01 % և բարձր ՄՈԳ ունեցողներին՝  77 հազար դրամ, 80,01-90,00% ՄՈԳ ունեցողներին՝ 70 հազար դրամ:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան, ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող սովորողներին՝ 50 հազար դրամ` ըստ առաջադիմության:

Կարդացեք նաև

Նախագծով ներկայացվել է նաև բարձրագույն կրթության ոլորտում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների /կրթական ծրագրերի/ ցանկը, որոնցով սովորելու դեպքում տրվում է պետական կրթաթոշակ: Հիմք ընդունելով ոլորտում իրականացված, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած վերլուծությունները, սահմանվել են պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունները՝ մասնագիտական մանկավարժության՝ ըստ ԲՏՃՄ ուղղությունների, և ագրարային համապատասխան մասնագիտությունները:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կապահովվի կրթաթոշակի տրամադրման նոր համակարգ, որը կնպաստի ՀՀ տնտեսությունը և աշխատաշուկան նոր ու որակյալ կադրերով համալրմանը, ինչպես նաև համապատասխան բուհերի՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության բարձրացմանը:

Որոշումը տարածվում է 2023-2024 ուստարում ընդունված սովորողների վրա:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր անվճար են ընդունվում և պետությունից ստանում են 5000 դրամ կրթաթոշակ, որը, նրա խոսքով, մարդու կենսակերպի վրա էական ազդեցություն չի ունենում, անգամ շատ ուսանողներ մոռանում են 5000 դրամի մասին:

«Անցած տարվա ընդունելությունը ցույց տվեց, որ Ագրարային համալսարանում պետականորեն հատկացված տեղերի նույնիսկ 5 տոկոսը չլրացավ: Եվ մյուս մասնագիտությունները, որ այստեղ կան, վերաբերում են մանկավարժական մասնագիտություններին և բնագիտական ուղղություններին, մտածում են, որ ինչ-որ բան կարող է փոխվել, մեծանալ դիմորդների թիվը: Բայց որոշումը, եթե ընդունվի Կառավարության կողմից, կլինի ոչ լիարժեք, որովհետև այլ խնդիրներ կան: Ընդհանրապես կրթաթոշակ տալու համակարգը գալիս է ԽՍՀՄ-ից, որտեղ կար պլանային տնտեսություն: Պետությունը պլանավորում էր, թե իրեն, օրինակ, 5 տարի հետո տվյալ բնագավառից քանի՞ մասնագետ պետք կլինի, հետո այդքան տեղ էր հատկացնում բուհերին, տալիս կրթաթոշակ, մարդիկ սովորում էին, իսկ ավարտելուց հետո անպայման աշխատանքի էին տեղավորում: Հիմա Հայաստանում պլանային տնտեսություն ընդհանրապես չկա, և որևէ մեկը չի կարող հսկել մարդու հետագիծը: Այսինքն, մարդը կարող է կրթաթոշակը ստանալ, դրանից հետո ընդհանրապես երկրից էլ հեռանալ»,- նշեց Ատոմ Մխիթարյանը:

Նա նկատեց, որ ամեն դեպքում այս որոշումը կնպաստի, որ, օրինակ, եթե մարդը մտածի՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվի՞, թե՞ Մանկավարժական համալսարան ու դառնալ ֆիզիկայի մասնագետ և միաժամանակ ուսուցիչ, երևի կգնան Մանկավարժական համալսարան, որովհետև կրթաթոշակը բարձր կլինի:

«Դա վերաբերում է հատկապես այն շրջանավարտներին, որոնք մարզերից են գալիս, և նույնիսկ նվազագույն կրթաթոշակը կարող է էական նշանակություն ունենալ շատերի համար: Իսկ ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ միակ լուծումը բնագիտական բոլոր մասնագիտություններով ուսումն անվճար դարձնելն է, և նույնիսկ կրթաթոշակների համակարգը պետք է վերանա: Ի՞նչ է նշանակում 5000 դրամ կրթաթոշակ: Ուղղակի պետական բյուջեի գումարների փոշիացում է: Կրթաթոշակների համակարգն ընդհանրապես պետք է դուրս գա և պատվերներով տեղեր լինեն, ինչպես արտասահմանում է: Մարդն ընդունվում է, հետո պետությունն ասում է, որ ապահովում է ուսման լրիվ վարձը»,- եզրափակեց կրթության փորձագետը:

Տեսանյութեր

Լրահոս