Սրանց նպատակը մեկն է՝ պահել իշխանությունը, սրանց համար չկան ազգային ու պետական շահեր, չկա Հայաստան ու Արցախ․ Կարեն Բեքարյան
Մենք հանրության տարբեր սեգմենտների նկատմամբ մեր վերաբերմունքը փոխելու խնդիր ունենք և ստիպված կշեռքի նժարին պիտի դնենք՝ ի՞նչն ենք կարևորում։ Պետք է մարդկանց ուղերձ հասցնել, որ սա մոդայիկ շորի կամ փողոցում հատվող ծառերի հարց չէ։ Երկար ժամանակ մեր հանրությանը հետևողականորեն թունավորել են, և այսօր մենք չունենք առողջ, բանականությամբ և տրամաբանությամբ շարժվող հանրություն։ Այդ քանդարար աշխատանքն իր արդյունքը տվել է։ Դժվար է միանշանակ ելք մատնանշել, բայց հստակ է, որ հարկ եղած դեպքում տուն առ տուն աշխատանք է պետք տանել՝ առանց պիտակավորումների, որքան էլ բարկանանք։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը:
«Հանրության մի մեծ հատված, հոգու խորքում հասկանալով իր մեղքի բաժինը, որ էմոցիան կամ կրեատիվն իր մեջ ավելի մեծ դեր է ունեցել, քան սեփական պետության պահպանման բնազդը, պատրվակներ է փնտրում կամ մեղավորներ կարգում, փոխանակ ընդունի սեփական մեղքի բաժինը։ Այն ամենը, ինչ արվում է իշխանության կողմից, ունի ընդամենը մեկ նպատակ՝ մնալ իշխանության, պահել այն, ուրիշ որևէ իմաստ և պատճառ չկա։ Կան ամենօրյա քայլեր, բայց դրանք իրենց տակ որպես նպատակ չունեն Հայաստանն ու Արցախը, մեր ազգային ու պետական շահը։ Եթե սրանց մի կողմ դնենք, հարկ կա հասկանալու՝ ի՞նչ ունենք, քանի որ մյուս կողմից մեծ աղմուկ, շփոթ ու մանիպուլյացիաներ կան»,- ասաց վերլուծաբանը:
«Հնարավո՞ր էր արդյոք բոլորի հետ հարաբերությունները փչանային ոչ մեր կամքով։ Եթե դա լիներ մեկ ուղղությամբ, կարող էինք այդպես ենթադրել, բայց եթե դա ձեռագիր է անխտիր բոլոր ուղղություններով, այստեղ մտածելու բան կա։ Պետք է հասկանալ՝ ինչպե՞ս բերին և հասցրին այսօրվան։ Այդքան հե՞շտ է Հայաստանի նման երկրի պարագայում արտաքին քաղաքական վեկտորը փոխել և չենթարկվել ռիսկերի, ավելին՝ պետականությունը չկանգնեցնել գոյության սպառնալիքի առաջ։ Եթե դա այդքան հեշտ է, ի՞նչ է կատարվում Ուկրաինայում, ի՞նչ էր կատարվում Վրաստանում։ Պատկերացնո՞ւմ ենք Հայաստանի և Ուկրաինայի տարածքի, ռեսուրսների, ժողովրդագրության համեմատությունը, և մեր երկիրն այդ կետին հասցնելու պարագայում ի՞նչ կմնա Հայաստանից։ Եթե այդ հարցը դրված է մեկ անձի կամքի և ճաշակի վրա, ինչո՞ւ է այսօր այս ամենը տեղի ունենում։ Ինչ-որ մեկը երդվել է, որ այս ամենը չի՞ կարող վերաբերել Հայաստանին։ Սա որևէ կերպ կապ ունի՞ պրագմատիկ քաղաքականության հետ»,- նշեց Բեքարյանը:
ԱԺ նախկին պատգամավորի պնդմամբ՝ եթե անգամ այս իշխանությունը մոլորության մեջ է, գործողությունների արդյունքը նույնն է, հետևաբար՝ նրանց արդարացում չկա. «Պետք է թողնել ավելի լավ ժամանակների՝ հասկանալու՝ արդյո՞ք սա մոլորություն է, թե՞ ոչ, դրա համար կա գործիքակազմ, այդ թվում՝ իրավական։ Անգամ մոլորությամբ սեփական պետությունն ու հանրությանը բերել-հասցնել այս վիճակին աններելի է։ ՌԴ քայլերը ևս որևէ կերպ բնականի, ընկալելիի ներքո դիտարկել հնարավոր չէ։ Առաջին խնդիրը բարոյական հարթությունում է, և եթե ասում են՝ ինչպես ՀՀ իշխանությունն է իրեն պահել, այդպես էլ հակադարձենք, դա հիշեցնում է դեռահասների միջև հաշիվ մաքրելու գործընթաց, ոչ թե պետական քաղաքականություն ու դարավոր բարեկամության։ Հինգ տարին պատմության համար ակնթարթ է, և եթե ռուսական կողմը հենվում է դրա վրա, նորմալ չէ։ Իրավական հարթությունում կան ստորագրված պարտավորություններ, որոնք անկախ ամեն ինչից՝ պիտի կատարվեն։ Հրդեհի ահազանգի դեպքում հրշեջը չի մտածում՝ վառվող տան անդամներին սիրո՞ւմ է, թե՞ ոչ։ Պարտավորությունները ենթակա են կատարման՝ անկախ այս իշխանության կեցվածքից, որոնք էլ հենց հասցրել են այսօրվան»,-ասաց վերլուծաբանը:
«Մենք մի իրավիճակում ենք, երբ մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները թղթի վրա կան, բայց փաստացի՝ ոչ։ Այս կողմն, այո՛, քանդել է, տապալել է, բայց միայն այդ հանգամանքով անհնար է բացատրել այս ամենը։ Մենք ունենք իրավապայմանագրային դաշտ, բայց փաստացի ոչինչ չկա։ Հայտնի չէ՝ ՌԴ-ի առջև ի՞նչ խնդիրներ են դրվում, ինչքանո՞վ են դրանք անկեղծ և համապատասխան մեր օրակարգին։ Իսկ Արևմուտքը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ երբևէ շտապողականություն չի ցուցաբերում՝ սկսած ուկրաինական ճգնաժամից։ Ցավոք, մեզ համար ինքնաոչնչացման կոճակը սեղմված է, և սրանց համար ոչ թե Արցախը, այլ բոլորս ենք բեռ»,- ամփոփեց Կարեն Բեքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: