Միրզոյանը կես ժամ ուշացել է Սամարղանդում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների հավաքից, հետո ասել, որ քնած է մնացել
Պարզվում է՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր գրեթե կես ժամ ուշացումով է ժամանել Սամարղանդում ընթացող ԱՊՀ արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովին, հետո ներս է մտել ու ասել, որ քնած է մնացել։ Այս մասին 168.am-ին հայտնում են մեր հավաստի աղբյուրները։
Ըստ մեր զրուցակցի, Միրզոյանի պահվածքը դարձել է միջոցառման կուլուարներում ընթացող թիվ մեկ թեման։
«Նախ ուշացավ արարողակարգային լուսանկարահանումից շուրջ կես ժամ, հետո մտավ բանակցությունների սենյակ ու ասաց, թե քնած է մնացել՝ ներողություն խնդրելով։ Իր պատճառով ամբողջ միջոցառման գրաֆիկը հետ ընկավ, բանակցությունները չէին սկսվում»,-նշեց մեր զրուցակիցը։
Զավեշտալին այն է, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ելույթ ունենալով ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, ապա պատասխանելով լրագրողների հարցերին՝ տեղեկացրել էր, որ ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը հանդիպելու են այսօր։
«Ես չգիտեմ՝ դուք գիտե՞ք, թե՞ ոչ, բայց մեր արտաքին գործերի նախարարները պետք է այսօր հանդիպեն»,- խրոխտ կերպով հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ ՍանկտՊետերբուրգում պատասխանելով ադրբեջանցի իր գործընկերոջը։
Հետագայում, իհարկե, պարզվել է, որ Բայրամովն առհասարակ նույնիսկ Սամարղանդ չի մեկնել, նրա տեղակալն է այնտեղ եղել:
Ինչևէ, Արարատ Միրզոյանն այսօր՝ ապրիլի 14-ին, առանձնազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։