Իտալիայում արտակարգ դրություն է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով
Իտալիայի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել միգրանտների մեծ հոսքի պատճառով։ Երկրի առավել տուժած հարավային շրջանները 5 միլիոն եվրոյի չափով օգնություն կստանան: Այս տեղեկատվությունը հաստատել են վարչապետ Ջորջա Մելոնիի գրասենյակում:
Այդ միջոցները կօգտագործվեն նաև փախստականների ընդունման նոր կենտրոններ բացելու համար: Արտակարգ դրության ռեժիմի գործողության ժամանակաշրջանում նման կենտրոնների բացումն ավելի հեշտ կլինի, միևնույն ժամանակ կպարզեցվի նաև անօրինական միգրանտների արտաքսման ընթացակարգը։
Սակայն Իտալիայի քաղաքացիական պաշտպանության և ծովային քաղաքականության նախարար Նելլո Մուզումեչին արդեն հայտարարել է, որ ձեռնարկված միջոցները բավարար չեն։ Նա «պատասխանատու միջամտության» կոչ է արել Եվրամիությանը՝ երկրում միգրացիոն ճգնաժամը լուծելու համար։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ տարեսկզբից Իտալիա է ժամանել արդեն ավելի քան 31 հազար անօրինական միգրանտ։ Անցյալ տարվա այդ նույն ժամանակաշրջանում նրանց թիվը կազմել է մոտավորապես 7900: Փախստականները փորձում են Թունիսից և Լիբիայից Միջերկրական ծովով անցնել հարավային Իտալիա և Մալթա, այդ թվում՝ դրա համար ոչ համապատասխան նավերով, ինչի հետևանքով նրանց զգալի մասը զոհվում է։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին փետրվարին հայտարարել էր, որ իր կառավարությունը լի է անօրինական միգրացիան դադարեցնելու վճռականությամբ` հետագա աղետներից խուսափելու համար։