ԵՄ որոշ երկրներ համաձայն են Մակրոնի հետ այն հարցում, որ հարկավոր է ավելի անկախ լինել ԱՄՆ-ից. Շառլ Միշել

Եվրամիության (ԵՄ) որոշ երկրների ղեկավարներ աջակցում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այն հարցում, որ ԵՄ-ն պետք է ավելի ինքնուրույն և անկախ լինի ԱՄՆ-ից։ Այս մասին ապրիլի 11-ին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ֆրանսիական La Faute a l’Europe հեռուստաշոուի ժամանակ։

«Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հարցում Եվրոպական խորհրդում կարող են լինել նրբերանգներ և զգայուն պահեր։ Որոշ եվրոպացի ղեկավարներ ամեն ինչ չէին ասի այնպես, ինչպես ասաց Էմանուել Մակրոնը, բայց կարծում եմ, որ ոմանք իսկապես մտածում են նույն կերպ, ինչպես և Էմանուել Մակրոնը», – մեջբերում է թերթը Միշելի խոսքը։

Ընդ որում, Միշելը նշել է, որ ԵՄ-ն «կուրորեն չի հետևում» ԱՄՆ-ին բոլոր հարցերում։

Ապրիլի 9-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստան կատարած այցի (ապրիլի 5-7) արդյունքների շուրջ Les Echos թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպան պետք է նվազեցնի իր կախվածությունը ԱՄՆ-ից և խուսափի Թայվանի առիթով Վաշինգտոնի և Պեկինի միջև հակամարտության մեջ ներքաշվելուց։ Ֆրանսիայի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Եվրոպան ամենից առաջ պետք է հետամուտ լինի սեփական շահերին, այլ ոչ թե «հարմարվի աշխարհի այլ մասերում առկա օրակարգին»։ Նա խոստովանել է, որ Եվրոպան վերջին տարիներին սկսել է ավելի մեծ կախվածություն ունենալ ԱՄՆ-ից, սակայն կարծիք է հայտնել, որ ԵՄ-ում հաղթել են մայրցամաքի ռազմավարական ինքնավարության մեծացման համար մղվող «գաղափարական ճակատամարտը»։ Այս կապակցությամբ Ֆրանսիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ Եվրոպան պետք է ուժեղացնի այդ ինքնավարությունը և կախված չլինի դոլարից:

Տեսանյութեր

Լրահոս