Ինդիանայի վերամշակման գործարանում բռնկված հրդեհի պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
ԱՄՆ Ինդիանա նահանգի Ռիչմոնդ քաղաքի վերամշակման գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի պատճառով 2000 մարդու տարհանման հրաման է տրվել: Ըստ իշխանությունների՝ կրակը դեռ մի քանի օր հնարավոր չի լինի մարել:
Ինդանա նահանգի հրշեջ ծառայության ղեկավար Սթիվ Ջոնսը հայտնել է, որ գործարանում այրվող առարկաների թվում կա նաև պլաստիկ, և հրդեհի ծուխը «միանշանակ թունավոր է»:
Իշխանությունները տարհանման հրաման են տվել հրդեհից շուրջ 1 կմ շառավղով հեռավորության վրա ապրող բնակիչներին, սակայն այդ հրահանգը կարող է փոխվել՝ կախված քամու ուղղության փոփոխությունից:
Բնակիչներին նաև հորդորել են իրենց այգիներում հրդեհից բեկորներ հայտնաբերելու դեպքում դրանց ձեռք չտալ, քանի որ հայտնի չէ, թե ինչ քիմիական նյութեր կարող են պարունակել այդ բեկորները:
Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը և Ինդիանայի բնապահպանական վարչությունը գնահատում են հրդեհից հնարավոր վնասները:
CNN-ը նշում է, որ կրակը տարածվել է գործարանի մի քանի շենքերի վրա: Հրշեջները չեն կարողանում մոտենալ տարածքին: Հրդեհի բռնկման պատճառն առայժմ հայտնի չէ: