Անցել են ժամանակները, երբ կարողանում էինք Թուրքիայի հետ խոսել առանց նախապայմանների հարաբերություններ մեկնարկելու մասին. թուրքագետ
Հայ-թուրքական առանց նախապայմանների հարաբերությունների մասին պնդումներին հակառակ՝ թուրքական կողմից շարունակում են հնչել նախապայմաններ. օրինակ, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանները կբացի՝ հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի։
Այս ամենին զուգահեռ՝ Թուրքիան առիթը բաց չի թողնում հանդես գալ Հայոց ցեղասպանության ժխտողականության թեզերով: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, օրերս խոսելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին, նշել էր. «Մենք կրկնում ենք մեր կոչն այս հարցի վերաբերյալ։ Հայաստանը, ինչպես և Թուրքիան, պետք է բացի իր արխիվները միջազգային պատմաբանների համար, համակերպվի արդյունքների հետ և չանհանգստանա այս առիթով։ Սակայն այս առաջարկի պատասխանն առայժմ չի եղել»:
«Անցել են ժամանակները, երբ մենք կարողանում էինք Թուրքիայի հետ խոսել առանց նախապայմանների հարաբերություններով գործընթաց մեկնարկելու մասին: Թուրքիան այսօր նախապայմաններից բացի՝ նույնիսկ հրահանգներ է տալիս, իսկ ՀՀ գործող իշխանությունները կատարում ենք դրանք,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների համատեքստին՝ նկատեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, ապա պարզաբանեց,- Արդեն ոչ թե պետություն-պետություն են խոսում, այլ՝ պետություն-անձ հրահանգներ են տրվում, և այդ պատճառով էլ Հայաստանի հանդեպ փոխվել է Թուրքիայի խոսույթը. երկու կողմերը հարաբերվում են՝ ինչպես տերն ու ստրուկը»:
Թուրքագետը ցավով արձանագրեց, որ այսօր ի չիք է դարձել Հայաստանի նախկին իշխանությունների և Սփյուռքի երկար տարիների աշխատանքը պահանջատիրության առումով:
Նա նշեց նաև, որ Հայաստանի նկատմամբ քաղաքականության փոփոխություն չպետք է սպասել Թուրքիայում նախագահական ընտրություններից:
«Թուրքիայի նման պետության համար ոչ մի նշանակություն չունի՝ ով է գալիս, ով է գնում, որովհետև Թուրքիան խորքային քաղաքականություն ունեցող պետություն է, և իր հազարամյա ծրագիրն ունի, որով էլ առաջ է գնում:
Ու եթե անգամ Էրդողանը գնա, ինչը հավանական չեմ համարում, և գա, օրինակ, Ժողովրդա-հանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ոչ մի բան էլ չի փոխվելու. ընդհակառակը՝ կարող է շատ ավելի վատ լինի: Բոլոր այն հայերը, որոնք միամտորեն կարծում են, թե Քըլըչդարօղլու՝ մոր կողմից հայ լինելու հանգամանքը կարող է նպաստել քաղաքականության ինչ-ինչ փոփոխության, թող իմանան՝ կարող է ավելի վատ լինի»,- հավելեց Տիրան Լոքմագյոզյանը: