Հարկային արտոնություններ՝ հարկերը լավ թաքցնելու համար
Սամվել Ալեքսանյանը նախկինից եկած այն հայտնի գործարարներից է, ով հաջողությամբ համագործակցում է այս իշխանությունների հետ։ Այդ համագործակցության արդյունքում էլ նախկին «թալանչուց» նա շատ արագ վերածվեց իշխանությունների բարեհաճությունն ու հովանավորությունը վայելող «արդար ու պարկեշտ» գործարարի՝ ավելի ընդլայնելով իր բիզնես գործունեության դաշտը։
Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր բյուջեի փողերը գողանալու մեջ, իշխանափոխությունից հետո հանկարծ չափից դուրս առատաձեռն դարձավ նրա նկատմամբ։ Փաշինյանը ոչ միայն դադարեց մեղադրել Ալեքսանյանին բյուջեն թալանելու մեջ, այլև բյուջեի հաշվին պարբերաբար հարկային ու մաքսային արտոնություններ է տրամադրում նրան պատկանող ընկերություններին, հետաձգում է պարտավորությունները, ազատում է հարկերի վճարումից, թեթևացնում է ֆինանսական բեռը, տալիս մրցակցային առավելություններ մյուսների նկատմամբ։
Այնինչ՝ իշխանափոխությունից հետո էլ, դատելով Քննչական կոմիտեի վերջին հայտարարությունից, Սամվել Ալեքսանյանը շարունակում է թալանել բյուջեն, թաքցնում է հարկային իրական պարտավորությունները, խուսափում է դրանք ամբողջությամբ վճարելուց, կեղծում է շրջանառությունները։
Բայց արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանն այլևս նրան գող ու ավազակ չի ասում, չի ասում, որ նա թալանում է բյուջեն, գողանում է թոշակառուի ու զինվորի փողը։
Հիմա արդեն Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի համար նախկին թալանչին չէ։ Թեև մի կողմից՝ արտոնություն է ստանում, մյուս կողմից՝ թաքցնում է բյուջեի փողերը։
Վերջին տարիներին կառավարությունը բազմիցս արտոնություններ է տվել Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններին։
Կառավարության առատաձեռնությունից առավել հաճախ օգտվել է գործարարին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը։
Բոլորովին վերջերս էլ այն հերթական հարկային արտոնությունը ստացավ՝ ազատվելով ներմուծման մաքսատուրքից։ Խոսքն ավելի քան 3,2 մլրդ դրամի մասին է։ Ընկերությունն այդքան գումար չի վճարելու հումքի ներմուծման դիմաց։
Թվում է, թե Սամվել Ալեքսանյանը վճարելու խնդիր չպիտի ունենար։ Բայց ամեն անգամ օգտվում է այդ հնարավորությունից։ Ու մինչ կառավարությունն առատորեն արտոնություններ է տրամադրում այս ընկերությանը, պարզվում է, որ այն տարիներ շարունակ խաբել է պետությանը, թաքցրել է շրջանառություններն ու գոյացող հարկերը, հանցագործ սխեմաներ է կիրառել։
Կարճ ասած՝ գողացել է պետության փողերը։ Քննչական կոմիտեն էլ հայտնաբերել է ու պատրաստվում է պատժել։
Այս ամենի մեջ արտառող ոչինչ հավանաբար չէր լինի, հատկապես որ, հազիվ թե որևէ մեկը կարող է կասկածել, որ Սամվել Ալեքսանյանն այլևս հարկերը չի թաքցնում, եթե չպարզվեր, որ դեպքը բացահայտվել է «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ քննվող գործի շրջանակներում։ Այն նույն «Նոր Զովքի», որի շուրջ առաջացած աղմուկը կապվում էր Սամվել Ալեքսանյանի հետ։
Հիշեցնենք, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում Քննչական կոմիտեն ու ՊԵԿ-ը վերջերս 4,1 մլրդ դրամի հարկեր թացնելու վերաբերյալ «բացահայտում» էին արել։
Շատերը դրանում Սամվել Ալեքսանյանի հետքն էին տեսնում։ Համոզված էին, որ «Նոր Զովքին» խեղճացնում են Սամվել Ալեքսանյանի Սիթի-ների համար, որովհետև «Նոր Զովքում» գներն ավելի մատչելի են, քան Սիթի-ներում, ու վերջիններս աստիճանաբար կորցնում են շուկան։ Սպառողները նախընտրում են օգտվել ոչ թե Սիթի-ներից, այլ «Նոր Զովքից»։
Իշխանությունները, բնականաբար, չէին կարող ասել, որ այդպես էլ կա։ Ու հավանաբար, որպեսզի ցույց տային, թե «Նոր Զովքին» Սամվել Ալեքսանյանի համար չէին նեղում, և տարածված խոսակցություններն անհիմն են, հենց այդ գործի շրջանակներում չարաշահումներ են բացահայտել նաև նրան պատկանող ընկերություններից մեկում. ոչ թե Սիթի-ներում, այլ «Ալեքս Տեքստիլում»։
««Նոր Զովք» ՍՊ ընկերության վերաբերյալ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տրիկոտաժե արտադրատեսակների արտադրությամբ և դրա վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերության կողմից արտադրված և մատակարարված ապրանքների ծավալները, վաճառքից առաջացած եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու համար նշված ընկերության տնօրեն Մ. Մ.-ն ՍՊԸ-ի արտադրամասի պետ Ա. Հ.-ի օժանդակությամբ ներգրավել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «ԱԿԹՐԵՅԴ-ՍՈՖԹ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Վ. Ս.-ին։ Վերջինս վճարի դիմաց «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ում ներդրել է «1C» առևտրային ծրագիրը, որը համակցել է էլեկտրոնային սերվերային համակարգին և սերվերային համակարգն ու դրա պարունակած՝ «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ի և այլ կազմակերպությունների իրական շրջանառությունների վերաբերյալ տվյալները թաքցրել իր հաշվառման հասցեի նկուղում։
Հարկ է նշել, որ նույն սերվերային համակարգից հայտնաբերվել են նաև «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տեղեկությունները»,- օրերս այսպիսի հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն։ Չնայած հաղորդագրությունը վերաբերում էր «Ալեքս Տեքստիլին», տպավորություն էր, որ այն հատուկ գրել են «Նոր Զովքի» անունը շեշտելու համար։
Ինչևէ, ըստ այդ հաղորդագրության, հայտնի սխեմաների կիրառմամբ, «Ալեքս Տեքստիլը» թաքցրել է առանձնապես խոշոր չափերով ավելացված արժեքի հարկ և շահութահարկ, որոնք տույժերով հանդերձ՝ կազմել են ավելի քան 1,1 մլրդ դրամ։
«Ալեքս Տեքստիլ» ՍՊ ընկերության կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկային փաստաթղթերով ցույց է տրվել ավելի քիչ շրջանառություն և 2019թ. սեպտեմբերից մինչև 2023թ. փետրվար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, 2019-2021 թվականների շահութահարկի տարեկան հաշվարկներում մտցվել են խեղաթյուրված տվյալներ։
Պատասխանատուներն իրենց մեղավոր են ճանաչել և թաքցրած հարկային պարտավորությունների ամբողջ գումարը փոխանցել են Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։
Պատասխանատուների մեջ, բնականաբար, Սամվել Ալեքսանյանի անունը չկա։ Բայց պարզ է, որ առանց նրա, հազիվ թե որևէ մեկը կարող էր համարձակվել նման բան անել։
Խնդիրը, սակայն, միայն դա չէ. եթե «Ալեքս Տեքստիլում» նման սխեմաներ են կիրառել ու թաքցրել հարկերը, կարո՞ղ էին նաև այլ տեղերում, այդ թվում՝ նաև Սիթի-ներում անել։ Հատկապես որ, Սիթի-ների շրջանառությունները շատ ավելի մեծ են, մեծ են նաև թաքցնելու հետ կապված հետաքրքրությունները։
Բայց առայժմ Քննչական կոմիտեն ու ՊԵԿ-ը բավարարվել են Սամվել Ալեքսանյանին պատկանող համեմատաբար ավելի համեստ շրջանառություններ ունեցող «Ալեքս Տեքստիլով»՝ հավանաբար հասարակությանն ինչ-որ բան ցույց տալու համար։ Իսկ խոշորները մնացել են ստվերում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ