2 ամիս անց այդ տոմետներն արդեն փշրվել էին. Քաղաքացին պահանջում է, որ կապալառուն նորը բերի
«Գայի արձանի հարակից տարածքում շինբարեկարգման աշխատանքներ են արել, և քաղաքացին, ով շինարար է, պնդում է, որ թերի աշխատանք է արված»,- պնդում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանը:
Շինարարն Արթուր Չախոյանն է, Նորք Նորք վարչական շրջանի բնակիչ, պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչու է որոշել Նոր Նորքի Գայի արձանին հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների որակը ուսումնասիրել, ասաց. «Երբ բարեկարգման աշխատանքներ կատարվեցին, օգտագործվող նյութերը՝ տոմետները (բետոնե սալիկներ,- Ա.Կ.), մեկ ամիս հետո քանդվեցին, փշրվեցին: Դրանից հետո մտածեցի, որ եթե այդքան անորակ աշխատանք են արել, ուրեմն մի բան այն չէ: Դիմում գրեցի Քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել Գայի արձանի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների նախագիծը, պայմանագիրը: Տրամադրեցին: Ըստ այդ փաստաթղթերի, մակերեսը չափել էի, տեսել, որ անհամապատասխանություն կա ծավալների մեջ: Գրված է 1950 քմ, բայց այդքան չի կազմում: Կապալառուն, ըստ պայմանագրի, պարտավորություն է կրում՝ տոմետը փոխարինել նորով և որակյալով, և այդ մասին պայմանագրում հստակ կետեր կան նշված: Կապալառուն շինաշխատանքները կատարում է իր նյութերով, որի համար կրում է պատասխանատվություն, այլ ոչ թե՝ վարչական շրջանը»:
Քաղաքացին ընդգծեց, որ պայմանագրում նշված է, որ կապալառուի նյութերը պետք է լինեն այն որակով, որ ծառայեն 10 տարի:
«Բայց 2 ամիս անց այդ տոմետներն արդեն փշրվել էին: Իմ պահանջն այն է, որ ըստ պայմանագրի կետերի՝ կապալառուն գա, փոխի, նոր և որակյալ տոմետ տեղադրվի: Թե հիմա ինչո՞ւ են էժան առել՝ դա իրենց խնդիրն է: Կապալառուն պարտավոր է կատարել որակյալ աշխատանք՝ որակյալ նյութերով»,- նշեց Արթուր Չախոյանը:
Ի դեպ, խնդրի մասին Նորք Նորքի բնակիչը բարձրաձայնել է ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով և դիմելով Երևանի փոխքաղաքապետին՝ գրել էր՝ «Պարոն Tigran Avinyan/Տիգրան Ավինյան Դուք վեճը պարտվեցիք: Դուք սխալ էիք, մենք՝ ճիշտ»: Կապալառուի հետ տեղում չափումներ անելուց հետո պարզվել է, որ քաղաքացին իսկապես ճիշտ էր, և նրա պնդմամբ Նոր Նորք վարչական շրջանի Գայի արձանի հարակից տարածքի բարեկարգման ընթացքում կատարվել է 24 մլն դրամ պետական միջոցների վատնում, ինչի մասին իր փաստարկները Չախոյանը ներկայացրել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին, ինչից հետո հանդիպման մասին որոշ մանրամասներ հանրայնացրել է ֆեյսբուքյան իր էջում: